HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Քաղաքագետ. «Եթե լինի չնչին տեղաշարժ, ապա թող դա լինի մեր առաջ տեղաշարժը դիրքերում»

 Հարցազրույց քաղաքագետ Անուշ Սեդրակյանի հետ

-Տիկին Սեդրակյան, վերջին շրջանում նկատելի է, որ հայկական դիվանագիտությունը բավականին ակտիվ է եւ արագ արձագանքում է թուրք-ադրբեջանական տանդեմի հայտարարություններին ու կոչերին: Օրինակ կարելի է բերել Ադրբեջանի կողմից Մեծամորի աէկին իբրեւ թե հարվածելու եւ Թուրքիայի կողմից Ադրբեջանին անվերապահ աջակցելու դրվագները: Ինչո՞վ եք պայմանավորում ՀՀ ԱԳՆ-ի այս ակտիվ-հարձակողական գործելաոճը: Նախկինում նման բան կարծես չենք տեսել:

-Առաջինը տեղական սպեցիֆիկ գործոնն է. Հայաստանն ավելի մեծ ինքնուրույնություն է ձեռք բերել, ժողովրդավարությունն ավելի լեգիտիմ է, հասարակությունն ավելի պահանջատեր է: Բայց ինձ համար մի մտահոգիչ գործոն կա, որը կուզենայի շեշտել: Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները կրկին լարված են, մենք դա տեսնում ենք: Չէի ուզենա մտածել, որ հերթական անգամ Հայաստանն աշխատելու է Ռուսաստան-Թուրքիա բուֆերային խամաճիկ ստրուկտուրայի մեջ: Մենք հասկանում ենք, որ Ռուսաստանն ու Թուրքիան հարաբերությունները պարբերաբար լարում եւ ջերմացնում են, ու Հայաստանն, իհարկե, այստեղ պետք է ճկուն լինի, բայց անվերապահ որեւէ մեկի դիրքը չընդունի: Պրոպագանդայի տեսանկյունից լրատվամիջոցներն անընդհատ նշում են, որ Ադրբեջանն ու Թուրքիան նույնն են, բայց մենք պետք է հասկանանք, որ ինչ ուզում է լինի, նրանք նույնը չեն: Մենք ունենք հիմնական մարտահրավեր՝ Ադրբեջանի հարեւանությունը Հայաստանին, եւ երկրորդական մարտահրավեր՝ Թուրքիայի գործոնը: Եվ եթե հանկարծ Ռուսաստանի համար Թուրքիայի գործոնը դառնա առաջնային, այնպես չլինի, որ մենք էլ գնանք այդ ճանապարհով:    

Գտնում եմ, որ մեր դիվանագիտությունը իսկապես շատ պրոակտիվ ու նախաձեռնող է, բայց կարելի է ավելի ընդլայնել այդ գործընթացը, որպեսզի ունենանք նաեւ լավ արդյունք մեդիապատերազմում, որովհետեւ մեր բանակն իր գործառույթը փայլուն կատարում է, ու հիմա մեդիապատերազմում հաղթողը, կարելի է ասել, հաղթում է պատերազմի կեսից ավելին: Լավ կլինի, որ ԱԳՆ-ն ոչ միայն հայտարարություններով հանդես գա, այլեւ համակարգի այդ մեդիապատերազմը:

-Հուլիսյան սրացման ժամանակ արդյոք մեր դիվանագիտության արտաքին ակտիվ աշխատանքն էր պատճառը, որ Ալիեւը հրապարակավ դժգոհեց իր երկարամյա արտգործնախարար Մամեդյարովից ու ազատեց նրան պաշտոնից: Մամեդյարովն իսկապե՞ս «պասիվացել» էր մեր դիվանագետների ֆոնին, թե՞ այլ պատճառ կա:

-Քավության նոխազ գտնելը մանավանդ բռնապետական ռեժիմներում շատ կարճ եւ հեշտ գործընթաց է: Իմ կարծիքով՝ Մամեդյարովը հենց այդ քավության նոխազը դարձավ: Ինձ թվում է՝ պատճառն այն է, որ Ալիեւը թե՛ իր ներքին բռնապետության, թե՛ արտաքին անհավասարակշիռ քայլերի հետեւանքով կորցրել է միջազգային հանրության աջակցությունը բոլոր պարամետրերով: Նրա հույսը եւ հավատը մնում է Ռուսաստանը, բայց ինչպես հասկանում ենք վերջին սրացումների ֆոնին, Ռուսաստանն էլ այդքան հակված չէ պաշտպանել Ադրբեջանի շահերը: Բայց սա քաղաքական բան է, թող հանկարծ երբեք հայերը դա չվերագրեն հայ-ռուսական «փայլուն» դիվանագիտական հարաբերություններին: Ռուսաստանը միշտ վարում է իր սեփական եւ շատ կոշտ ու եսասեր քաղաքականությունը. դե, երեւի նորմալ է:

Ալիեւը, տեսնելով, որ չի կարող բլիցկրիգի համար ո՛չ արտաքին ռեսուրս ստանալ, ո՛չ էլ սեփական հանրությունից ներքին ռեսուրս ստանալ, իր ամբողջ զայրույթը թափեց Մամեդյարովի գլխին՝ պատճառաբանելով դա դիվանագիտական պարտությամբ: Բայց դա արեւելյան խորամանկություն էր. դիվանագիտական պարտությունն առաջ գցելով՝ Ալիեւը չուզեց խոստովանել եւ չուզեց, որ իր հանրությունն իմանա, որ ինքը կրել է ռազմական պարտություն: Այսինքն՝ ռազմական պարտության ծանրությունը տեղափոխեց դիվանագիտական դաշտ, քանի որ այստեղ հաղթանակն ու պարտությունն ավելի անորսալի են եւ ավելի հեշտ մարսվող:

-Ալիեւի հայտարարությունը, թե «քանի դեռ ուշ չէ, ազատեք մեր տարածքները», ինչի՞ մասին է խոսում: Տավուշի ուղղությամբ ցավոտ կորուստներ կրելուց հետո սա մի տեսակ հուսահատ հոխորտա՞նք էր:

-Կարող է եւ հուսահատ հոխորտանք լինել: Կա ներքին լսարան, որի համար արվում են նման հայտարարությունները: Պարզ դարձավ, որ ադրբեջանական «անկոտրում» ոգին ոչ այլ ինչ է, քան հիստերիկ ճիչեր եւ ծիծաղելի ակցիաներ: Ալիեւի հայտարարությունը հուսաթափվող, հայրենասիրական նարատիվը կորցնող հանրույթին քաջալերելու փորձ է: Բայց երբեք չպետք է մոռանանք, որ մենք ստիպված ենք կողք-կողքի գոյատեւել այնպիսի հարեւանների հետ, որոնք ամենաանհավանական թվացող, ամենազարհուրելի եւ միջազգային նորմերը խախտող ցանկացած հայտարարություն ամեն վայրկյան կարող են դարձնել իրականություն: Վկա՝ Թուրքիայի քայլերը Կիպրոսում, Ադրբեջանի հարվածները Տավուշի ուղղությամբ. այդ մարդիկ ո՛չ միջազգային նորմ են ճանաչում, ո՛չ սահման, ո՛չ էլ հումանիտար ինչ-որ ստանդարտներ: Մենք պետք է սա միշտ մեր ուղեղում ունենանք: Պետք է հասկանանք, թե ում հետ գործ ունենք: Դրա համար, երբ հնչում են խաղաղասիրական կոչեր, ցանկալի է դրանք չափավորել, որովհետեւ այդ կոչերը նպատակահարմար են, երբ գործ ունես գոնե ինչ-որ ստանդարտ պահպանող հարեւանի հետ: Հասկանում ենք, որ Ադրբեջանն այդպիսին չէ, ինչն ակնհայտ է նաեւ միջազգային հանրության համար:

-Հաշվի առնելով Ադրբեջանի ագրեսիվ կեցվածքի շարունակականությունը, Թուրքիայի սադրիչ պահվածքը, Ադրբեջանում նոր արտգործնախարարի նշանակումը եւ կորոնավիրուսի համավարակը՝ մինչեւ տարեվերջ թեկուզ չնչին տեղաշարժ կամ նորություն կարելի՞ է ակնկալել բանակցային գործընթացում:

-Եթե լինի չնչին տեղաշարժ, ապա թող դա լինի մեր առաջ տեղաշարժը դիրքերում, որովհետեւ դիվանագիտական եւ ոչ դիվանագիտական բոլոր սադրանքների պատասխանը մեկն է՝ հաղթական գործողությունները մարտի դաշտում, որոնք եւ մեր փառավոր բանակը հաջողությամբ իրականացնում է, մեզ մնում է միայն օգնել: Ես իսրայելական դոկտրինի կողմնակից եմ. բոլոր ստրուկտուրաները՝ դիվանագիտական, քաղաքացիական, ժողովրդավարական, աշխատում են պետության անվտանգության համար: Մեր առաջնահերթ խնդիրը եւս, ցավոք, անվտանգությունն է:

-Մինչեւ տարեվերջ լայնամասշտաբ գործողությունների վերսկսում սպասու՞մ եք:

-Այո, սպասում եմ մի պարզ պատճառով. կորոնավիրուսն ունի իր բացասական ազդեցությունը հանրության վրա: Վերջինս, պայքարելով սեփական գոյության համար, մոռանում է ուրիշների իրավունքների, այդ թվում՝ սահմանների ոտնահարման մասին: Դրա համար մենք պետք է պատրաստ լինենք եւ հույսներս դնենք մեզ վրա:

-Գործողությունների վերսկսումն ակնկալում եք կրկին ՀՀ-Ադրբեջանին սահմանի՞ն, թե՞ արդեն նաեւ ղարաբաղյան ճակատում:

-Կարծում եմ, որ դրանք կարող են տեղի ունենալ զուգահեռաբար: Մեր խնդիրը պատրաստ լինելն է, բայց դրանից առաջ պետք է միջազգային հանրությանը դիվանագիտորեն տեղեկացնել, որ մենք սպասում ենք նման սադրանքների:      

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter