HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հայաստանում տղամարդիկ մեկ ժամում 28.4 %-ով ավելի են վաստակում, քան կանայք

Հայաստանում տղամարդիկ մեկ ժամում միջինում ավելի շատ են վաստակում, քան կանայք։ Ավելին, ինչպես փաստում է Վիճակագրական կոմիտեի հետազոտությունը, կան ոլորտներ, որոնք ավելի «տղամարդկային» են, ինչպես հանքարդյունաբերությունը, պետական կառավարումը և այլն։ Բացի այդ, ղեկավար պաշտոններում կանանց ավելի քիչ կարելի է հանդիպել։

Հայաստանում միջին վիճակագրական տղամարդը մեկ ժամում 28.4%-ով ավելի շատ է վաստակում, քան կինը։ Այս մասին են վկայում Վիճակագրական կոմիտեի (ՀՀ ՎԿ) և «ՄԱԿ կանայք» կազմակերպության համատեղ հետազոտության տվյալները։ Սա վարձատրության գենդերային խզվածքն է, որը ցույց է տալիս տղամարդկանց և կանանց ժամային միջին աշխատավարձերի տարբերությունը՝ հաշվի առնելով նրանց տարբեր ձեռքբերումները, հիմնականում՝ կրթությունը, ինչպես նաև աշխատանքին առնչվող այլ բնութագրեր։

Համաձայն հետազոտության արդյունքների՝ ավելի «տղամարդկային» ոլորտներ կարելի է համարել հանքարդյունաբերության, էլեկտրականության, գազի շինարարության, փոխադրումների և պետական կառավարման ոլորտները: Կանայք ավելի հաճախ զբաղված են կրթության, առողջապահության և սոցիալական ապահովության ոլորտներում: Ղեկավար պաշտոններում կանանց ավելի քիչ կարելի է հանդիպել։ Այդուհանդերձ, բարձր և միջին որակավորման մասնագետների, ինչպես և գրասենյակային ծառայողների թվում գերակշռում են կանայք: 

Այդ հետազոտւթյունն իրականացվել է Հայաստանում վարձատրության գենդերային ճշգրտված խզվածքը հաշվարկելու և դրա հետ կապված՝ աշխատաշուկայում կանանց տնտեսական անհավասարությունը վերհանելու նպատակով: Այն հիմնված է Վիճկոմիտեի իրականացրած Աշխատուժի հետազոտության 2018 թվականի արդյունքների վրա եւ ներառում է աշխատանքային տարիքի (15-64 տարեկան) 18 553 անձ, որոնցից 8 388-ը եղել են վարձու աշխատողներ: 

Թե բացարձակ արժեքով որքան է կազմում տղամարդկանց և կանանց մեկ ժամվա միջին աշխատավարձը Հայաստանում, այս հետազոտության մեջ ներկայացված չէ։ Պարզաբանվում է, որ կատարվել են լոգարիթմային հաշվարկներ, և նպատակը ոչ թե աշխատավարձերի բացարձակ արժեքները ներկայացնելն է եղել, այլ գենդերային տարբերությունը՝ խզվածքը։

Ինչու է ժամային աշխատավարձի հաշվարկն ավելի մոտ իրականությանը, քան ամսական հաշվարկը

Ժամային վարձատրությունն ավելի ճշգրիտ է ներկայացնում աշխատավարձի էությունը։ Ենթադրենք, տղամարդը ամսական ստանում է 200 հազար դրամ, կինը՝ 150 հազար  դրամ աշխատավարձ, կստացվի, որ կինը մեկ ամսում 25%-ով ավելի քիչ է վարձատրվում, քան տղամարդը։ 

 Սակայն, երբ այս հաշվարկն արվի ոչ թե ամսական կտրվածքով, այլ՝ ժամային, կարող է պարզվել, որ կինը օրվա ընթացքում մի քանի ժամ պակաս է աշխատում, քան տղամարդը (ինչպեսև պարզվել է այս հետազոտության արդյունքում): Այստեղ նաև կնոջ՝ ավելի ցածր վարձատրության մյուս պատճառներն են վերլուծվում՝ արդյոք կրթության ավելի ցածր որակն է պատճառը, արդյոք ընտանեկան դրությունն է խանգարում և այլն։  

Համեմատության համար նշենք, որ եթե դիտարկվում է կնոջ և տղամարդու ամսական միջին աշխատավարձի տարբերությունը, տղամարդիկ գրեթե կիսով չափ ավելի բարձր են վարձատրվում:

Կանայք ավելի քիչ են աշխատում, քան տղամարդիկ

Հայաստանում կանայք և տղամարդիկ աշխատում են տարբեր ժամաքանակով, որը ամսական վարձատրության գենդերային տարբերության պատճառներից է։ Կանայք աշխատում են ավելի քիչ ժամեր, ինչը նաև կապ ունի չվճարվող կենցաղային աշխատանքների վրա ծախսված ժամանակի հետ։ Ընդ որում՝ այս տարբերությունն առկա է տարիքային, մասնագիտական և տնտեսական կարգավիճակի տարբեր խմբերում: 

Միջին վիճակագրական հայաստանցի տղամարդը շաբաթական աշխատում է 45.2 ժամ, մինչդեռ կինը՝ 39.1 ժամ։ Այսինքն՝ կինը շաբաթական 6.1 ժամով ավելի քիչ է աշխատում, քան տղամարդը։

Ինչպես ցույց են տվել հետազոտության արդյունքները, կանանց ընտանեկան պարտականությունները ևս ազդում են այս հանգամանքի վրա։ Մասնավորապես, կանայք ավելի շատ ժամանակ են ծախսում ընտանիքի հիվանդ, տարեց կամ հաշմանդամություն ունեցող անդամների և երեխաների խնամքի վրա, քան տղամարդիկ: Այս տարբերությունն առավել ցայտուն է դառնում տնային գործերի դեպքում։

Ամուսնական զույգերի պարագայում ավելի քիչ են մայրերի զբաղվածության դեպքերը, հատկապես երիտասարդ, վերարտադրողական տարիքում և, հետևաբար, ավելի մեծ՝ զբաղվածության գենդերային խզվածքը: 

Հետազոտության հեղինակները եզրակացրել են, որ այս ամենը վկայում է գենդերային խտրականության մասին։ Եվ կանանց ու տղամարդկանց առնվազն երեք քառորդն աշխատանքի ոլորտով և զբաղմունքով պետք է փոխատեղվեն, որպեսզի բաշխումը դառնա նույնական: 

Աշխատունակ տարիքի տղամարդկանց 50.8%-ն է զբաղված, կանանց՝ 39.3%-ը

Հայաստանում 15-64 տարեկան (ԵՄ ստանդարտներով՝ աշխատունակ տարիք) բնակչության զբաղվածության մակարդակը կազմում է 44.8%: 

Նկատելի է, որ կանանց շրջանում զբաղվածության մակարդակն ավելի ցածր է (39.3%), քան տղամարդկանց շրջանում (50.8%): 

Զբաղվածության մակարդակը ամենացածրն է երիտասարդության (15-24 տարեկան) շրջանում: Հայաստանում բավականին բարձր է ինքնազբաղվածների մասնաբաժինը, չնայած ինքնազբաղվածության ոլորտում առկա է գենդերային մեծ խզվածք՝ հօգուտ տղամարդկանց: Պատկերը հակառակն է առանց վարձատրության աշխատող ընտանիքի անդամների դեպքում, չնայած վերջիններիս մասնաբաժինը շատ փոքր է: Վարձու աշխատողները կազմում են զբաղվածների մոտ երկու երրորդը, որոնց կազմում գերակշռում են կանայք:

Գործազուրկ կանայք ավելի կրթված են, քան տղամարդիկ

Հետազոտության հեղինակները նաև փորձել են պարզել, թե կրթության ինչ մակարդակ ունեն գործազուրկները։ Պարզվել է, որ գործազուրկ կանայք ավելի կրթված են, քան տղամարդիկ։ 

Հայաստանում աշխատող կանայք ունեն աշխատող տղամարդկանց հետ նմանատիպ բնութագրեր, մինչդեռ գործազուրկ կանայք զգալիորեն ավելի լավ բնութագրեր ունեն թե՛ գործազուրկ տղամարդկանց, թե՛ զբաղված կանանց համեմատությամբ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter