HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թաթուլ Հակոբյան

Քոչարյան-Ալիեւ հանդիպման վայրը՝ Մինսկ

Երեւանն ու Բաքուն առաջընթաց են գրանցել «գրավյալ տարածքների վերադարձի եւ կարգավիճակի հարցի» փոխկապակցվածության հարցում

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան նոյեմբերի 16-ին Վիեննայում հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը որոշակի առաջընթաց են արձանագրել «գրավյալ տարածքների վերադարձի եւ կարգավիճակի հարցի փոխկապակցվածության ընկալման» շուրջ:

«Չեմ կարող մանրամասնել, սակայն կողմերը ստեղծագործ եւ կառուցողական կերպով են մտածել կարգավիճակի որոշման եւ տարածքների վերադարձի հարցերի շուրջ»,-ասել է Բրայզան:

Ինչպես գրել ենք այլ առիթներով, Ռամբույեում նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի փետրվարյան անհաջող հանդիպումից հետո, ապրիլի 13-ին միջնորդները կարգավորման հիմնական սկզբունքների մասին երկուսուկես էջանոց նոր փաստաթուղթ ներկայացրին, որը բաղկացած էր 4 հիմնարար սկզբունքներից եւ որը, ըստ էության, գաղտնազերծվել է հունիսի 22-ին Վիեննայում՝ ԵԱՀԿ մշտական խորհրդում: Այդ օրը համանախագահները մի աննախադեպ հայտարարություն արեցին' ասելով, որ իրենց երեւակայությունն արդեն սպառվել է, եւ չեն կարող կարգավորման նոր սկզբունքներ ներկայացնել:

ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը բազմիցս նշել է, որ համանախագահների երկուսուկես էջանոց առաջարկության փաթեթը իդեալական փաստաթուղթ չէ, սակայն այսօրվա պայմաններում՝ խիստ վերապահումներով եւ որպես բանակցությունների հիմք, ընդունելի է Երեւանի համար: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն անգամ խոսում էր այն մասին, որ եթե ադրբեջանական կողմը եւս ընդունի փաստաթուղթը, ապա հայ ժողովրդին պետք է համոզել, որ առաջարկված սկզբունքներով է միայն հնարավոր կարգավորել ղարաբաղյան խնդիրը: Իր վերջին ասուլիսներից մեկի ժամանակ Օսկանյանն ասաց ավելին՝ միջնորդների ներկայացրած փաստաթուղթը որակելով «չարյաց փոքրագույն»:

2006-ի մայիսի վերջին Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան էին ժամանել իրենց երկրների ավագ դիվանագետների ուղեկցությամբ: Նրանք ապրիլյան առաջարկության կետերից մեկում փոփոխություն էին կատարել: Այստեղ հարց է ծագում' «չարյաց փոքրագույնը» ապրիլի 13-ի՞ փաստաթուղթն է, թե՞ մայիսին ներկայացվածը՝ ռուս համանախագահ Մերզլյակովի խոսքերով՝ «կարգավորման հիմնական սկզբունքներից մեկում լրացում արվածը»: Սա շատ կարեւոր է, որովհետեւ հիմնական մեկ սկզբունքում փոփոխությունը կարող է ամբողջովին փոխել հնարավոր համաձայնագրի եւ՛ տառը, եւ՛ ոգին, եւ՛ փիլիսոփայությունը:

Համաձայն արտգործնախարարությանը մոտ կանգնած աղբյուրների' Ադրբեջանը սկզբունքորեն ընդունելի է համարում «հետաձգված հանրաքվեի» գաղափարը, պայմանով, որ Քելբաջարը ստանա մինչեւ հանրաքվեն, ինչին դեմ էր Հայաստանը, եւ Ռամբույեում բանակցությունները փակուղի են մտել հենց այս հարցում: Մեր ունեցած տեղեկություններով' Բրյուսելում արտգործնախարարներ Վարդան Օսկանյանն ու Էլմար Մամեդյարովը, ամերիկյան միջնորդ Բրայզայի խոսքերով, համաձայնության են եկել «գրավյալ տարածքների վերադարձի եւ կարգավիճակի հարցի փոխկապակցվածության ընկալման» շուրջ:

Ավելի պարզ' Երեւանը համաձայնվում է, բացի Լաչինի միջանցքից, հեռանալ իր վերահսկողության տակ գտնվող մյուս շրջաններից, այդ թվում' ռազմավարական կարեւորագույն նշանակություն ունեցող Քելբաջարից: Դրա փոխարեն Բաքուն համաձայնվում է փոխզիջումների գնալ Լեռնային Ղարաբաղում հանրաքվեի անցկացման ժամկետների հարցում: Այս տարբերակը, լայն իմաստով, այնքան էլ չի տարբերվում նրանից, ինչ 1997 թ. աշնանը առաջարկում էին միջնորդները, եւ որը սկզբունքորեն, որպես բանակցությունների հիմք, ընդունելի էր առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ գործող վարչակարգի համար: Սակայն, եթե այսօրվա վարչակարգը' ի դեմս Օսկանյանի, ասում է, թե պետք է համոզել ժողովրդին ընդունել «չարյաց փոքրագույնը», ապա այն ժամանակվա իշխանության «հայրենասիրական, հաղթողական» թեւը նույն ժողովրդին համոզում էր, որ 1997 թ. «փուլային» տարբերակը չարիք է հայ ժողովրդի համար, որ Տեր-Պետրոսյանը ծախում է պատմական հայրենիքի մի մասը, եւ որ Ղարաբաղը պետք է առնվազն 8.000 քառ. կմ. տարածք ունենա եւ լինի անկախ:

Ուշադրություն դարձնենք, թե ինչ էր ասել Հայաստանի նախագահը սեպտեմբերի 17-ին քաթարյան «Ալ æազիրա» հեռուստակայանին տված հարցազրույցում. Լեռնային Ղարաբաղից բացի, «Լաչինի նեղ միջանցքը» եւս չի կարող լինել Ադրբեջանի կազմում:

«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ պատրաստ ենք բանակցելու տարածքները Ադրբեջանին վերադարձնելու պայմանների շուրջ, բացի Ղարաբաղը Հայաստանին միացնող Լաչինի նեղ միջանցքից»,- բառացիորեն ասել էր Ռոբերտ Քոչարյանը:

Հայաստանին եւ Ադրբեջանին միջնորդների առաջարկած փաստաթղթի բովանդակությունը, բացառությամբ որոշ մանրամասների, այլեւս գաղտնիք չէ: Կրկնենք առանցքային կետերը. Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակը որոշելու համար ապագայում նախատեսվում է հանրաքվե կամ համընդհանուր քվեարկություն, հայկական զինված ուժերի փուլային դուրսբերում Լեռնային Ղարաբաղը շրջապատող ադրբեջանական տարածքներից' հատուկ մոտեցում ցուցաբերելով Քելբաջարի ու Լաչինի նկատմամբ, հակամարտության գոտում տեղակայվում են միջազգային խաղաղապահ ուժեր:

Մոսկովյան «Նեզավիսիմայա գազետա» օրաթերթը, անդրադառնալով նախագահների' նոյեմբերի 28-ին Մինսկում կայանալիք հանդիպմանը, իր վերջին համարներից մեկում գրել էր. «Ենթադրվում է, որ հայկական կողմը պետք է զորքերը դուրս բերի Ադրբեջանի գրավյալ 7 շրջաններից, փոխարենը Բաքուն 40-կիլոմետրանոց միջանցք կտրամադրի, որը կկապի Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ, այն կգտնվի խաղաղապահ ուժերի վերահսկողության տակ: Համաձա՞յն են, արդյոք, կարգավորման նման տարբերակին Բաքուն եւ Երեւանը, մոտ օրերին կպատասխանեն իրենք նախագահները, որոնց վրա ԵԱՀԿ Մինսկի խումբն ուժգին ճնշում է գործադրում»:

Նոյեմբերի 21-23-ը տարածաշրջան կատարած այցի արդյունքներով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ընդունել են համատեղ հայտարարություն, ըստ որի պայմանավորվածություն է ձեռք բերվել նոյեմբերի 28-ին Մինսկում կայանալիք ԱՊՀ գագաթաժողովի շրջանակներում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ու արտգործնախարարների հանդիպման վերաբերյալ: Միջազգային միջնորդները հուսով են, որ Մինսկում նախագահների եւ արտգործնախարարների հանդիպման ընթացքում մի քայլ առաջ կգնան կարգավորման այն սկզբունքների շուրջ, որոնք հաստատվել են հուլիսին Սանկտ Պետերբուրգում կայացած «Մեծ ութնյակի» հանդիպման ժամանակ։

Ռուսաստանցի միջնորդ Յուրի Մերզլյակովը Մինսկի խմբի համանախագահների անունից երկու երկրների նախագահներին կոչ է արել օգտվել եզակի առիթից եւ համաձայնություն ձեռք բերել ղարաբաղյան հակամարտության կարգավորման սկզբունքների շուրջ, քանզի հաջորդ տարի նման հնարավորություն չի ընձեռվելու: Նա փաստել է, որ 2007-֊2008 թվականներին Հայաստանում եւ Ադրբեջանում ընտրություններ են տեղի ունենալու, ինչը բացասաբար է անդրադառնալու բանակցային գործընթացի վրա:

«Բացի այդ, առանցքային քաղաքական դեմքերը, ովքեր հայկական կողմից վերջին տասը տարվա ընթացքում մասնակցել են բանակցություններին, հաջորդ տարի սկսելու են դուրս մնալ բանակցային գործընթացից»,- ռուսական ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությանն ասել է Մերզլյակովը' չմանրամասնելով, սակայն, թե ում մասին է խոսքը:

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը նոյեմբերի 16-ին ելույթ ունենալով գերմանական «Բերթելսման» հիմնադրամում' հայտարարել է, որ չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ակտիվությանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարների վերաբերյալ լավատեսական կանխատեսումների համար առանձնահատուկ հիմքեր ներկայումս չկան:

Քոչարյանը հայտարարել է, որ հայկական կողմի համար անընդունելի է հակամարտության կարգավորման այնպիսի տարբերակը, որը ենթադրում է «վերադարձ անցյալին»:

«Պատմությանը, հավանաբար, հայտնի չէ այնպիսի դեպք, երբ ծանր պայքարի եւ զրկանքների գնով անկախություն ձեռք բերած եւ այդ անկախության պտուղները 15 տարվա ընթացքում վայելող ժողովուրդը հոժարակամ հրաժարվի դրանից բանակցությունների ընթացքում: Մենք անհնարին ենք համարում վերադարձն անցյալին նաեւ այն պատճառով, որ Լեռնային Ղարաբաղում ապրող ժողովրդի գիտակցությունում անշրջելի փոփոխություններն են տեղի ունեցել»,- նախագահ Քոչարյանի խոսքերը մեջբերում է «Մեդիամաքս» գործակալությունը:

Քոչարյանը զուգահեռներ է անցկացրել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի' անկախության համար պայքարի եւ Բեռլինյան պատի անկման միջեւ: Նրա խոսքերով' երկու դեպքում էլ խոսքը բաժանված ժողովուրդների միավորման մասին է: «Բեռլինյան պատի անկումը հնարավոր եղավ ԽՍՀՄ փլուզման շնորհիվ: 70 տարիների ընթացքում մենք չէինք կարող բարձրացնել Լեռնային Ղարաբաղի անկախության հարցը, սակայն Խորհրդային Միության փլուզումը մեզ տվեց այդ հնարավորությունը»,- ասել է Հայաստանի նախագահը:

Այս ամենը ճիշտ է, բայց հարցի լուծում չէ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter