HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Մուշեղ Կոշեցյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

Հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք է առաջադրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Մուշեղ Կոշեցյանին և նրան կալանավորելու միջնորդություն ներկայացրել դատարան: Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Կոշեցյանի փաստաբան Գեղամ Հակոբյանը՝ նշելով, որ Կոշեցյանը մեղադրվում է քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք կատարելու մեջ, այսինքն՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

Կոշեցյանին վերագրվող ենթադրյալ արարքը վերաբերում է 2011 թվականին տեղի ունեցած կոլեգիալ մարմնում, այսինքն՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կազմում նրա քվեարկությանը:

Պաշտպանի խոսքով՝ Մուշեղ Կոշեցյանը երեկվանից ձերբակալված է, Հատուկ քննչական ծառայությունը նրան կասկածյալի կարգավիճակով հրավիրել է հարցաքննության երեկ առավոտյան, ժամը 09:00-ին, նա ներկայացել է և 09:11-ին՝ ձերբակալվել:

Պաշտպանը նշեց, որ երեկ ձերբակալման որոշման դեմ բողոք է ներկայացվել դատարան, որը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրի դատավոր Մնացական Մարտիրոսյանին: Գործով այսօր, ժամը 14:00-ին դատական նիստ է նշանակված եղել, սակայն մոտ կես ժամ ուշացմամբ նիստը բացելուց հետո դատավոր Մնացական Մարտիրոսյանը դահլիճ է եկել՝ իր հետ բերելով նաև Կոշեցյանին կալանավորելու միջնորդությունը, որը նոր էր մուտքագրվել դատարան:

Պաշտպանը վրդովմունք հայտնեց՝ նշելով, որ բոլոր այն գործերը, որոնցով ակնհայտ անօրինական մոտեցում է ցուցաբերվել և այդ անօրինականությունը պետք է սրբագրի, քննվում են Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում:

«Ես դա բարձրաձայնեցի նաև ձերբակալման իրավաչափության գործով դատական նիստի ընթացքում՝ հորդորելով դատավորին մաքրել այդ արատավոր անունը, որը ցավ է դարձել մեզ համար»,- ասաց Գեղամ Հակոբյանը և համոզմունք հայտնեց, որ Հատուկ քննչական ծառայությունը, պարզելով, որ Կոշեցյանին ձերբակալելու որոշման դեմ բողոքը մակագրվել  է դատավոր Մնացական Մարտիրոսյանին, հապճեպորեն ձեռնամուխ է եղել նաև Կոշեցյանին մեղադրանք առաջադրելու, նրան կալանավորելու միջնորդությունը դատարան մուտքագրելու գործին, որպեսզի կալանավորելու միջնորդությունը ևս նույն դատավորը քննի։

Մուշեղ Կոշեցյանին ձերբակալելու որոշման դեմ ներկայացված բողոքում պաշտպանը մի քանի հիմնավորումներ է ներկայացրել։ Գեղամ Հակոբյանի խոսքով՝  ձերբակալման որոշման մեջ նշված է եղել, թե «ականատեսը վկայում է հանցագործության կատարման մասին», մինչդեռ նման վկայություն լինել, ըստ պաշտպանի, չէր կարող։ Ձերբակալման հիմքում դրվել է նաև Կոշեցյանի փախուստը կանխելու նպատակը։ Գեղամ Հակոբյանն ասում է, որ իր պաշտպանյալը 2020 թվականի հունվար ամսին հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն, ներկայացել է, հարցաքննվել։ Երկրորդ անգամ Կոշեցյանը հարցաքննության է հրավիրվել երեկ։ Ըստ պաշտպանի՝ առավոտյան, ժամը 08:30-ին իր պաշտպանյալը ոստիկանի միջոցով ծանուցվել է հարցաքննության հրավիրվելու մասին, և կես ժամ անց արդեն ներկայացել վարույթն իրականացնող մարմնին։ Այսինքն՝ ըստ ԳԵղամ Հակոբյանի՝ ակնհայտ է, որ Մուշեղ Կոշեցյանը փախուստի դիմելու միտում չի ունեցել։

Նշենք, որ Կոշեցյանն անցնում է նույն գործով, որով երեկ ձերբակալվել է նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանը։ Վերջինիս ևս մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածով և կալանավորելու միջնորդություն ներկայացվել դատարան։

Երեկ Հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել քրեական գործի մասին՝ հայտնելով, որ Ռոբերտ  Նազարյանը, 2011 թվականի սեպտեմբերին կայացած նիստերի ընթացքում ՀՀ-ում հիդրոէներգետիկայի զարգացումը խրախուսելու պատրվակով սակագնային արտոնություններ է սահմանել Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հետ փոխկապակցված անձանց պատկանող «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերության համար։ Մասնավորապես՝ բնական ջրահոսքերի, ոռոգման համակարգերի և խմելու ջրատարների վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայանների համար մինչ այդ սահմանված 10 Մվտ տեղակայված հզորության փոխարեն առավելագույն հզորություն է սահմանել մինչև 30 ՄՎտ տեղակայված հզորությունը։ Կոշեցյանի մեղադրանքը ևս  այս դրվագին է առնչվում։

Անդրադառնալով Կոշեցյանի դիրքորոշմանն իրեն առաջադրված մեղադրանքի վերաբերյալ՝ Գեղամ Հակոբյանը նշեց, որ  Կոշեցյանը որևէ սուբյեկտիվ գործոնով պայմանավորված քվեարկություն չի կատարել, նրա դիրքորոշումն այն է, որ եթե այժմ էլ քվեարկեր, ապա նույն կերպ կքվերկեր։ Որոշման ճիշտ կիրառումն, ըստ Մուշեղ Կոշեցյանի, դրական ազդեցություն էր ունենալու Հայաստանի էներգետիկ անվտանգության, անկախության ու առհասարակ տնտեսության վրա։

Լուսանկարում՝ Գեղամ Հակոբյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter