HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Խոշոր պայթյուն Բեյրութում. կան զոհեր և վիրավորներ

Բեյրութի նավահանգստի մոտ գտնվող պահեստների տարածքում տեղի է ունեցել խոշոր պայթյուն։ Ըստ նախնական տվյալների՝ կան զոհեր և մեծ քանակությամբ վիրավորներ, այդ թվում՝ հայեր։

Լիբանանի ընդհանուր անվտանգության գլխավոր վարչության ղեկավար Աբաս Իբրահիմն էլ հայտարարել է, որ պայթյունը տեղի է ունեցել պահեստներից մեկում, որտեղ տեղափոխվել էին առգրավված հրավառության նյութերն ու միջոցները։ Մինչ այդ, «The Jerusalem Post»-ը գրել էր, որ վարկածներից մեկի համաձայն պայթյունը տեղի է ունեցել Բեյրութի նավահանգստի մոտ գտնվող հրավառության նյութերի պահեստում, իսկ մեկ այլ վարկածի համաձայն էլ՝ քիմիական նյութերի պահեստում։ 

Ականատեսները հայտնել են, որ պայթյունի արդյունքում առաջացած ալիքը շուրջ 10 կիլոմետր շառավղով մեծ վնասներ է հասցրել շենքերին։ 

«The Guardian» պարբերականն էլ գրում է, որ առաջին պայթյունին հաջորդել է նաև երկրորդը, սակայն վերջինիս հանգամանքների մասին դեռ տեղեկություններ չկան։ Ընդ որում, երկրորդ պայթյունը, ամենայն հավանականությամբ, տեղի է ունեցել Ռաֆիք Հարիրիի նախկին նստավայրից ոչ շատ հեռու։

«Reuters» գործակալության աղբյուրները հայտնում են առնվազն 10 զոհերի մասին։ «BBC»-ի լրագրողն էլ դեպքի վայրում տեսել է մահացածների դիակներ։ Վերջինս հայտնել է, որ նավահանգստում ավերածություններն այնքան մեծ են, որ այն չի կարողանա շարունակել աշխատանքը։ Սա մեծ հարված է երկրի տնտեսությանը, որը մեծապես կախված է ներկրումից։ 

Ավելի ուշ Լիբանանի առողջապահության նախարար Համադ Հասանը նշել է, որ զոհերի թիվն առնվազն 50 է, իսկ վիրավորներինն անցնում է 3000-ը։ Տեղական լրատվամիջոցներն էլ հայտնում են, որ փլատակների տակ մարդիկ կան։

Պայթյունից անմիջապես հետո տեղեկություններ էին տարածվել, որ հնարավոր կազմակերպիչը կարող է լինել Իսրայելը։ Իսրայելի արտաքին գործերի նախարար Գաբի Աշքենազին հայտարարել է, որ իր երկիրը որևէ կապ չունի Լիբանանում տեղի ունեցած պայթյունի հետ։ «Al Mayadeen» հեռուստաընկերությունն էլ հայտարարել է, որ նախնական տվյալներով բացառվել է ահաբեկչության տարբերակը։ 

Բեյրութի հայկական թաղամասերը նույնպես տուժել են պայթյունի արդյունքում։ Հայաբնակ Բուրջ Համուդ թաղամասը գտնվում է Բեյրութի նավահանգստի մոտ։ Արդեն իսկ հայտնի է դարձել, որ զոհերի և վիրավորների մեջ կան նաև ազգությամբ հայեր։ «Al Arabiya» հեռուստաընկերությունը հայտնել է, որ պայթյունի արդյունքում զոհվել է «Քաթաիբ» կուսակցության գլխավոր քարտուղար Նազար Նաջարյանը։ Վիրավորների թվում երկու հայեր են, որոնք վնասվածքներ են ստացել պայթյունի պատճառով ապակիների կոտրվելուց հետո։ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն պայթյունից հետո այցելել է Բուրջ Համուդ։

Լուսանկարը՝ «Reuters» գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter