HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Շիրակի մարզում հիմնական պայքարը կընթանա երեք քաղաքական ուժերի միջեւ

Ըստ Գյումրիի Մանկավարժական ինստիտուտի պատմության ամբիոնի դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանի` առաջիկա խորհրդարանական ընտրություններում պատգամավորական տեղերի համար ծավալվող ընտրապայքարում առաջին երեք տեղերը Շիրակի մարզում կձեւավորվեն հետեւյալ կերպ. առաջին տեղում, այսինքն` ձայների մեծամասնությունը կստանա ԲՀԿ-ն, այնուհետեւ ՀՀԿ-ն, իսկ 3-րդ տեղում կլինի Հայ ազգային կոնգրեսը: Մարզի գյուղերում ՀԱԿ-ն այդքան էլ հզոր դիրքեր չունի, եւ հիմնական պայքարը կծավալվի Գյումրին ընդգրկող 3 ընտրատարածքներում: 

Ամենաթեժ պայքարը կծավալվի երկու իշխող կուսակցությունների միջեւ: Գագիկ Համբարյանն այս պայքարում կարեւորում է նաեւ ՀՀԿ-ից եւ ԲՀԿ-ից մեծամասնականով հանդես եկող պատգամավորների ներուժը: Նրա կարծիքով, այս պահին գյումրեցիների կողմից ընդունված ու հարգված ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանին ծնունդով երեւանցի, գործարար Արման Սահակյանով փոխարինելը ռիսկային էր ու նույն ընտրատարածքում ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանի հետ ընտրապայքարի մեջ մտնելով` նա ստիպված կլինի բավականին խոչընդոտներ հաղթահարել:

«Իհարկե, կանխատեսումներ անելն անշնորհակալ գործ է, -ասում է Գագիկ Համբարյանը,-բայց այս դեպքում ես հաշվի եմ առնում մեր քաղաքացիների յուրօրինակ մտածելակերպը: Գյումրեցիները շատ վատ են ճանաչում երեւանցի թեկնածուին, հիմնականում նրա անունը կապվում է «Շիրակ» ֆուտբոլային թիմի հետ: Այն, որ նա ֆուտբոլային թիմն է գնել, ընդամենը բիզնես ծրագիր է, վաղը նա այդ թիմը կարող է թանկ վաճառել մեկ ուրիշին ու հեռանալ: Պահպանողական գյումրեցիներին դժվար կլինի համոզել, որ նա գալիս է փոխելու իրենց կյանքը: Եվ հետո, գյումրեցիների մոտ կա ընդունված մի մտածելակերպ, թե` «թող վատն էղնի, բայց իմս էղնի», նկատի ունեմ, որ երկու թեկնածուների առումով գերադասելու են տեղացի պատգամավորին, ում հետ շփումն ավելի սերտ է, ով լավ-վատ այս տարիներին խորհրդարանում հարցեր է բարձրացրել, ով լավատեղյակ է քաղաքի խնդիրներին»:

ՕԵԿ կուսակցության վարկանիշը մարզում եւ հատկապես Գյումրիում սահուն կերպով իր առաջատար դիրքերը զիջեց անցած նախագահական ընտրություններից հետո: ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղադասարյանի վարքագիծը ստիպեց մարդկանց հիասթափվել ոչ միայն անձից, այլեւ կուսակցությունից: Սակայն, չնայած այս ամենին, Գագիկ Համբարյանը 5 բալանոց սանդղակում ՕԵԿ-ին կշնորհեր 4-րդ տեղը: «ՕԵԿ-ը ձայներ կտանի Շիրակի մարզից, ու դա չի լինի շնորհիվ կուսակցության, դա կլինի, կարծում եմ, շնորհիվ այդ կուսակցության ներկայացուցիչ Հովհաննես Մարգարյանի, ով մարզից ընտրված մյուս պատգամավորների համեմատ ավելի ակտիվ գործունեություն է ծավալում խորհրդարանում»,-նկատում է քաղաքագետը:

Շիրակի մարզում առաջիկա ընտրությունների հետ կապված գործընթացները վերլուծելիս պետք է հաշվի առնել նաեւ առկա ադմինիստրատիվ ռեսուրսը: «Շիրակի մարզպետը, լինելով անկուսակցական, աշխատելու է ՀՀԿ կուսակցության համար,-ասում է Գագիկ Համբարյանը,- ունենք Գյումրիի քաղաքապետ, ով այդ կուսակցության ներկայացուցիչ է: Արդեն պարզ է, թե հիմնականում ադմինիստրատիվ ռեսուրսը մեր մարզում իր ուժերը որ ուղղությամբ է կենտրոնացնելու: Այդ ամբողջ համակարգն աշխատելու է, որպեսզի ձայներ ապահովի իշխող կուսակցության համար»:

Ըստ Գագիկ Համբարյանի` Հայ հեղափոխական դաշնակցությունը ձայներ կտանի շնորհիվ կուսակցության մարդկանց շրջանում ունեցած վարկանիշի: «Անհատներն այս առումով դերակատարում չեն ունենա»,-հավելում է քաղաքագետը:

Ամեն դեպքում, այն, ինչ այսօր ընդամենը կանխատեսումների մակարդակով է, կորոշակիանա բուն ընտրապայքարի ժամանակ: Թեեւ չի բացառվում, որ հետագայում, ինչպես լինում է շախմատային պարտիայում, լինեն եւ անսպասելի ուժեղ քայլեր, եւ չսպասված շախ ու մատեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter