HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

ՊԵԿ. այս տարի բյուջե է վերականգնվել 1.640 մլրդ դրամ

Այս տարվա առաջին յոթ ամիսներին (2020 հունվար-հուլիս) Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության ստորաբաժանումների կողմից իրականացված աշխատանքների արդյունքում պետական բյուջե է վերականգնվել է 1.640  մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 1.413 մլրդ դրամի դիմաց։  Այս մասին այսօրվա ասուլիսին հայատարարեց ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության պետ Վահան Չարխիֆալակյանը։

ՊԵԿ-ը վարչարարական գործիքներ է կիրառում հարկային իրավախախտումները բացահայտելու համար։ Դրանք հիմնականում ստվերային շրջանառությունները, աշխատավարձերի պակաս գրացումները, բիզնեսի արհեստական տրոհումները և այլ ապօրինությունները բացահայտելու ուղղությամբ են։

Այս ընթացքում առանձնակի ուշադրություն է  դարձվել համավարակի պայմաններում հնարավոր շահարկումների ռիսկերին։ Առանձնացվել են տնտեսության առանձին ռիսկային բնագավառներ, որոնք պահանջել են հսկողական առանձնակի աշխատանքներ։

Ընդհանուր առմամբ, ըստ Վահան Չարխիֆալակյանի, այս տարվա առաջին յոթ ամիսներին ձեռնարկվել են 1750 օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնցից 731-ի դեպքերով իրավախախտումներ են գրանցվել և արձանագրվել է, որ տնտեսվարողները խուսափել են մոտ 2.8 մլրդ դրամի հարկային պարտավորություններից։

Համեմատության համար՝ 2019 թվականի նույն համադրելի ժամանակահատվածում 1450 միջոցառումների արդյունքում 567 իրավախախտման դեպք է բացահայտվել՝ 431 մլն դրամի հարկային պարտավորություններից խուսափելու համար։  

Այս դեպքերը ցույց են տվել, որ տնտեսվարողները տարատեսակ ճանապարհներով խուսափել են համապատասխան հարկեր վճարելուց։ Ամենատարածված եղականերից մեկը բիզնեսը տրոհելն է։ Նպատակը շրջանառության ծավալները բաշխելու միջոցով փոքրացնելը և ավելացված արժեքի հարկի դաշտ չտեղափոխվելն է եղել։ 

Բազմաթիվ հարկ վճարողներ ստեղծում են մի քանի ընկերություններ՝ հարազատների, ընկերների ու ծանոթների անուններով, հարկման ավելի բարենպաստ ռիժում աշխատելու համար։ Օրինակ՝ երբ տարեկան շրջանառությունը չի գերազանցում 115 մլն դրամը՝ աշխատում են շրջանառության հարկով հարկման դաշտում, որի դրուքաչափը 5% է, իսկ եթե չտրոհեին պետք է տեղափոխվեին հարկման ընդհանուր դաշտ և վճարեին ավելացված արժեքի հարկ՝ 16.67-20%:

Ստուգումների հիմնական մասն իրականացվում է գաղտնի 

Օրինախախտ տնտեսվարողների նկատմամբ ստուգումները կատարվում են բացահայտ կամ գաղտնի։ Ըստ ՊԵԿ ներկայացուցչի՝ հիմնական մասն իրականցվում է գաղտնի։ Այդ դեպքում հարկ վճարողը տեղյակ չի լինում, որ իր նկատմամբ իրականացվում են միջոցառումներ։ Այդ ընթացքում հավաքվում են անհրաժեշտ ապացույցներ, որոնք հետագայում հիմք են հանդիսանում Պետական եկամուտների կոմիտեի նախագահի կողմից համապատասխան որոշում կայացնելու համար։

«Օրինակ՝ եթե մենք գիտենք, որ երկու տնտեսվարող սուբյեկտների իրական շահառուն հանդիսանում է մեկ անձ, և պայմանական՝ երկու հագուստի առևտրի կենտրոններ է կազմակերպում, մենք մի խանութից կատարում ենք հսկիչ գնում, այնուհետև այդ գնված ապրանքը մյուս խանութին հանձնում ենք, փոխարինում ենք երկրորդ խանութում։ Կամ, ասենք մի խանութից ստանում ենք զեղչի քարտ և այդ քարտն օգտագործում ենք մյուս խանութում։ Սրանք բազմաթիվ ապացույցներից ընդամենը մի քանիսն են»,- նշեց Վահան Չարխիֆալակյանը։

Միջոցառումների ընթացքում բացահայտվում են նաև Քրեական օրենսգրքով արգելված արարքներ։ Այդ միջոցառումները ձեռնարկվում են կա՛մ ՊԵԿ օպերատիվ աշխատակցի ստացած տեղեկությունների հիման վրա և նրա նախաձեռնությամբ, կա՛մ երրորդ անձից ստացված տվյալների հիման վրա, կա՛մ քննիչների ու դատախազների կողմից տրված հանձնարարությունների հիման վրա։ 

Այս տարվա առաջին յոթ ամիսներին ՊԵԿ-ի հետաքննության մարմիններում հարուցվել է 285 քրեական գործ, որոնց շրջանակներում պետությանը պատճառած վնասը կազմում է  13.7 մլրդ դրամ։ Դեպքերը կրկին վերաբերում են հարկերը վճարելուց խուսափելուն, կեղծ կամ կանխամտածված անվճարունակության հատկանիշներ ստեղծելուն, ապօրինի  ձեռնարկատիրությամբ զբաղվելու և պետությանը վնաս հասցնելու, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մաքսանենգության գործերին։ Համեմատության համար՝ 2019 թվականի առաջին յոթ ամիսներին ընդհանուր առմամբ հարուցվել է 175  քրգործ, որոնցով հաշվարկված վնասը կազմել է 11.9 մլրդ դրամ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter