HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Սամվել Մարտիրոսյան. «Ադրբեջանը, հնարավոր է, հասանելիություն է ստացել 55 TB ծավալով պետական փաստաթղթերին»

Օգոստոսի 4-ին տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է, որ ադրբեջանական հաքերները, հնարավոր է, կարողացել են ներթափանցել ՀՀ կառավարական ներքին ցանց և տանել 55 տերաբայթ տեղեկատվություն։ 

«Հետք»-ի հետ հեռախոսազրույցում Սամվել Մարտիրոսյանը նշել է, որ այս պահի դրությամբ առկա է միայն տեղեկատվության արտահոսքի վերաբերյալ սքրինշոթը և հստակ հնարավոր չէ ասել, թե իրականում ադրբեջանցի հաքերները կարողացել են ստանալ այդ ամբողջ տեղեկատվությունը, թե՝ ոչ։ Եթե հաստատվի այս տեղեկատվությունը, ապա ստացվում է, որ ադրբեջանցի հաքերները հասանելիություն են ստացել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից օգտագործվող «Mulberry» համակարգին։ 

Սքրինշոթը հրապարակել է Reyncer 13 անունով գործող հաքերների ֆեյսբուքյան էջը, որին հասանելիությունը հայկական կողմից այս պահին հնարավոր չէ և էջին հասանելիություն կարելի է ստանալ միայն VPN-ի կիրառման միջոցով։

Ինչ վերաբերում է 55 տերաբայթ ծավալներին, ապա Մարտիրոսյանի կարծիքով այն միանգամայն հնարավոր թիվ է, եթե հաշվի առնենք ՀՀ պետական համակարգի ներքին ողջ փաստաթղթաշրջանառության այս տարիների ծավալները։ Մարտիրոսյանը նշում է, որ կիբերանվտանգության ապահովման մի մասի պատասխանատուն Ազգային անվտանգության ծառայությունն է և մեկնաբանությունները պետք է տա հենց այդ կառույցը։

ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Արթուր Գևորգյանը «Հետք»-ի հետ հեռախոսազրույցում նշել է, որ այս պահին տեղեկատվությունն ստուգման փուլում է և նոր տեղեկատվության դեպքում ԱԱԾ-ն հայտարարություն կտարածի։

Վերջին ամիսներին սա հայկական պետական կայքերի և էլեկտրոնային հարթակների ուղղությամբ ադրբեջանական հաքերների հարձակման առաջին փորձը չէ։ Նախ այս տարվա հունիսին ադրբեջանցի հաքերները հանրայնացրել էին COVID 19-ով հիվանդ շուրջ 3500 հիվանդների և կոնտակտավորների տվյալները։ Իսկ արդեն Տավուշում, հայ-ադրբեջանական սահմանին առկա լարվածության ֆոնին, հուլիսի 14-ին ադրբեջանական հաքերները կիբերհարձակում էին գործել gov.am, e-gov.am և primeminister.am պաշտոնական կայք էջերի վրա։ Վարչապետի կայքում հաքերները տեղադրել էին Ալիևի ուղերձը և Մուբարիզ Իբրահիմովի նկարը։ Այդ ժամանակ հաքերային հարձակումն իրականացրել էին «Anti-armenia Team» հաքերային խմբի երկու անդամներ։ Իսկ ավելի ուշ, հայկական հաքերային խմբերը կարողացել էին հասանելիություն ստանալ Ադրբեջանի ռազմածովային ուժերի անձնակազմի վերաբերյալ տեղեկատվությանն ու փաստաթղթերին։

Լուսանկարը՝ Սամվել Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter