HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Գնել Հասրաթյանին

Այսօր Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Գնել Հասրաթյանին և տեսչական մարմնի ստորաբաժանումների ղեկավարներին։

Շրջակա միջավայրի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ՝ քննարկվել են ոլորտում առկա խնդիրները, կարճաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով՝ դրանց լուծմանը միտված ընթացիկ գործընթացների վիճակը, ինչպես նաև առանձին քննարկման արժանացավ տեսչական մարմնին տրված լիազորությունների շրջանակը, գործիքակազմը և դրանք իրացնելու հնարավորությունները։

Մասնավորապես անդրադարձ կատարվեց ապօրինի ջրօգտագործման, ծառահատումների, անազատության մեջ պահվող կենդանիների հաշվառման հիմնախնդիրներին, համակարգային փոխգործակցության հատվածում բացերին, վերահսկման և կանխարգելման նոր գործիքակազմի մշակման անհրաժեշտությանը։

Նախարարն անդրադարձավ նկատելի թերություններին ու իրավասու մարմինների միջև գործողությունների հետևողականության և համագործակցության տեսանելի բացերին։

Ըստ նախարարի, այսօր առկա է շրջակա միջավայրում արձանագրված բազմաթիվ իրավիճակային խնդիրների և դրանց հակազդելու, կանխարգելելու, հետևանքները վերացնելու ընթացակարգերի և օրենսդրական իրավակարգերի խիստ անհամապատասխանություն։

Նախարարի պնդմամբ, շատ հաճախ վերահսկողական գործառույթներով օժտված տեսչական մարմնի բարեվարքության վրա ազդում է այդ լիազորություններն իրացնելու գործընթացի բարդ ընթացակարգը և արդյունքում տեսուչին հնարավորություն չի ընձեռվում շրջակա միջավայրի ամենատարբեր իրավախախտումներին տալ արագ գնահատական և օպերատիվորեն հակազդել իրավախախտների գործողություններին։

«Շրջակա միջավայրի նախարարության ու Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի փոխգործակցությունը կատարելագործվելու և ավելի ինստիտուցիոնալ հունի մեջ դնելու կարիք կա։ Պետությունը ձեզ օժտել է գործիքակազմով, որպեսզի դուք յուրաքանչյուր խնդրի ու ապօրինի գործողության արագ և տեղում արձագանքեք, հետամուտ լինեք դրանց հետևողական ու ամբողջական լուծմանը։ Մեր գերատեսչություններն ամենաուղղակի ազդեցությունն ունեն շրջակա միջավայրի ճիշտ և հոգատար կառավարմամբ պայմանավորված՝ հասարակության վարքագծի ձևավորման վրա, ինչն այսրոպեական ձեռնարկումներ ու միջամտություններ է պահանջում»։

Հանդիպման ընթացքում մշակվեց առաջիկա կարճաժամկետ գործողությունների ճանապարհային քարտեզ։ 

Հայաստանի Հանրապետությունում բնապահպանական խնդիրները շատ են, և կարիքը կա խիստ համագործակցության ու փոխգործակցության ավելի լայն մասշտաբների և արդյունավետ, երկուստեք իրականացվող գործընթացների։

Ամփոփելով հանդիպումը, նախարարը հույս հայտնեց, որ ամենասեղմ ժամկետներում նոր քաղաքականության շրջանակներում կմշակվի փոխգործակցության ավելի արդյունավետ համակարգ, կստեղծվեն հաղորդակցության ու հետադարձ կապի ինտերակտիվ խողովակներ և երաշխավորեց, որ ձեռնամուխ կլինի տեսչական մարմնի ինստիտուցիոնալ հզորացման ու կարողությունների ընդլայնման գործին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter