HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրայր Թովմասյանի նախկին վարորդին մեղադրանք է առաջադրվել Միհրան Պողոսյանի կողմից պետական միջոցներից ավելի քան 5 մլն դրամի հափշտակությանն օժանդակելու համար

Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա Ա. Հ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա 2011-2015 թվականներին օժանդակել է այդ ժամանակահատվածում ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության պետի պաշտոնը զբաղեցրած Միհրան Պողոսյանի կողմից պետական միջոցներից վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով`  5.712.550 դրամի հափշտակությանը:

ՀՔԾ մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ ըստ առաջադրված մեղադրանքի` Ա. Հ.-ն, փաստացի կատարելով Արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցրած Հրայր Թովմասյանի վարորդի պարտականությունները, 2011 թվականի ապրիլի 22-ին աշխատանքի ընդունման վերաբերյալ դիմում է ներկայացրել ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության պետ Միհրան Պողոսյանին: Վերջինս, տեղեկացված լինելով Ա. Հ.-ի կողմից փաստացի նախարարի վարորդի պարտականությունները կատարելու մասին, ներկայացված փաստաթղթերի հիման վրա համապատասխան աշխատանքային պայմանագրեր է կնքել Ա. Հ.-ի հետ՝ 2011-2015 թվականներն ընկած ժամանակահատվածում նրան աշխատանքի նշանակելով նախ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության անվտանգության աշխատակցի, այնուհետև` նույն կառույցի տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման և համակարգի ավտոմատացման բաժնի առաջին կարգի խորհրդատուի, ապա` Երևան քաղաքի Շենգավիթ բաժնի հարկադիր կատարողի պաշտոններում` միաժամանակ նրան գործուղելով հարկադիր կատարման օպերատիվ բաժին: 

Ա. Հ.-ն վերը նշված ժամանակահատվածում աշխատանքի չի հաճախել և առանց համապատասխան պաշտոններից բխող գործառութային պարտականությունները կատարելու պետական բյուջեի՝ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայությանը հատկացված միջոցներից աշխատավարձի և դրամական այլ բավարարման ձևով ստացել է իր անվամբ հաշվարկված և պետական կառույցի բյուջեից ելքագրված 5.712.550 դրամ գումար և այդ կերպ օժանդակել Միհրան Պողոսյանի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով վատնման եղանակով պետական բյուջեի միջոցներից առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակությանը:

Առաջադրված մեղադրանքում Ա. Հ.-ն իրեն մեղավոր է ճանաչել, հատուցել է պետությանը պատճառված վնասի մի մասը և պատրաստակամություն հայտնել վնասը հատուցել ամբողջությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter