HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Ապահովագրողները շահույթի քառակի աճով են փակել առաջին կիսամյակը

Հայաստանի ապահովագրական ընկերություններն այս տարվա առաջին կիսամյակը շահույթի զգալի աճով են փակել։ Վերջիններս ավելացրել են նաև պետբյուջե վճարվող հարկերը։ Միևնույն ժամանակ, հաճախորդներից ստացված ապահովագրավճարների անկում է արձանագրվել, իսկ հատուցումները մնացել են գրեթե նույն մակարդակում։

Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանում գործող վեց ապահովագրական ընկերությունների զուտ շահույթը (շահույթ հարկումից հետո) կազմել է 3.345 մլրդ դրամ։ 2019 թվականի նույն կիսամյակի համեմատ այն 4.4 անգամ աճել է։

«Հետքն» ուսումնասիրել է ապահովագրական ընկերությունների ֆինանսական հաշվետվությունները, որոնք ցույց են տվել, որ բոլոր վեց ընկերություններն էլ շահույթի աճ են գրանցել առաջին կիսամյակում։

Ընդ որում՝ նկատվում է, որ ապահովագրողները շահույթի բարձր աճ են գրանցել այն պարագայում, երբ հաճախորդներից ստացված ապահովագրավճարները կրճատվել են, իսկ հատուցումները մնացել են նույն մակարդակում։ Ինչպես ցույց են տալիս Կենտրոնական բանկի տվյալներն ու ապահովագրողների հաշվետվությունները, այս տարվա առաջին կիսամյակում հաճախորդներից հավաքագրվել է շուրջ 24 մլրդ դրամ. սրանք համախառն ապահովագրավճարներն են։ Նույն ընթացքում հաճախորդներին հատուցվել է 11 մլրդ դրամ։ 2019 թվականի առաջին կիսամյակի համախառն ապահովագրավճարները նվազել են 2 մլրդ դրամով կամ 8 %-ով, իսկ հատուցումները մնացել են նույն մակարդակում։

Հետևաբար, եթե ընդհանուր պատկերն ենք դիտարկում, ապա՝ ապահովագրողների շահույթի աճը պայմանավորված է ընկերությունների տարատեսակ ծախսերի կրճատմամբ, որը որոշ ապահովագրողների հաշվետվություններում անկհայտ երևում է։ Սակայն, նաև նկատելի է, որ որոշ ընկերությունների դեպքում էլ հատուցումների էական նվազում է գրանցվել։

2020 թվականի առաջին վեց ամիսներին ամենամեծ շահույթը գրանցել է «Ինգո Արմենիա» ԱՓԲ ընկերությունը, որի զուտ շահույթը կազմել է 968  մլն դրամ։ 2019 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ ընկերության շահույթն աճել է 4.6 անգամ։ «Ինգո Արմենիա»-ի համախառն ապահովագրավճարները կրճատվել են, սակայն միևնույն ժամանակ կրճատվել են նաև ինչպես հատուցումների ծավալը, այնպես էլ՝ մի քանի ծախսերի գծով գումարները։ Ի դեպ, ապահովագրավճարներով այսօր շուկայում առաջատարներն են «Ինգո Արմենիան» ու «Ռոսգոսստրախ-Արմենիան»։

Հաջորդում է «Արմենիա ինշուրանս»՝ ԱՍՊԸ-ն 894  մլն դրամի շահույթով։ Այս ընկերությունը ևս թռիչքային աճ է գրանցել՝ 7.7 անգամ։ 2019 թվականի առաջին կիսամյակում զուտ շահույթը կազմել է ընդամենը մոտ 116 մլն դրամ։ Ապահովագրավճարների գծով ընկերության հասույթն ավելացել է։ Էական աճ կա «Ֆինանսական եկամուտ» տողով, որով էլ պայմանավորված է զուտ շահույթի կտրուկ աճը։ «Արմենիա ինշուրանսի» ներկայացրած ծանոթագրության մեջ էլ տեսնում ենք, որ աճն ապահովվել է հիմնականում ֆինանսական ակտիվների վաճառքից։

Երրորդ տեղում «Նաիրի ինշուրանս» ԱՍՊԸ-ն է՝ այս տարվա առաջին կիսամյակում գրանցված մոտ 832 մլն դրամի շահույթով, որը կրկնակի աճել է նախորդ տարվա նույն կիսամյակի ցուցանիշի համեմատ։ Ընկերության համախառն ապահովագրավճարներն ավելացել են, հատուցումները՝ կրճատվել։

«Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲ ընկերությունը նախորդ տարվա առաջին կիսամյակը վնասով էր ավարտել։ Իսկ այս տարվա առաջին կիսամյակում կարողացել է վնասից դուրս գալ և մոտ 387 մլն դրամի շահույթ է գրանցել։ Հաշվետվություններից երևում է, որ ընկերության շահույթի գերակշիռ մասը գոյացել է երկրորդ եռամսյակում։ Ապահովագրավճարների գծով զուտ հասույթի աճն ապահովել է ընկերության շահույթի աճը։

Հիմնականում ծախսերի կրճատման արդյունքում շահույթի աճ են գրանցել նաև «Ռեսո» ԱՓԲԸ-ն (+75.5%) ու «Սիլ ինշուրանս»  ԱՓԲԸ-ն(2.1 անգամ)։ Վերջինս ապահովագրողների շարքում ամենափոքր շահույթ ստացողն է։

Ապահովագրական ընկերությունների ստացած շահույթի մասին մանրամասները՝ ստորև գտնվող գրաֆիկում։ 

Հայաստանի ապահովագրական շուկայում ամենամեծ տեսակարար կշիռը շարունակում է զբաղեցնել ավոտմեքենաների ապահովագրությունը՝ ԱՊՊԱ-ն։ Համախառն ապահովագրավճարների 50-60 %-ը գոյանում է ԱՊՊԱ-ից։ Վերջին տարիներին աշխուժացել է նաև առողջապահության ապահովագրությունը։ Իսկ մյուս դասերի ապահովագրությունները Հայաստանում դեռևս զարգացած չեն։

Ապահովագրողների մեծ մասն ավելացրել է հարկերը առաջին կիսամյակում

Ապահովագրական ընկերությունների մեծ մասը հայտնվել է այս տարվա առաջին կիսամյակի խոշոր հարկատուների ցանկում։ Միայն «Ռեոսն» չի ընդգրկվել այստեղ։

Պետական եկամուտների հրապարակած 2020 թվականի հունվար-հունիսի խոշոր ցանկի 207-րդ տեղում «Ռոսգոսստրախ-Արմենիա» ընկերությունն է։ Վճարել է 391 մլն դրամի հարկեր՝ 3 %-ով ավելի, քան նախորդ տարվա նույն ամիսներին։

Հաջորդում է «Ինգո Արմենիան»՝ մոտ 332 մլն դրամի հարկերով (աճը՝ 32 %)։ Խոշորների ցանկում զբաղեցրել է 248-րդ տեղը։

Ապահովագրողների շարքում երրորդ խոշոր հարկատուն «Նաիրի ինշուրանսն» է, որն այս տարվա առաջին կիսամյակում պետական բյուջե է վճարել 219 մլն դրամ՝ խոշորների ցանկում զբաղեցնելով 376-րդ հորիզոնականը։ Ընկերության հարկերը 2.7 անգամ աճել են։

«Արմենիա ինշուրանսն» առաջին կիսամյակում վճարել է մոտ 125 մլն դրամի հարկեր ու խոշորների ցանկում հայտնվել 641-րդ տեղը։ Նախորդ տարվա առաջին կիսամյակում ընկերությունը խոշորների ցանկում չի եղել։

26 %-ով կրճատվել են «Սիլ ինշուրանսի» հարկերը՝ կազմելով 84 մլն դրամ։ Ապահովագրողը խոշոր հարկատուների ցանկում այս տարվա առաջին կիսամյակում 893-րդ տեղում է։

Ընդհանուր առմամբ, այս հինգ ընկերություններն այս տարվա առաջին կիսամյակում պետական բյուջե են վճարել 1.15 մլրդ դրամի հարկեր։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter