
Կադաստրի կոմիտեն նախատեսում է կադաստրային արժեքի տարբերության վճարման նոր պայման սահմանել
Անշարժ գույքի կադաստրի կոմիտեն առաջարկում է կադաստրային արժեքի տարբերության վճարման պայման սահմանել, եթե առանց կադաստրային արժեքի վճարման հողամասի նպատակային նշանակությունը փոխելուց հետո հողամասի սեփականատերը նախատեսում է կրկին փոխել հողամասի նպատակային նշանակությունը:
«Հողային օրենսգրքում» նման փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծ է քննարկման ներկայացվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
Գործող օրենքով՝ քաղաքացիների կամ իրավաբանական անձանց սեփականությունը հանդիսացող հողամասերի նպատակային նշանակությունը սեփականատիրոջ նախաձեռնությամբ ջերմոցային, անասնապահական, թռչնաբուծական, պտուղ-բանջարեղենի սառնարանային պահպանության, գյուղատնտեսական մթերք վերամշակող տնտեսությունների և ձկնաբուծական արհեստական լճակների համար օգտագործվող (նախատեսվող) հողամասերի փոփոխելու դեպքում, հողամասի սեփականատերը կադաստրային արժեքի տարբերությունը չի վճարում, և առկա չէ հետագայում հողամասն այլ շինությունների, տնտեսությունների համար օգտագործելու դեպքում կադաստրային արժեքի տարբերության վճարման պահանջ:
Առաջարկվող նոր փոփոխությամբ՝ նախատեսվում է փոփոխված նպատակային նշանակության պետական գրանցումն իրականացնել կադաստրային արժեքների տարբերության անդորրագրի հիման վրա:
Իսկ հողամասի նկատմամբ փոփոխված նպատակային նշանակությամբ իրավունքների պետական գրանցումը կմերժվի, եթե չի ներկայացվում հողամասերի՝ տվյալ պահին գործող կադաստրային արժեքների տարբերության վճարման անդորրագիրը: Նշենք, որ գործող իրավակարգավորումներով այժմ նախատեսված չէ իրավունքի պետական գրանցման մերժում հողամասի նպատակային նշանակության փոփոխելու մասով կադաստրային արժեքների տարբերությունները չվճարելու դեպքերի համար:
Քաղաքացիներին ու իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերում ինքնակամ կառույցներն օրինականացնելիս՝ հողամասերի նպատակային նշանակության փոխելու դեպքում կադաստրային արժեքների տարբերության վճարում ևս նախատեսվում է։
Մեկնաբանել