HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արեգ Նավասարդյան. «Բախի մրցույթին օգտագործել եմ սեփական ոճով ներկայանալու իմ ազատությունը»

Դաթո Աբուլաձե

Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ բազմաթիվ միջոցառումներ, փառատոներ և մրցույթներ տեղափոխվում են առցանց հարթակ։ Բացառություն չէ նաև Բոուլդեր Բախի փառատոնի կազմակերպած «Բախի համաշխարհային մրցույթ 2020»-ը, որի մասնակիցներից է նաև հայազգի ջութակահար Արեգ Նավասարդյանը։

Արեգ Նավասարդյանը սովորում է Երաժշտության և Արվեստի Վիեննայի համալսարանի (MUK) ջութակի բաժնում։ Երաժշտությամբ հետաքրքրվել է մանկուց՝ 4 տարեկանից։ Սկզբնական շրջանում ծնողներն այնքան էլ լուրջ չեն վերաբերվել նրա ցանկություններին, նույնիսկ մտածել են, որ տղայի երաժշտական հետաքրքրությունները ժամանակավոր են և խաղալիք ջութակ են գնել՝ հույս ունենալով, որ որոշ ժամանակ անց այդ հետաքրքրությունը կմարի։ «Չեմ կարող հստակ ասել, թե կոնկրետ որ պահից է արմատավորվել սերս դասական երաժշտության հանդեպ, սակայն շատ լավ հիշում եմ, որ մայրս ինձ հաճախ էր տանում դասական երաժշտության համերգների, տանն էլ էինք շատ լսում»,- ասում է երաժիշտը։ 

Դասական երաժշտությամբ զբաղվելու նրա ցանկությանը բոլորը դեմ էին, բայց իր համար դա շատ մեծ մոտիվացիա էր։ Հիշում է նույնիսկ, թե ինչ է 5 տարեկանում նրան ասել Երևանի պետական կոնսերվատորիայում իր առաջին ուսուցիչը՝ Գագիկ Սմբատյանը։ «Նայեց ինձ ու ասաց՝ սիրուն տղա ես, էս գործիքը քեզ պետք չէ, սկսես նվագել, երկինքը կապույտ չի լինելու, արևը պայծառ չի լինելու, կյանքդ էլ դժոխք է դառնալու»,- ժպիտով հիշում է Արեգը և ասում, որ թվարկվածներից որևէ մեկը չի պատահել։ 

Այժմ Արեգը հասկանում է, որ Գագիկ Սմբատյանն այն ժանանակ նկատի ուներ մեծ պատասխանատվությունը, որ ջութակահար դառնալիս երաժիշտը ստանձնում է. «Մեծանալուց հետո հասկացա, որ այս մասնագիտությունը սպորտսմենի պատրաստվածություն է պահանջում՝ ամենօրյա ֆիզիկական վարժություններ և ռեժիմ»։

Արեգ Նավասարդյանը միջազգային մրցույթների դափնեկիր է՝ Դեմիդովսկու անվան 8-րդ մրցույթ (Եկատերինբուրգ, 2019, 2-րդ մրցանակ), New York International Artists Competition (ԱՄՆ, 2014, 2-րդ մրցանակ), American Protégé International Competition (ԱՄՆ, 2013, 1-ին մրցանակ): Եղել է նաև Premio Paganini International Competition-ի (2018) կիսաեզրափակիչ փուլի մասնակից: Բախի համաշխարհային երաժշտական մրցույթին առաջին անգամ է մասնակցում եւ իրեն չի մտահոգում այն փաստը, որ մրցույթին այս տարի մասնակցում է 273 երաժիշտ 39 երկրից։

Բախի համաշխարհային մրցույթին մասնակցելու ցանկություն առաջացել է մրցույթի կանոններին ծանոթանալուց հետո։ Արեգի պնդմամբ` քիչ են մրցույթները, որտեղ Բախի ստեղծագործությունները կարելի է ներկայացնել սեփական մեկնաբանությամբ։ «Այսօր երաժշտական աշխարհում Բախի երաժշտությունը շատ խիստ կանոններով է մատուցվում։ Պետք է հաշվի առնել, որ Բախի ժամանակներից շատ բան է փոխվել, ջութակը շատ է պրոգրես ապրել, ու այժմ կարելի է օգտագործել տարբեր տեխնիկաներ, որոնք այն ժամանակ, բնականաբար, չէին կարող օգտագործել»,- ընդգծում է երաժիշտը։ Ամեն ինչ «հնին տանելու» միտումը, Արեգի կարծիքով, սահմանափակում է կատարողին։ Մատուցման ձևի սահմանափակումների բացակայությունն է դրդել Արեգին մասնակցել մրցույթին։

Արեգը երաժշտական մրցույթին մասնակցում է Բախի 2-րդ պարտիտի «Չակոննա»-ով, որն, ըստ երաժշտի, ջութակի համար գրված լավագույն աշխատանքներից մեկն է։ Այս աշխատանքն ընտրել է նաև այն պատճառով, որ ցանկանում է մատուցել այն զգացողությամբ, որն այժմ ունի։ «Այս մատուցումը ցույց է տալիս իմ այժմյան մտածելակերպը, իմ մոտեցումն այդ գործին, որովհետև ես հասկանում եմ, որ այս աշխատանքը հիմա ուրիշ կերպ եմ նվագում, քան նախկինում, ու համոզված եմ, որ ապագայում այլ կերպ եմ մատուցելու։ Ես այս ստեղծագործությունն ամբողջ կյանքում նվագելու եմ»,- ասում է երաժիշտը և հաավելում, որ օգտվել է սեփական ոճով ներկայանալու իր ազատությունից։

Բախի համաշխարհային մրցույթի բոլոր մասնակիցների տեսանյութերն այժմ հասանելի են փառատոնի YouTube-յան էջում, և ժյուրին սահմանել է առանձին անվանակարգ, որի արդյունքի վրա կարող են ազդել նաև դասական երաժշտության սիրահարները՝ հավանելով և մեկնաբանություն թողնելով տեսահոլովակի ներքևում։

Գլխավոր լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter