
Հանրային ծառայողը պետք է պատրաստ լինի գույքի ու եկամուտների համալիր ստուգման, նաև` պաշտոնավարելուց հետո
Կառավարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հանրային ծառայության մասին» և կից ներկայացված օրենքներում փոփոխություն կատարելու նախագիծ, որով առաջարկվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (ԿԿՀ) լիազորություններն ամբողջովին ընդլայնել:
Ըստ առաջարկի` ընդլայնվելու է հայտարարատու անձանց շրջանակը, ընդհուպ մինչև ավագանու անդամներ, պաշտոնատար անձի փաստացի տիրապետած գույքի մասին ինֆորմացիա ստանալու համար ԿԿՀ-ն իրավասություն է ստանալու դիմել օպերատիվ հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններին:
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) իրավական հարցերով փորձագետ Հայկ Մարտիրոսյանը ողջունում է ներկայացված փաթեթը, կարծում է, որ այն կարող է իրավական առումով ճիշտ լուծում լինել հակակոռուպցիոն պայքարի շրջանակում, սակայն հավելում` փաստացի երկար ժամանակ է հարկավոր, որ իրավական համակարգն էլ վերափոխվի: Օպերատիվ-հետախուզական մարմինների աշխատակիցների մի հատվածի կապը նախկին համակարգի հետ ակնհայտ է, հետևաբար կա նաև կաշկանդվածություն:
«Միակ խնդիրն այն է, որ օպերատիվ հետախուզական մարմինը նոր գործողություն կատարելու խնդիր չտեսնի, այսինքն գործողություն, որն իրենից ենթադրում է ներքին, արտաքին դիտում: Հանկարծ չլինի այնպես, որ հանրային ծառայողի գույքին առնչվող ինֆորմացիա ճշտելու համար օպերատիվ մարմինը ներքին դիտում անի կամ օգտվի այն գործիքակազմից, որը նախատեսված է «Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» օրենքով: Հստակ պետք է տարանջատվի` ինֆորմացիա, որը առկա է, և որը նոր գործողություններով պետք է ձեռք բերվի»,- ասում է Մարտիրոսյանը:
Պաշտոնատար անձի փաստացի տնօրինվող գույքի մասին ինֆորմացիան հայտարարագրելու պարտադիր պահանջը, ըստ փորձագետի, հիմնավորված է, քանի որ պրակտիկայում շատ են նման դեպքերը, երբ պաշտոնյան իր գույքը այլ անձի անվամբ է հաշվառում: Մարտիրոսյանն օրինակ է բերում, երբ պաշտոնյան 200 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ ավտոմեքենա է վարում, ու ասում` հորեղբորս տղայինն է:
Պաշտոնատար անձի` լիազորությունները դադարեցվելուց հետո իրավիճակային հայտարարագիր լրացնելու պահանջը շատ երկրներում է առկա: ԹԻՀԿ հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետն այն կարծիքին է, որ անձը եթե ցանկանում է դառնալ հանրային ծառայող, պետք է պատրաստ լինի գույքի ու եկամուտների համալիր ստուգման, նաև` պաշտոնավարելուց հետո որոշակի հաշվետվություններ ներկայացնելու: Ասում է` քիչ չեն դեպքերը, երբ անձը պաշտոնավարելուց մեկ տարի անց սկսում է ակնհայտ շռայլ կյանք վարել, հետևաբար այդ կտրուկ հարստանալն էլ պետք է դիտարկել օպերատիվ տեղեկատվության գործիքակազմի մեջ:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն էլ ասում է` դեռ ժամանակին բարձրաձայնում էին, որ առանց նման գործիքակազմի հանձնաժողովի գործունեությունը չի կարող արդյունավետ լինել, սակայն գործադիրում մի քանի ամիս անց են միայն հասկացել՝ գործիքակազմ իսկապես անհրաժեշտ է: Սիմոնյանը հիշեցնում է, որ ԿԿՀ-ի ստեղծման ժամանակ խորհրդարանում Արդարադատության նախարարից հետաքրքրվում էր, թե ինչպես է հանձնաժողովը պարզելու պաշտոնատար անձի կամ թեկնածուի առնչությունը քրեական ենթամշակույթին, ինչին ի պատասխան Ռուստամ Բադասյանն ասել էր` սոցիալական ցանցերի միջոցով: Պատգամավորը պնդում է` նման տեղեկություն սոցիալական ցանցերի միջոցով հնարավոր չէ ստանալ, անհրաժեշտ են օպերատիվ հեռախուզական տվյալներ:
Ինչ վերաբերում է նրան, որ հայտարարատու անձանց շրջանակն առաջարկվում է ընդլայնել, այդ թվում` ավագանու անդամների, Սիմոնյանն ասում է` ավագանու անդամն իսկապես կարող է լծակներն օգտագործել և ապօրինի ծագում ունեցող գույք ձեռք բերել, սակայն պետք է հաշվի առնել, որ ավագանու անդամները վճարովի ծառայություն չեն կատարում, կարող են այլ աշխատանքով զբաղվել: Հետևաբար կարգավորումներում պետք է հնարավորինս զգույշ լինել, որ չլինի այնպիսի վիճակ, որ մի ստվար հատված, որոնք արդյունավետ կառավարիչներ են, խուսափեն համայնքային պաշտոն զբաղեցնելուց:
Նախագծերի փաթեթը շրջանառության մեջ է դրվել հուլիսի 24-ին, այն դեռևս պետք է ներկայացվի ԱԺ գլխադասային հանձնաժողով, որի դրական եզրակացությունը ստանալու դեպքում ընդգրկվի լիագումար նիստերի օրակարգ:
Մեկնաբանել