«Դիալեզից հետո մի օր ես ի վիճակի չեմ ինչ-որ բան կարդալ»
16-ամյա Վարդան Ղուկասյանը մինչեւ 8-րդ դասարան բարձր գնահատականներով սովորել է Սպիտակում։ Երբ պարզվել է, որ տղայի երիկամները չեն գործում, նա թողել է հարազատ քաղաքն ու դպրոցը:
Արդեն 6 ամիս է՝ շաբաթը երեք անգամ Վարդանը գալիս է Երեւան՝ դիալեզ ստանալու։ Որպեսզի Երեւան գալն ավելի հեշտ լինի, Վարդանի մայրը' տիկին Սեդան, որդու հետ Սպիտակից տեղափոխվել է Էջմիածին՝ եղբոր տուն։
«9-ը տարեկանում սկսեց բողոքել փորի ցավից,- պատմում է տղայի մայրը՝ Սեդա Ավագյանը։- Բժիշկներն ասացին, որ նա երիկամային հիվանդություն ունի, էն էլ էնպիսի հիվանդություն, որ կամաց-կամաց երիկամները կնճռոտվում, փոքրանում են»։ Հիվանդության պատճառը, ամենայն հավանականությամբ, մութ ու ցուրտ տարիներն էին։ Բժիշկների ասելով՝ չի բացառվում նաեւ, որ երկրաշարժի ողբերգությունը հետք թողած լինի մոր հղիության վրա։
Վարդանի ավագ եղբայրը' Վասպուրակը, մահացել է 1988թ.-ի երկրաշարժի ժամանակ. չի հասցրել դուրս փախչել դպրոցից։ Միջնեկը' Վահեն, զոհվել է Արցախյան պատերազմում։ Վարդանը ծնողների վերջինն ու միակն է։
Վարդանն ամբողջ օրը զբաղվում է քեռու երեխաների հետ, օգնում փոքրին՝ կատարել դպրոցական հանձնարարությունները, համակարգչային խաղերից ռեկորդներ է սահմանում ու ֆիլմեր դիտում. տեսաերիզների մեծ հավաքածու ունի։
Մայրը նշում է, որ Վարդանը սկզբում շատ վատ էր տանում դիալեզը, նույնիսկ կոմայի մեջ է ընկել։ Հիմա ավելի սովորական է դարձել 3 ժամ հիվանդասենյակում պառկելը, մինչ երակին միացված սարքը երիկամի փոխարեն մաքրում է արյունն ավելորդ ու թունավոր նյութերից։ Դիալեզից հետո մի քանի ժամ, նույնիսկ մինչեւ հաջորդ օրը, տղան սրտխառնոց ու թուլություն է զգում։
«Ես էստեղ, կարելի է ասել, ամենաառողջ հիվանդն եմ։ Ընդամենը 6 ամիս եմ գալիս, իսկ ընկերներս արդեն մի քանի տարի դիալեզ են ստանում»,- ասում է Վարդանը։ Նրա համար հիվանդանոցում բուժվողները «մի ընտանիք են, ուր կան շատ երեխաներ ու մամաներ», հայրերը հազվադեպ են գալիս հիվանդանոց։
Տիգրանը 23 տարեկան է, 13 տարի է՝ կապված է դիալեզի սարքին։ Վարդանի հետ մտերմացել է հիվանդանոցում: Տիգրանն անընդհատ կատակում է. ասում է, որ դա օգնում է ապրել։
Լուսինեն ավարտել է Բրյուսովի անվան լեզվագիտական համալսարանը։ Բուհ ընդունվելու համար կրկնուսույցի մոտ չի պարապել, այլ սովորել է բժշկական կենտրոնին կից գործող դպրոցում։ Արտերկրի բարերարների միջոցներով գործող այս եզակի կենտրոնում հիվանդ երեխաներին օգնում են ետ չմնալ դպրոցական ծրագրերից։
«Վարդանը շատ խելացի երեխա է։ Հիմա մենք եւ՛ փորձում ենք լրացնել դպրոցական ծրագիրը, եւ՛ ամեն ինչ անում ենք, որ նա կարողանա բուհ ընդունվել։ Մեր աշակերտներից Լուսինեն բուհ է ընդունվել, շատերն էլ ուսումնարաններ ու տեխնիկումներ են ավարտել՝ էստեղ սովորելով»,- ասում է Հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհին՝ Անահիտ Բաղդասարյանը։
Վարդանը երազում է բժշկական համալսարան ընդունվել, որպեսզի բոլորին ցույց տա, թե ինչ ասել է լավ բժիշկ լինել։ Բայց հույս չունի, թե այս տարի կհաջողվի. «Ես հաճախ եմ տխրում, որովհետեւ հասկանում եմ, որ ամեն ինչ անիմաստ է։ Դիալեզից հետո մի օր ես ի վիճակի չեմ ինչ-որ բան կարդալ, պարապել։ Ե՞րբ հասցնեմ»,- ասում է նա։
«Դիալեզը բուժում չէ։ Սա ընդամենը նախապատրաստում է վիրահատությանը,-բացատրում է «Արաբկիր» բժշկական կենտրոնի բժշկուհի Միլենա Ոսկանյանը։- Սարքն ամբողջությամբ չի կատարում երիկամի աշխատանքը, հետեւաբար, ամեն դեպքում, թունանյութեր մնում են օրգանիզմում։ Պետք է երիկամը փոխպատվաստել»։
«Սա Հայաստանի մասին DVD-ն է, որի մեջ Լուսինե Թովմասյանն է խաղում։ Գնել էի, որ հետս տանեի Գերմանիա, այն էլ... Չստացվեց»,- ֆիլմերի իր հավաքածուն ցույց տալով՝ պատմում է Վարդանը։ Անցած տարի, երբ տղայի վիճակը կտրուկ վատացել էր, ծնողները փորձել են նրան Գերմանիա ուղարկել՝ վիրահատության։
«Մեզ ասացին՝ ձեր տեղը Գերմանիան է, էնտեղ էս հիվանդությունը լավ են բուժում։ Մենք էլ ծանոթներ ունեինք այնտեղ (Վարդանն ամռանը ծանոթացել էր Սպիտակ եկած գերմանացի կամավորների հետ), գրեցինք նրանց Վարդանի վիճակի մասին, ասացին, որ ամեն ինչով կօգնեն, միայն թե մենք երեխային հասցնենք Գերմանիա»,- պատմում է տիկին Սեդան։
Նա այդպես էլ Գերմանիայի դեսպանատուն չի դիմել, քանի որ դրա համար անհրաժեշտ է Առողջապահության նախարարության գրավոր համաձայնությունը։ «Նախարարությունն էլ կասի՝ մենք էլ ենք բուժում էդ հիվանդությունը, ինչու՞ եք ուզում ուրիշ տեղ տանել»,-ասում է տղայի մայրը։
«Արաբկիր» բժշկական կենտրոնում իսկապես անում են երիկամների փոխպատվաստման վիրահատություններ։ Տիկին Սեդան գիտի այս մասին, բայց գերմանացի բժիշկներին ավելի է վստահում. «Այստեղ այդ ամենը դեռ բարձր մակարդակի վրա չէ։ Նույնիսկ դիալեզից հետո երեխաները շատ վատ են զգում, ճնշման տատանումներ են լինում։ Իսկ Գերմանիայի մասին հրաշքներ են պատմում, ասում են՝ վիրահատությունը անցավ է ու առանց հետեւանքների»։
Հայաստանում վիրահատությունն արժե մոտ 18 000 դոլար։ Այս գումարը հայթայթելուց բացի Վարդանի ծնողները պիտի նաեւ դոնոր գտնեն։
«Սովետական Միության օրոք մենք դրսից՝ հիմնականում Ռուսաստանից, դիակային դոնոր օրգաններ էինք ստանում։ Հիմա անկախ երկիր ենք, եւ Հայաստանի օրենսդրությունը թույլ չի տալիս օրգան վերցնել մահացածից, եթե նա կենդանության օրոք գրավոր համաձայնություն չի տվել»,-ասում է բժշկուհին։
Վարդանը 1-ին խմբի արյուն ունի. մոր ու որդու արյան խմբերը չեն համընկնում, հայրը' Աշոտ Ղուկասյանը, տիկին Սեդայի խոսքով, հիվանդ է ու էլի չի կարող դոնոր լինել։
«Դե, եղբայր, քույր չունի տղաս, մնում են հորաքույր, մորաքույր... մյուս ազգականները։ Նրանք էլ օգնության ձեռք կմեկնե՞ն արդյոք»,-հարցնում է տիկին Սեդան։ Նրա խոսքով՝ կամովին իր օրգանից հրաժարվող մարդ շատ դժվար է գտնել, իսկ օրգանների վաճառքը արգելվում է օրենքով։
Վարդանի ծնողները չեն աշխատում. մայրը հազիվ հասցնում է տղայի մասին հոգ տանել, հայրն էլ Սպիտակում գործ չի գտնում։ Օգնության համար որեւէ կազմակերպության կամ բարերարի չեն դիմել. հույս չունեն, թե որեւէ մեկը կօգնի իրենց:
Լուսինե Գրիգորյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել