HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Միջպետական ճանապարհի Ալավերդի քաղաքի Սանահին կայարանային թաղամասից Նեղոց գյուղ ընկած շինտեղամասում աշխատանքները մեկ ամիս է` դադարեցված են

Մ-6 միջպետական ճանապարհի Ալավերդի քաղաքի Սանահին կայարանային թաղամասից մինչև Նեղոց գյուղ ընկած ճանապարհի շինարարական տեղամասում աշխատանքները շուրջ մեկ ամիս է` դադարեցված են:

Հուլիսի 27-ին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին տեղամասում ներկայացվել են շինարարական աշխատանքների դադարեցման պատճառները: Տեղամասի պետ Դավիթ Ազատյանի խոսքով՝ նախարարը խոսք է տվել բարձրացված հարցերը լուծել մեկ շաբաթում, սակայն նրա այցելությունից անցած 9 օրերի ընթացքում որևէ հարց չի լուծվել: «Նախարարին ներկայացված հարցերը ընթացք են տրվել, այդ ամենը գործողության մեջ է: Այս պահին նոր բան չունենք հաղորդելու: Լինելու դեպքում՝ կհաղորդենք»,- երեկ «Հետք»-ին հայտնել է նախարար Ս. Պապիկյանի մամուլի քարտուղար Արմինե Մուրադյանը:

Մ-6 միջպետական ճանապարհի Ալավերդի քաղաքի Սանահին կայարանային  թաղամասից մինչև Նեղոց գյուղ ընկած 14 կմ հատվածում ճանապարհաշինական աշխատանքները իրականացնում է «ԱԱԲ Պրոեկտ» ՍՊԸ-ն: Խոշոր բեռնատարների երթևեկության ժամանակ ճանապարհին ստեղծվում են վթարային վիճակներ: Տեղամասի պետ Դավիթ Ազատյանի խոսքով՝ կարող էին այս պահին ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներն ամբողջությամբ ավարտած լինել, եթե պատվիրատուի կողմից շինարարության ընթացքում առաջացող նախագծային լուծումները և ճանապարհաեզրերի հողատերերի վճարումները կատարված լինեին ժամանակին: «ԱԱԲ Պրոեկտ» ՍՊԸ-ն տեխնիկայի անհրաժեշտ ռեսուրսներ և աշխատուժ ունի, բայց ստիպված սպասում ենք: Կարող եմ ասել, որ 2-3 ամիս մեր նախատեսած աշխատանքներից հետ ենք մնացել»,- ասաց Դավիթ Ազատյանը: Հիշեցնենք, որ Մ-6 ճանապարհի Թումանյան քաղաքից մինչև Բագրատաշեն հատվածի շինարարությունը սկսվել է 2018թ.-ի մայիսին: Այն ծրագրով նախատեսված է ավարտել այս տարվա նոյեմբերին: Հուլիսի 27-ին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը շրջայց է կատարել  ճանապարհի 51,74 կմ հատվածում: «Նախարարի ուշադրության  կենտրոնում էր հատկապես Ալավերդի քաղաքով անցնող միջպետական ճանապարհի շինարարական տեղամասը»,- նշված է նախարարության պաշտոնական կայքում: 

Դավիթ Ազատյանի ասելով՝  տեղամասում նախատեսված աշխատանքներից ինչ հնարավոր է եղել, կատարվել է: «Հիմա 5-6 աշխատողներ շարում են Էնգելս թաղամասի ճանապարհի եզրաքարերը: Թաղամասում ջրահեռացման աշխատանքները համարյա վերջացնում ենք»,- ասաց Դ. Ազատյանը: Նա հերքեց ճանապարհի շահագործման ժամկետը երկարաձգելու մասին Ալավերդիում շրջանառվող լուրերը: Ասաց՝ շինարարության ժամկետի առումով պաշտոնական որևէ որոշում չկա: Հուլիս և օգոստոս ամիսները ճանապարհի ասֆալտապատման ամենահարմար ամիսներն են, սակայն «ԱԱԲ Պրոեկտ» ՍՊԸ-ի շինարարական տեղամասում հողային լիցքերի աշխատանքները դեռ չեն սկսվել: Դավիթ Ազատյանի խոսքով՝ նախարար Սուրեն Պապիկյանը տեղեկացվել է իրենց շինարարական տեղամասի աշխատանքները խոչընդոտող բոլոր հարցերի մասին: Էնգելս թաղամասից դուրս գալիս ճանապարհի ձախ կողմում բետոնային թերի աշխատանքներ կան:

«Դա հողօգտագործողի տարածք է, վերջինիս բարեկարգման և ծառապատման համար պետք է վճարվի, որ կարողանանք շարունակել  աշխատանքները: Հողատիրոջ չլուծված վճարումների պատճառով դադարեցված են նաև Ալավերդու Շահումյան թաղամասով անցնող և Երիտասարդական փողոցից Թումանյան փողոց մտնող շրջադարձի աշխատանքները»,- բացատրեց Դ. Ազատյանը: Վերջինիս խոսքով՝ Էնգելս թաղամասում նաև ջրահեռացման խնդիր կա: Այստեղ նախագծից դուրս պարսպի տակով մայթ է նախատեսվել: Քանի որ ճանապարհը նեղ է, թաղամասի մանկապարտեզի կողմից ճանապարհի 80 սմ լայնությամբ մայթը լայնացվելու է: «Երբ այստեղ ջրահեռացման վերջնական նախագծերը լինեն, կսկսենք հողային աշխատանքները, ապա կիրականացնենք բետոնային աշխատանքները»,- ասաց Դ. Ազատյանը: Տեղամասում դեռևս չեն կարողանում սկսել կենտրոնական Թումանյան փողոցին հարող, Ալավերդու դատարանի շենքի դիմացի միջպետական ճանապարհի երկու կամուրջների կապիտալ և հարակից ճանապարհի վերանորոգման աշխատանքները: Երկու կամրջի համար նախատեսվում է հիմնանորոգում:

«Հին կամուրջի հիմքերն են միայն մնալու, դրանք լավ վիճակում են, կամուրջը  վերակառուցվելու է: Երկրորդ կամուրջը ուղղակի կվերանորոգվի»,- բացատրեց Դ. Ազատյանը: Կամուրջների վերանորոգման աշխատանքները սկսելու և ավարտելու ժամկետները, տեղամասի պետի ասելով, դեռ հայտնի չեն:

«Երբ պատվիրատուի հետ կհամաձայնեցնենք նախագիծը և գնային առաջարկները, այդ ժամանակ կսկսենք աշխատանքները»,- նշեց նա: Դավիթ Ազատյանի ասելով՝ նախարար Սուրեն Պապիկյանի հետ քննարկվել է նաև  Հաղպատ գյուղին հարող ճանապարհի ժայռի անվտանգության հարցը: «Ժայռը քանդելու ծրագիրը փոխվեց: Դա նախագծով իրագործելի չէր: Նախարարին առաջարկվեց բետոնային կառուցվածքով ճանապարհ, որը պետք է լայնացվի գետի ձախ եզրով՝ առանց գետը վնասելու»,- ասաց տեղամասի պետը: Ժայռից  քարաթափման վտանգներից խուսափելու համար նախարարին առաջարկվել է ճանապարհը կառուցել թունելի տարբերակով: Թունելը լեռան մեջ չի փորվելու: Դ. Ազատյանի ասելով՝ դա ծածկով և կամարներով բետոնային կառուցվածք է լինելու: «Երբ ժայռից քարերը թափվեն գալերեայի վրա՝ թեքության մեջ կընկնեն գետը»,- բացատրեց Դավիթ Ազատյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter