
Կառավարությունը դրամական միջոցներ ուղղեց Տավուշի հրետակոծված համայնքների վնասների փոխհատուցմանը
Կառավարությունը ֆինանսական միջոցներ ուղղեց Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներին` Ադրբեջանի հուլիսյան հրետակոծությունից տուժած բնակիչների վնասների փոխհատուցման համար: Որոշումը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
Վնասը գնահատվել է 302 միլիոն 618 հազար դրամ, որից 25 միլիոն դրամը նախորդ նիստերից մեկում Կառավարությունն արդեն տրամադրել էր, և կանխավճարի տեսքով այն հատկացվել է շինարարական կաազմակերպությանը:
Նախատեսված գումարն ուղղվելու է վնաս կրած համայնքների վերականգնման աշխատանքներին, անշարժ գույքի փոխհատուցմանը, դպրոցների հիմնանորոգմանը: Սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր համայնքում պուրակ է կառուցվելու` վնասված տներից մեկի տարածքում: Կառավարությունը ավիրված տան սեփականատիրոջից գնելու է այն և տեղում պուրակ է կառուցելու՝ այն նվիրելով համայնքին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, թե ազդակներ է ստացել, որ Տավուշի սահմանամերձ համայնքներում շինարարական աշխատանքները բավարար արագությամբ չեն ընթանում:
«Ուզում եմ ընդգծել, որ Չինարի գյուղի այն բնակելի տունը, որն, ըստ էության, ամբողջովին վնասվել է, վառվել, այդ տունը զրոյից կվերակառուցենք: Մեր խնդիրը հետևյալն է, որ աշխատանքները պետք է հնարավորինս արագ ու որակով արվեն»,-ասաց նա:
Մեկնաբանել