HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Իրանագետ․ «Իրանն առերեւույթ չի ցանկանում բախման մեջ մտնել Թուրքիայի հետ»

«Հետքի» հարցերին պատասխանում է իրանագետ Գոհար Իսկանդարյանը

–Տիկին Իսկանդարյան, վերջին շրջանում Թուրքիան տարբեր ձեւերով, այդ թվում՝ զենքով, փորձում է մեծացնել իր ազդեցությունը Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում, միաժամանակ հայտարարում է իր ինչ–որ «պատմական առաքելության» մասին։ Այս ֆոնին Թուրքիայի դեմ կարծես ալյանս է ձեւավորվում արաբական ու քրիստոնեական մի շարք երկրների կողմից։ Բայց կարծես չենք տեսնում Իրանին, ում ծրագրերի մեջ հաստատ չի մտնում Թուրքիայի ծավալումը։ Ինչպիսի՞ն է մեր հարավային հարեւանի դիրքորոշումը թուրքական նկրտումների հանդեպ։

–Իրանը եւ Թուրքիան պատմականորեն տարածաշրջանում մրցակիցներ են, բնականաբար, Թուրքայի յուրաքանչյուր ծավալապաշտական նկրտում չի տեղավորվում ԻԻՀ շահերի եւ հետաքրքրությունների շրջանակում։ Սակայն պետք է հաշվի առնենք նաեւ այն հանգամանքը, որ Իրանը այսօր գտնվում է ԱՄՆ-ի կողմից ամենախիստ պատժամիջոցների տակ, շարունակվում է Իրանի մեկուսացման քաղաքականությունը ԱՄՆ-ի կողմից, բացի դրանից՝ Իրանը Եվրոպայի հետ որոշակի առեւտուր իրականացնում է՝ հիմնականում ապրանքներն անցկացնելով Թուրքիայի տարածքով․ այսպիսով՝ Իրանն առերեւույթ չի ցանկանում բախման մեջ մտնել իր անմիջական հարեւանի հետ, թեպետ տարածաշրջանային մի շարք խնդիրներում՝ Սիրիայում, Լիբանանում, առերեւույթ շահերի բախում է նկատվում։

Բայց միեւնույն ժամանակ Թուրքիան վերջին տարիներին տարածաշրջանում փորձում է իրականացնել իր խաղը՝ հագուրդ տալով նեոօսմանիզմի գաղափարախոսությանը։ Այս ծրագրերը իրականացնելիս Թուրքիան աստիճանաբար դուրս է մղում ամերիկյան շահերն ու հետաքրքրությունները երկրից, եւ այս խնդրի երկրորդ մասը Իրանի շահերին համընկնում է։ Էրդողանի կառավարման տարիներին երկիրն, ակնհայտորեն աշխարհիկությունից հետքայլ կատարելով եւ իսլամական գաղափարներին մեծ տեղ հատկացնելով, որոշակի առումով համագործակցության նոր եզրեր բացեց Իրանի հետ։ Սակայն համաիսլամական գաղափարախոսության խնդիրների մեջ միշտ երեւան է գալիս շիա-սուննի հակամարտությունը, որտեղ Էրդողանը, հագուրդ տալով իր մեծապետական նկրտումներին, փորձում է գլխավորել սուննի աշխարհը, իսկ Իրանը՝ ավանդաբար, շիա աշխարհը։

–Տարեսկզբին գեներալ Սոլեյմանիի սպանությունից եւ ուկրաինական օդանավի աղետից հետո Իրանը հասցրե՞լ է ուշքի գալ։

–Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո Իրանի հոգեւոր առաջնորդը նրան դասեց մարտիրոսների շարքը եւ նշեց, որ նրա մահով հնարավոր չէ կանգնեցնել նրա սկսած գործը։ Իրանի զինված ուժերի ներկայացուցիչները, ինչպես նաեւ «Հզբոլահը» նշեցին, որ վրեժխնդիր են լինելու նրա մահվան համար, եւ Սոլեյմանիի մահվանից մի քանի օր անց հարվածներ հասցվեցին Իրաքում գտնվող ամերիկյան ռազմական բազային․ այն կրեց նյութական մեծ վնաս, սակայն մարդկային ոչ մի կորուստ չկար։ Թեպետ ստեղծված էր այնպիսի տպավորություն, որ ամերիկյան կողմը տեղյակ էր հարվածների մասին, բայց ինքնին գործընթացը բացառիկ էր․ իրանական ուժերը հարվածել էին ամերիկյան ռազմական բազաներին եւ փաստացի չէին պատժվել։ Հենց այդ օրերին էր, որ Իրանում տեղ գտավ անփութության պատճառով մեծ դժբախտություն, երբ Իրանի տարածքում շփոթմունքի պատճառով, մարդատար ինքնաթիռը ռմբակոծվեց՝ կասկածելով, թե ամերիկյան ինքաթիռ է մտել Իրանի տարածք։ Երեք օր լռությունից հետո Իրանի նախագահն ընդունեց իրենց մեղքի բաժինը, ներողություն հայտնեցին եւ խոստացան դրամական փոխհատուցում տրամադրել զոհվածների ընտանիքներին։

Սակայն Իրանի տնտեսությունը բավական ծանր վիճակում է գտնվում՝ հաշվի առնելով, որ մինչ այժմ շարունակվում են ԱՄՆ-ի կողմից տնտեսական լուրջ պատժամիջոցները, եւ երբեմն նաեւ Պարսից ծոցում գրանցվում է հարաբերությունների շիկացում, ինչը հղի է լարվածության մակարդակի բարձրացման եւ տարածաշրջանի ապակայունացման վտանգով։

–Տավուշյան սրացման եւ ընդհանրապես ԼՂ հիմնախնդրի մասին արտահայտվելիս Իրանը ցուցաբերում է զսպվածություն։ Ինչպիսի՞ դերակատարություն ունի այս երկիրն այսօր հայ–ադրբեջանական առճակատման մեջ՝ հաշվի առնելով, որ Թեհրանը նախկինում փորձել է հաշտարարի դեր կատարել Երեւանի ու Բաքվի միջեւ։

–Իրանն ընդհանրապես Արցախյան պատերազմի ողջ ընթացքում փորձել է չեզոք դիրք բռնել՝ կողմերին հորդորելով խնդիրը լուծել միայն բանակցությունների միջոցով։ Այո, 1990-ականների սկզբներին Իրանը փորձեց միջնորդական առաքելությամբ հանդես գալ, սակայն հետագայում ընդունվեց Մինսկի ձեւաչափը, որից հետո Իրանը դուրս մնաց այդ գործընթացներից։ Ի վերջո, Իրանին էլ ձեռնտու չէ իր հյուսիսային շրջանների մոտ ունենալ անկառավարելի եւ անկանխատեսելի իրավիճակ։

Թեպետ քաղաքական հայտարությունների մակարդակում Իրանը փորձում է պահպանել չեզոքություն, երկրում տարբեր տվյալներով բնակվում են 25-30 մլն թյուրքախոս իրանցիներ, եւ այս ներքին լսարանի հույզերը բավարարելու համար երբեմն-երբեմն լսվում են հակահայկան ելույթներ, կոչեր։ Տավուշյան վերջին իրադարձությունների ժամանակ հայտնի դարձավ, որ թյուրքախոս իրանցիները բողոքի ցույցեր էին պատրաստվում կազմակերպել ու իրականացնել Թավրիզում եւ Թեհրանում, մասնավորապես՝ Իրանում ՀՀ դեսպանատան մոտ։ Սակայն ի պատիվ Իրանի իշխանությունների այդ բողոքի ակցիաները վերահսկողության տակ վերցվեցին, եւ բողոքողները իրենց ծրագրած գործողությունները ի վիճակի չեղան իրականացնել։ Անշուշտ, մտահոգիչ էր, որ իրանական ԶԼՄ-ները հիմնականում օգտվեցին ադրբեջանական մամուլից եւ տարածեցին մեծամասամբ ադրբեջանական տեսակետները։

Այսօր Իրանին մտահոգում է մեկ այլ փաստ եւս․ Թուրքիայի ակտիվությունը Նախիջեւանում։ Թեպետ թուրք-ադրբեջանական զինված ուժերը վերջին տարիներին համատեղ զորավարժություններ էլի են իրականացրել, սակայն յուրաքանչյուր նման զորավարժություն խիստ մտահոգիչ է դառնում թե՛ Հայաստանի եւ թե՛ Իրանի համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter