
Մարդասիրական մոտեցմամբ թեղիներին ազատել են տանջանքից. Մաշտոցի պուրակի կառուցապատման պատմությունը
Մաշտոցի պուրակում իրականացվող կառուցապատումն այսօրվանից կդադարեցվի, որովհետև փետրվարից սկսած արդեն չորս արձանագրություն է կազմվել շինթույլտվությամբ ամրագրված նորմերի խախտումների պատճառով:
Վերջին արձանագրությունը կազմվել է հուլիսի 23-ին, և այժմ գնահատվում է շինթույլտվությամբ արձանագրված նորմերից շեղումների չափը: Եթե պարզվի, որ դրանք օրենքով սահմանված շեղումների թույլատրելի տոկոսից ավելի են, ապա շինթույլտվությունը կկասեցվի:
Այս մասին այսօր կայացած ասուլիսին հայտարարեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Այժմ շինարարության դադարեցման վարչարարություն է ընթանում:
Ո՞վ է իրականացնում Մաշտոցի պուրակի կառուցապատումը
Մաշտոցի պուրակի սկզբնամասում` փողոցին հարող անմիջական հատվածում, համաձայն Երևանի քաղաքապետարանի շինթույլտվությունների քարտեզի՝ հասարակական շինության կառուցման թույլտվություն ունի «Դավիթ-Վանուշ» ՍՊԸ-ն: Այն տրվել է 2019թ. վերջին աշխատանքային օրը` դեկտեմբերի 30-ին և ավարտվելու է ուղիղ երկու տարի անց:
«Դավիթ-Վանուշ» ՍՊԸ-ն հին ընկերություն է: Ստեղծվել է 1996թ.-ին: Ընկերության մասնակիցների ցանկում այժմ 5 բաժնետեր կա, 3-ը ազգականներ են` Արսեն Լևոնի Կարապետյանը, Կարինե Պարունակի Կարապետյանը և Ռուդիկ Հենրիկի Կարապետյանը: Վերջինս Երևանի քաղաքապետարանի աշխատակից է եղել և 2016թ. փաստաթղթերից մեկում երևում է, որ որպես առաջին կարգի մասնագետ, այդ տարվա դեկտեմբերին, 219 hազար պարգևավճար է ստացել:
Մնացած երկուսը` Հրայր Միրզաջանյանն ու Ռուբեն Մարգարյանն են, որոնք 10-ական տոկոս բաժնեմաս ունեն:
Սակայն այս ընկերությունում 2015թ.-ից ևս մեկ բաժնետեր է եղել` «Պլենիում» ՍՊԸ-ն, որը դուրս է եկել մասնակիցների ցանկից 2019թ. հոկտեմբերին: Այս ընկերությունը մամուլի հրապարակումներում հիշատակվում է որպես ՊԵԿ-ի օպերատիվ հետախուզության վարչության արդեն նախկին պետ Կարեն Կարապետյանինը, որի վերաբերյալ ծառայողական քննություն էր ընթանում:
Ինչպես երևում է պետռեգիստրում` «Դավիթ-Վանուշ» ՍՊԸ-ի բաժնեմասի առյուծի բաժինը հենց Կարապետյանների ձեռքում է:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի՝ 2018թ. մայիսի 16-ի որոշումից տեղեկանում ենք, որ տարածքի տեղազննումից և տեղագրական հանույթի վերաճշգրտումից պարզվել է, որ վերոնշյալ հասցեում նշված ընկերության կողմից զբաղեցրած հողամասի փաստացի մակերեսը կազմել է 1048 քմ՝ անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 24.03.2006թ. վկայականում ամրագրված 350 քմ մակերեսի փոխարեն:
«Դավիթ-Վանուշ» ՍՊԸ-ի կողմից ավել տնօրինվող 698 քմ մակերեսով հողամասը գտնվել է «Կենտրոն-Կանաչապատում» ՓԲԸ-ին տրամադրված հողամասի սահմաններում։ Տարոն Մարգարյանը որոշել է 698 քմ մակերեսով հողամասը վարձակալության իրավունքով, մինչև 2040 թվականի դեկտեմբերի 31-ը տրամադրել ՍՊԸ-ին՝ հողամասի համար տարեկան վճար սահմանելով Երևան քաղաքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 26-ի որոշմամբ հաստատված հավելվածով սահմանված հողամասերի վարձակալության տարեկան վճարների դրույքաչափերին համապատասխան։ Սակայն հողամասի նկատմամբ իրավունքները պետական գրանցում չեն ստացել: Ուստի, Հայկ Մարությանի 2019թ. հուլիսի 19-ի որոշմամբ, կրկին վերաճշտումներ են եղել, քանի որ անհրաժեշտություն է առաջացել արդիականացնել ընկերությանը պատկանող սրճարանը:
Համաձայն ընկերության կողմից ներկայացված էսքիզային առաջարկի՝ վերակառուցվող սրճարանի փաստացի զբաղեցրած հողամասի մակերեսը կազմում է 392 քմ: Որոշ հատվածից ընկերությունը հրաժարվել է, սակայն անհրաժեշտություն է առաջացել այլ հատված ներգրավել: Այդպիսով, նոր որոշման հիման վրա «Դավիթ-Վանուշ» ՍՊԸ-ի հետ կնքվել է պայմանագիր՝ 392 քմ մակերեսով հողամասը կառուցապատման իրավունքով տրամադրելու մասին:
Քաղաքապետ Հայկ Մարությանն այսօրվա ասուլիսին պատմեց, որ ընկերությունը նշված տարածքում դեռևս 2002 թվականից նաև երկու տարածք ուներ սեփականության իրավունքով` 277 քմ և 17 քմ (տաղավար): Մինչդեռ ինքը բանակցությունների արդյունքում վերացրել է այդ ընկերության սեփականության իրավունքը և դրա փոխարեն ընկերությանը տրամադրվել է 392 քմ վարձակալություն` կառուցապատման իրավունքով: Եվ այժմ այդ գույքը դարձել է համայնքային, իսկ պուրակում` հողի վրա կառուցվող գույքը նույնպես համայնքինն է:
«Այս տարիներին ինքը կօգտագործի դա, բայց դրանից հետո դա կդառնա համայնքի գույքը: Դրանից հետո քաղաքապետարանը կորոշի` քանդում է, թե այլ մեկին է տալիս վարձակալության: Սրանից լավ լուծում համայնքի համար անհնար է անելը»,- ասում է Հայկ Մարությանը:
Կառուցապատողին պայման է դրվել, որ կառույցը պետք է լինի թեթև կոնստրուկցիաներով և ոչ մի ծառ կամ թուփ չպետք է տուժի կառուցապատման պատճառով:
Մասնագետները պարզել են, որ արմատախիլ թեղիները տառապել են
Մաշտոցի պուրակի կառուցապատողներն արդեն հատել են վարձակալած տարածքի ծառերը, մի քանիսը՝ հասցրել արմատախիլ անել և հեռացնել կառուցապատման հրապարակից: Այդ մասին քաղաքապետարանը տեղյակ է և ծառերի հեռացման թույլտվություն տրամադրել է հենց քաղաքապետարանը: Հայկ Մարությանը վստահեցնում է, որ այդ որոշումը կայացնելիս մասնագետների կարծիքներն ու եզրակացություններն են հաշվի առել:
Մասնագետներին առաջադրվել է գնահատել ծառերի կենսունակությունը և քաղաքային միջավայրին համահունչ լինելու հարցը: Մասնագետները նշել են, որ ծառերը կարող են փոխարինվել, որն ավելի օգտակար կլինի թե պուրակի, թե բնապահպանության համար:
Հայկ Մարությանի ասելով` ծառերը 2002 թվականից փչանում էին այդ շինությունից, քանի որ մի մասը ներսում էր, որտեղ տաք էր, իսկ մի մասը դրսում, որտեղ ցուրտ էր: 18 տարի ծառերն այդ շինության մեջ քիչ-քիչ մահացել են և հասել այդ վիճակին:
«Ես քաղաքի ամեն ծառի համար և պատասխանատու եմ, և կռիվ եմ տալու»,- վստահեցնում է Երևանի քաղաքապետը:
Վերջինս պատմեց, որ իր պաշտոնավարման սկզբում հանձնարարել է գույքագրել վնասված կամ հիվանդ ու հատման ենթակա ծառերը, դրանք 437 են եղել, սակայն արդեն 500-ից ավելի ծառեր կան, որոնք խնդրահարույց են և պոտենցիալ վտանգավոր:
Արդյոք այդ ծառերը մտել են հաշվարկված 500-ի մեջ, թե չէ, քաղաքապետը չկարողացավ պատասխանել:
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի փոխտնօրեն, բ.գ.թ., դոցենտ Քրիստինա Վարդանյանն ասում է, որ թեղիները հեռացվելու են ոչ միայն Մաշտոցի պուրակից, այլև ամբողջ քաղաքից, քանի որ թեղիների կյանքի տևողությունը 40-50 տարի է: Նախկինում թեղիները տնկվել են, քանի որ մեծ քանակությամբ փոշի կլանելու ունակություն ունեն իրենց լայնասաղարթ տերևների հաշվին: Բացի դրանից, թեղիներն արդեն վնասված են, և ՀՈԱԿ-ը չի կարողանում պայքարել դրա վնասատուների դեմ, որովհետև երկար տարիներ սխալ խնամք և էտ է կատարվել, և հիմա թեղիների տերևներն ամբողջությամբ ծակծկված են: Դրա հետևանքով Երևանում չարորակ գոյացությունների, շնչառական և ալերգիկ հիվանդությունների բարձր ցուցանիշներ կան:
«Ստացվում է, որ ունենք կանաչ ֆիլտր, բայց իրենց ֆունկցիան չեն կատարում»,- ասում է Քրիստինա Վարդանյանը:
Թեղիներին պլատան և սաֆորան են փոխարինելու ողջ քաղաքում, որոնք, ըստ մասնագետի, կլանում են մեծ քանակությամբ փոշի և ազոտի օքսիդ, նաև գեղեցիկ դեկորատիվ էֆեկտ ունեն և կարգավորում են ջերմաստիճանը:
Քրիստինա Վարդանյանն ասում է, որ գնահատվել է ամեն ինչ` ծառերի արմատական համակարգը, ծառի բունն ունեցել է կեղևի լուրջ վերքեր, որոնք ինֆեկցիայի ներթափանցման ուղիներ են, ջրգողություն է եղել, որը նշանակում է, որ ծառը միանշանակ ենթակա է հեռացման և հատման, որովհետև դրանք պատճառ են դառնում տարածքի այլ ծառերի ախտահարման համար:
«Եթե դուք չեք լսում ծառի տառապանքի ձայնը, դա չի նշանակում, որ չկա»,- նշում է Քրիստինե Վարդանյանը և նշում, որ դրանք ոռնում են ցավից:
Հատման որոշումը կայացվել է` առաջին հերթին ծառի մասին հոգ տանելով, ոչ թե քաղաքաշինական նպատակներով:
Կառուցապատողը, ՀՈԱԿ-ի հետ պայմանագրով, պարտավորվել է հատված և հեռացված ծառերը փոխարինել սոսիներով, կոնկրետ չափի սաղարթով ու բարձրությամբ` երեք տարվա երաշխիքով, և եթե փչանան, կառուցապատողի հաշվին պետք է կրկին փոփոխվեն:
Լուսանկարները` Անի Սարգսյանի
Մեկնաբանել