HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամուլսարում իրավիճակը մնում է լարված

Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքի ակցիայի վայրում գտնվող «Հետքի» լրագրողը հայտնում է, որ րոպեներ առաջ ոստիկանությունը «Լիդիան Արմենիա» ընկերության պահնորդական ծառայություն իրականացնող «Հատուկ անվտանգության ծառայություն» ՍՊԸ-ի մի քանի աշխատակցի է բերման ենթարկել։ 

Պատճառն այն էր, որ պահնորդները բավական ագրեսիվ շարժուձև և պահվածք էին դրսևորում, փորձում էին շարժվել դեպի բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիները։ Ոստիկանության ծառայողները թույլ չտվեցին նրանց առաջխաղացումը, ինչից հետո տեղի ունեցավ փոքր բախում ոստիկանների և պահնորդների միջև, և ոստիկանությունը բերման ենթարկեց մի քանի պահնորդի։ 

Այս պահին Ամուլսարի 2-րդ դիրքի մոտ բողոքի ակցիային մասնակցում են մի քանի տասնյակ տեղացիներ, բնապահպաններ և քաղաքացիներ տարբեր վայրերից։ Այստեղ են գտնվում նաև ԱԺ պատգամավորներ Արման Բաբաջանյանը և Արման Աբովյանը։ Դեպի Ջերմուկ տանող ճանապարհը դիրքերից մեկի մոտ տվյալ պահին փակ է։ Ակցիայի մասնակիցները պարբերաբար բացում են ճանապարհը փոքր մարդատար մեքենաների համար։

Հիշեցնենք, որ ակցիայի առիթ է հանդիսացել պահնորդական ծառայության գործողությունները։ Մասնավորապես, այսօր գիշերը «Հատուկ անվտանգության ծառայություն» ՍՊԸ-ի աշխատակիցները վերամբարձ կռունկներով տեղափոխել են Ամուլսարի 1-ին և 2-րդ դիրքերում տեղադրված տնակները և փոխարենը դրել են ընկերությանը պատկանող նոր տնակներ։

«Լիդիան Արմենիա» ընկերությունը դեռ անցած տարվանից պնդում է, որ տնակները տեղադրված են ընկերությանը պատկանող տարածքում։ Սակայն անցած տարի իրականացրած քարտեզագրման արդյունքում պարզվել է, որ ճանապարհի այն հատվածը, որտեղ տեղադրված են եղել Ամուլսարի պահապանների տնակները, չի գտնվում «Լիդիան Արմենիա» ընկերության պատկանող անշարժ գույքային միավորների տարածքում։

Օրեր անց մոտ վեց անձ Սարավան համայնքի ճանապարհով մուտք էին գործել հանքի տարածք։ Մի քանի օր շարունակ Ամուլսարի պահապանները պահանջում էին, որ այդ անձինք դուրս գան տարածքից, բայց ապարդյուն։ 

Այս պահին քաղաքացիները պահանջում են «Լիդիան Արմենիա» ընկերությանը պատկանող տնակը տեղափոխել տեղադրված վայրից մի քանի տասնյակ մետր ներս, դեպի ընկերությանը պատկանող տարածք, և Ամուլսարի պահապանների տնակները տեղափոխել նախկին տեղը։ Նրանք պնդում են, որ չեն հեռանա տարածքից այնքան ժամանակ, մինչև չկատարվի նրանց պահանջը։ Ակցիայի մասնակիցները պահանջում են նաև ուժը կորցրած ճանաչել հանքի ՇՄԱԳ փաստաթուղթը, պնդում են, որ դրա համար կան բոլոր իրավական հիմքերը։ Պահանջների մեկը նաև կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպումն է։

Ոստիկանության ծառայողները պարբերաբար փորձում են բացել ճանապարհը, հրում են քաղաքացիներին։ Պարբերաբար իրավիճակը լարվում է։

Այս պահին կա բերման ենթարկված 10 անձ։ Ըստ ոստիկանության տրամադրած տեղեկության՝ նրանք գտնվում են Վայքի և Ջերմուկի ոստիկանության բաժանմունքներում։ 

Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter