HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լևոն Բարսեղյանը` Մաշտոցի այգում ոստիկանության գործողությունների շուրջ տեղի ունեցած քննարկման մասին

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լ.Բարսեղյանը մարտի 17-ին մասնակցել է ՀՀ ոստիկանություն կազմակերպած քննարկմանը, որին մասնակցում էին ոստիկանության ավելի քան 10 պաշտոնյաներ, այդ թվում` ոստիկանության պետի տեղակալ Ա.Օսիկյանը, Ռ.Մելքոնյանը, Երեւանի Մաշտոցի պուրակում ցուցարարների հետ շփված եւ վրանը փախցրած ոստիկաններից մի քանիսը, ՀՀ Աժ պատգամավոր Ա.Բախշյանը, ԵԱՀԿ փոխդեսպան Կարլ Հոֆստրան, Մեծ Բրիտանիայից հրավիրված հավաքների եւ ցույցերի գծով մի փորձագետ, բնապահպան-քաղաքացի Լ.Գալստյանը, Ա.Դ.Սախարովի անվան ՄԻՊ հայաստանյան կենտրոնի իրավաբան Մ.Խաչատրյանը, փաստաբանների պալատի փոխնախագահ Ա.Զոհրաբյանը, իրավաբաններ Վ.Պողոսյանը, Հ.Ղուկասյանը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալներ Գ.Մուրադյանը եւ Ռ.Մելիքյանը, Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ա.Իշխանյանը եւ կազմակերպության իրավաբանը, «ՄԻ պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Ս.Սահակյանը, «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի նախագահ Ս.Այվազյանը, Երեւանի ֆիզիկայի ինստիտուտի աշխատակից Դ.Իոաննիսյանը, Սիվիլիթասի ներկայացուցիչը: 

Քննարկումը վարում էր ոստիկանության պետի տեղակալ Ա.Օսիկյանը, որը բացման խոսքում կամեցավ քննարկումը տանել ընդհանուր խնդիրների եւ տեսական բանավեճի ուղղությամբ, ինչը չհաջողվեց, որովհետեւ, բոլոր նրանք, ովքեր պետական պաշտոնյաներ չէին, սկսեցին խոսել Մաշտոցի պուրակից 2 օր առաջ բնապահպան ցուցարարների վրանի հափշտակման դեպքի մասին: Ա.Օսիկյանը բացման խոսքից հետո ներկա 6-7 հեռուստաընկերությունների նկարահանողներին եւ լրագրողներին դուրս հրավիրեց «անկաշկանդ զրույց վարելու» պատճառաբանությամբ: Ես առարկեցի, թե ներկա մնացողների մեջ լրագրողներ էլ կանք, եւ մենք գրելու, խոսելու ենք քննարկման մասին, խնդրեցի վերանայել դիրքորոշումը եւ խտրականություն չդնել: Սակայն խնդրանքս չընդունվեց: Քիչ անց սրահ վերադարձավ, ենթադրաբար, ոստիկանության օպերատորը եւ շարունակեց նկարահանել, ես նորից հիշեցրի խտրականության մասին, Ա.Օսիկյանը խոստացավ, որ այդ տեսագրությունը կտրամադրվի բոլորին: Սա, իհարկե, խնդիրը չէր կարգավորում, որովհետեւ նկարահանումն ընտրովի էր եւ ոչ անընդհատ: Մի կողմից հասկանալով, որ «02»-ով կարող են հերթական շոուն սարքել, իսկ մյուս կողմից, կամենալով ցուցարարների վրանը փախցնելու մասին պատշաճ բացատրություն ստանալ ոստիկաններից, ստիպված որոշեցի մնալ հանդիպմանը մինչեւ վերջ:

Քննարկման ժամանակ արդարադատության նախարարության ներկայացուցիչների դիրքորոշումը համընկնում էր ոստիկանության դիրքորոշմանը, այն տարբերությամբ, որ ոստիկանության ներկայացուցիչները միայն ասում էին, թե իրենց օրինական պահանջը չեն կատարել ցուցարարները, եւ իրենք ապամոնտաժել են վրանը, իսկ օրինականության իրավական հիմքերը, նորմատիվ ակտերը, որեւէ օրենքից, ենթաօրենսդրական ակտից մեջբերում անել չկարողացան:

Արդարադատության նախարարի տեղակալ Ռ.Մելիքյանը շեշտադրում էր այն հանգամանքը, որ ամեն ինչ չէ, որ հնարավոր է օրենսդրական կարգավորման ենթարկել ու ոստիկանները հայեցողական մոտեցման իրավունք ունեն, ինչով փորձում էր արդարացնել ոստիկանության գործողությունները:

Քննարկմանը ներկա իրավաբաններն ու պետական պաշտոնյաները խնդիրը հիմնականում փորձեցին քննարկել տեսական հարթության վրա, մասնավորաբար մեջբերելով ՀՀ Սահմանադրության  42-րդ հոդվածի` «.. Յուրաքանչյուր ոք ազատ է կատարելու այն, ինչն արգելված չէ օրենքով եւ չի խախտում այլոց իրավունքները եւ ազատությունները: Ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով:» դրույթը, եւ հակադարձելով, թե «(Հոդված 47) Յուրաքանչյուր ոք պարտավոր է պահպանել Սահմանադրությունը եւ օրենքները, հարգել այլոց իրավունքները, ազատությունները եւ արժանապատվությունը», այդպիսով, իբր, հիմնավորելով, թե ցուցարարների վրանի տեղադրմամբ ոտնահարվել են այլոց իրավունքները:

Ա.Բախշյանը տեղեկացրեց, որ, երբ իմացել է թե, իբր ծննդատան տնօրենը ծննդատան անդորրը ցուցարարների բողոքի ակցիաներով խաթարվելու բողոք է հղել ոստիկանություն, ինքն անմիջապես զանգել է ծննդատան տնօրենին, սակայն պարզվել է, որ վերջինս արտերկրում է եւ բողոք չի ներկայացրել: Տիկին Բախշյանը ոստիկաններին բացատրեց, որ իրենք ուշ թե շուտ համոզվելու են, որ հենց իրենք` ոստիկանները, պիտի վրան տանեն ու տան ցուցարարներին, որ վերջիններս պաշտպանվեն ցրտից ու անձրեից:

Ավետիք Իշխանյանը պատմեց, որ ինքը Մաշտոցի պուրակում ոստիկանության ներկայացուցչի հետ ջենտլմենական պայմանավորվածություն է ունեցել, որ մեկ վրանը ոստիկանները չեն հանի, բայց եւ ցուցարարները վրանների թիվը չեն ավելացնի, սակայն մեկ-մեկուկես օր անց ոստիկանները, խախտելով պայմանավորվածությունը, վրանը տարել է:   

Ես, փաստաբանների պալատի փոխնախագահ Ա.Զոհրաբյանը եւ ուրիշներ պնդեցինք, որ վրանը ցուցարարները ինքնանպատակ չեն տեղադրել, այլ` քամուց, անձրեւից եւ ձյունից պաշտպանվելու համար, եւ վրանը հափշտակելը համաչափ գործողություն չի եղել: Իրավաբան Վ.Պողոսյանը, հակադարձեց, թե վրանը չի կարող լինել ցուցարարների բողոքն արտահայտելու ընթացքում պաշտպանվելու միջոց: 

Ոստիկանները մի քանի անգամ ասացին, թե ոստիկանությունը հնարավորություն է տվել ցուցարարներին իրենց բողոքն արտահայտել Մաշտոցի պուրակում, ստիպված ուղղեցինք, թե այդ հնարավորությունը ցուցարարներն ունեն Սահմանադրությամբ եւ ոչ թե ոստիկանների բարի կամքով:

Ես իմ խոսում բացատրեցի, որ ցուցարարները ՀՀ Սահմանադրությունը լուրջ ընդունած մարդիկ են եղել, եւ գործել են բացառապես օրինական, բացատրեցի, որ ոստիկանությունը խտրական վերաբերմունքն է ունեցել նույն տարածքում իրականացվող երկու գործառույթների նկատմամբ, մի կողմից ապօրինաբար այնտեղ իրականացվող շինարարության ու տեղադրվող կրպակների դեմ ոչինչ չի արել, իսկ մյուս կողմից` 4 քառակուսի մետրանոց վրանի դեմ հարձակում է գործել:

Բացատրեցինք, որ վրանը հանելու պատճառաբանության մեջ «ոստիկանության օրինական պահանջը չեն կատարել»-ը պատշաճ բացատրություն չէ, պիտի բերեն իրենց նշած օրինականության հիմքերը, այլապես ստացվում է, որ ոստիկանն ինչ ասում է` օրինական է: Որոշ հակադարձումներ եղան, թե վրանի տեղադրումը վնասել է այլոց իրավունքներին, բայց մեր համառ հարցերին, թե` ինչպես ու ում իրավունքներին, պատասխան չկարողացան տալ:

Իմ հակադարձմանը, թե ինչո՞ւ եք խտրական վերաբերվում տարբեր վրանների. ինչո՞ւ ընդդիմության 60 վրանները 2011-ին հոկտեմբերին Ազատության հրապարակում ոստիկանությունը գտել է, որ օրինական են, իսկ բնապահպանների 4 քառակուսի մետրանոց մեկ վրանը` անօրինական, պատասխան չունեին, Ա.Օսիկյանը փորձեց շահարկել հարցս, թե դե՞մ եք, որ թույլ ենք տվել ընդդիմությանը վրաններ տեղադրել Ազատության հրապարակում, ինչով խուսափեց պատասխանից:

Ես բացատրություն պահանջեցի նաեւ ոստիկանների ռեպլիկների մասին, մասնավորաբար` համացանցում առկա տեսագրություններում լսվող այն բացականչություններին, երբ նրանք ասում են. «…լկտիություն եք անում», հարցրեցի, թե ոստիկանության գո՞րծն է նման վիրավորանքներ ու բացականչություններ անելը: Բացատրություն  չեղավ:

Քննարկման մասնակիցների գրեթե կեսի պահանջին` ցուցարարների վրանը հանելու իրավական հիմքերը ներկայացնել, մատնանշել օրենքի կամ այլ իրավական ակտերի այն դրույթները, որոնց հիման վրա ոստիկանները նման գործողություն են կատարել, ոստիկանության ներկայացուցիչները չկարողացան հիշատակել որեւէ հոդված, որը կհիմնավորեր իրենց գործողությունների օրինականությունը:    

Ես զգուշացրեցի ոստիկանության ներկայացուցիչներին այն, ինչ մտածում եմ, որ չի բացառվում, որ տեղի ունենա. բացատրեցի, որ, երբ իրենք բռնանում են ցուցարարների ազատ կամաարտահայտման օրինական ձեւերի եւ օրինական գործողությունների վրա, իրական ռիսկ են ստեղծում, որ ցուցարարների մի մասը, ստիպված է լինելու պայքարի բոլորովին այլ միջոցների անցնել:  

Քննարկման վերջում իր մեկնաբանությունները ներկայացրեց ԵԱՀԿ հավաքների եւ բողոքի ակցիաների գծով հրավիրված բրիտանացի փորձագետը, որը, պատմելով, որ այդ տարածքում ապրելու հանգամանքով պայմանավորված, օրական մի քանի անգամ անցել-դարձել է Մաշտոցի պուրակով, մի քանի կարեւոր հանգամանք շեշտադրեց.-(1) Բողոցի բոլոր ակցիաների դեպքում էլ, երբ էլ լինեն, որտեղ էլ լինեն, այլ մարդկանց իրավունքների մասնակի սահմանափակումներ են տեղի ունենում, դրանից խուսափել հնարավոր չէ, (2) ոստիկանների թիվը Մաշտոցի պուրակում անհամաչափ է եղել իրադրությանը եւ ցուցարարների թվին. կարող էին շատ ավելի պակաս թվով ոստիկաններ իրականացնել այն գործառույթները, ինչ կոչված էին անել այնտեղ, (3) իսկ վրանի հետ կապված, ասաց, որ այդ վրանը իր 30-ամյա փորձագիտական կենսագրության մեջ իր տեսած ամենափոքր վրանն էր` հասկացնելով, որ այն որեւէ մեկին վնաս չէր տալիս: Իմ տպավորությամբ, դատելով ոստիկանների հոգոցներից նրա ելույթի ընթացքում, փորձագետի մեկնաբանությունները ոստիկանության ներակայացուցիչներին դուր չեկավ:

Ա.Օսիկյանը եզրափակիչ խոսքում նշեց, որ ոստիկանությունում Էթիկայի հանձնաժողովի նման մի մարմին են ստեղծում, որում նպատակ ունեն ներգրավել հասարակության ներկայացուցիչներին նույնպես, եւ այդ մարմինը քննարկելու է ոստիկանների դեմ եղած բողոքները:

Ամենավերջում ես տեղեկացրի բոլորին, որ Մաշտոցի պուրակի ցուցարարները հայտարարել են, որ չեն մասնակցելու այս քննարկմանը, բոյկոտում են այն, եւ տեղեկացրի, որ քանի որ ես չստացա ինձ հուզող հարցերի պատասխանները, ոստիկանները չկարողացան հիմնավորել իրենց` վրան տանելու գործողությունները, ավելորդ եւ անտեղի եմ համարում իմ հետագա մասնակցությունը այսօրինակ քննարկումներին: 

Քննարկումը տեւեց 2 ժամ 50 րոպե: 

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ 

Լեւոն Բարսեղյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter