Ճիտին պարտքը
Էջմիածնեցի Ծաղկանուշ Մելքոնյանն ու նրա 2-րդ կարգի հաշմանդամ որդին զրկվել էին էլեկտրաէներգիա օգտագործելու հնարավորությունից: Ծերության ու հաշմանդամության թոշակներով հազիվ ապրող ընտանիքն ի վիճակի չէ մարել 27 հազար դրամ էլեկտրաէներգիայի պարտքը, որը տիկին Ծաղկանուշի ասելով' իրենցը չէ: «Իմ միացրածը երկու կետ է ընդամենը' լույսը եւ հեռուստացույցը: Այդ երկու կետից 27 000-ն ինչպե՞ս գոյացավ: Ո՞ր օրենքով ես պետք է վճարեմ մի ապրանքի դիմաց, որը չեմ գնել»,-ասում է տիկինԾաղկանուշը:
Էլեկտրացանցի աշխատակիցներն էլ հարցը կտրուկ են դրել. կամ մուծում ես, կամ' հոսանքազրկում ենք բնակարանդ: Գործի էր դրվել երկրորդ տարբերակը:
1995թ.-ից Ծաղկանուշն ուն իր տղան բնակվում են Աթարբեկյան 101 հասցեում գտնվող հանրակացարանի մի փոքրիկ սենյակում:
«95թ-ին, երբ ամուսինս մահացավ, 1500 դոլար տոկոսից ու հիվանդ երեխայից բացի' ոչինչ չթողեց ինձ: Տոկոսը մարելու համար սկսեցի տան իրերը, կահ-կարասին վաճառել: Չբավարարեց: Ստիպված վաճառեցի նաեւ բնակարանը եւ մնացինք անտուն: Քաղաքապետարանից միջնորդեցին' մեզ տեղավորեցին հանրակացարանում, որտեղ էլ ապրում ենք մինչեւ հիմա: Երկու ձեռք անկողնուց բացի' ոչինչ չունեինք: Անկողինները գցում էինք հատակին ու քնում: Հետո, մի քանի բան բարեկամուհիս տվեց ու հիմա' փառք Աստծո, ոչ թե գետնին, այլ' մահճակալին ենք քնում»,-պատմում է Ծաղկանուշ Մելքոնյանը:
Երկու մահճակալ, մի թախտ, մի սեղան, փոքրիկ հեռուստացույց ու սենյակի կենտրոնում' փայտի վառարան. ահա այն ամենը, որով կահավորված է Ծաղկանուշ Մելքոնյանի փոքրիկ կացարանը:
«Բնակարանս հոսանքազրկելու եւ չգիտեմ' ում կողմից չարաշահած հոսանքի գոյացած պարտքի համար որտեղ հնարավոր է դիմել եմ: Ես ինչի՞ տեր եմ, որ հիվանդ երեխայիս բերանից կտրեմ' տամ էլեկտրիկներին»,-հարցնում Է տիկին Ծաղկանուշը:
Արդարության փնտրտուքի երկար ճանապարհ է անցել տիկին Ծաղկանուշը' դիմելով նախագահի աշխատակազմին, Ազգային ժողով, Կառավարություն: Նախագահի նստավայրից Էջմիածնի քաղաքապետարանի ուշադրությունը հրավիրել են այս խնդրին, իսկ քաղաքապետարանն էլ հարցի կարգավորման գործն ուղղել է էլցանցի ղեկավարությանը:
«Ես էլեկտրիկներին ասում եմ, որ երբ ոչինչ միացրած չէ, հաշվիչս աշխատում է:-Չի կարող պատահի,- ասում են: Վկայակոչում եմ հարեւաններիս, որոնք տեսել են, թե ինչպես է հաշվիչի ցուցիչը պտտվում, երբ բոլոր կետերն անջատված են: Հարեւաններիս հավաստումից հետո իրենք էլ փորձեցին ու տեսան, որ իրոք' հաշվիչն աշխատում է: Դրանից հետո ինձ հավատացին, բայց' օգո՞ւտն ինչ...27000 դրամն էլի մնաց իմ վրա»,-շարունակում է Ծաղկանուշ Մելքոնյանը:
Խնդրին իր մեկնաբանությունն ունի ՀԷՑ «Մուսալեռ» մասնաճյուղի տնօրեն Երվանդ Հարությունյանը.«Տիկնոջ դիմում-բողոքներից հետո հանձնաժողով եկավ, հաշվիչը նայեց, կասկածելի ոչինչ չգտավ, բայց, ամեն դեպքում' առաջարկեց փոխել այն: Տիկին Ծաղկանուշը չհամաձայնվեց: Նրա ուզածն այն է, որ զիջվի այդ 27000-ը: Լավ, ասենք' այդ գումարն իմ գրպանից դնեմ' հարցը փակեմ: Կարծում եք' դրանով կվերջանա՞: Հավատացեք, նախադեպ կդառնա հանրակացարանի մյուս բնակիչների համար' արդյունքում, ամեն օր նմանատիպ խնդրանքով դիմումներ կստանամ»,- իր մտավախությունը կիսեց էլցանցի տնօրենը' հավելելով նաեւ, որ Ծաղկանուշ Մելքոնյանի բնակարանի հոսանքամատակարարումն արդեն վերականգնված Է:
«Թող չկարծեն, թե լավություն են արել.դրա համար ես 3000 դրամ մուծել եմ: Երեխայիս դեղի ու հացի փողից եմ կտրել: Իմ ու տղայիս թոշակներն ընդհանուր 12 հազար դրամ է, իսկ ամսական ծախսերս դրանից երկու անգամ ավել, ասացեք խնդրեմ' ինչպե՞ս տեղավորվեմ դրա մեջ, դեռ մի բան էլ' ամսե-ամիս վճարեմ չօգտագործած հոսանքի դիմաց»,-մտահոգվում է տիկին Ծաղկանուշը:
Ծաղկանուշ Մելքոնյանի դժգոհությանը միացավ նաեւ հարեւանուհին' Գայանե Բալյանը, ով իր չորս երեխաների հետ գրեթե նույն շարժառիթով հայտնվել է հանրակացարանում: Ի տարբերություն Ծաղկանուշի, Գայանեն երեք սենյակ է զբաղեցնում: Նրա ասելով' իրենց բնակարանի վրա էլ 92000 դրամ է հավելագրված:
«Գնացել եմ էլցանց, ապացուցել եմ, որ համակարգչի եւ հաշվիչի թվերն իրար չեն համապատասխանում: 49 հազար դրամը ջնջել եմ տվել, բայց 43 հազարը որպես պարտք մնացել է: Էլցանցում ասում են, որ ամսական 3-4 հազար դրամ մուծելով պարտքս թեթեւացնեմ,բայց եթե ես աշխատանք չունեմ, կողմնակի եկամուտ չունեմ, 3-4 հազար դրամն էլ ինձ համար մեծ գումար է' որտեղի՞ց մուծեմ եւ' ինչու՞, եթե այդ հոսանքը ես չեմ օգտագործել»,- դժգոհում է տիկին Գայանեն' ակնարկ ուղղելով էլցանցի աշխատակիցներին.«Հաշվիչները փակի տակ են, բանալիները' էլեկտրիկների ձեռքին...»:
«Ի՞նչ է ուզում ասել,- զարմանում է էլցանցի տնօրեն Հարությունյանը,- նախ' չեմ հասկանում' ինչ ասել է հավելագրում: Եթե թյուրիմացություն է եղել' հարթվել է, այլապես տիկինը չէր համաձայնվի ամսական 3000 կամ 4000 մուծել: Եւ հետո, այդ շենքի բնակիչները փախստականներ ու սոցիալապես խոցելի ընտանիքներ են: Կարծում եք, եթե էլեկտրիկը փող աշխատել ուզի' նրանցո՞վ դա կանի...»
Հայկուշ Ասլանյան
Լուս.` Անուշ Բաբաջանյանի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել