HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռոբերտ Նազարյանին և հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին երկու անդամներին մեղադրանք է առաջադրվել. նախագահի նախկին տեղակալը ձերբակալվել է

Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում 06.08.2020թ.-ին ձերբակալված  հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանին, ինչպես նաև նույն օրը ձերբակալված հանձնաժողովի նախկին անդամներ Շիրազ Կիրակոսյանին և Մուշեղ Կոշեցյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ վերջիններս, առանձին տնտեսվարող սուբյեկտի համար արտոնություններ սահմանելու անձնական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, 2011 թվականի ընթացքում չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: Այս մասին տեղեկացնում է քննչական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Քրեական օրենսգրքի նույն հոդվածով նախատեսված արարք կատարելու կասկածանքով  նախօրեին ձերբակալվել է նաև հանձնաժողովի նախագահի նախկին տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը: 

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան` Ռ. Նազարյանի, Շ. Կիրակոսյանի և Մ. Կոշեցյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Ինչպես արդեն տեղեկացվել է, քրեական գործի նախաքննության ընթացքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ Ռոբերտ Նազարյանի և հանձնաժողովի վերը նշված անդամների գործողությունների պատճառով «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերության հիդրոէլեկտրակայանից արտադրված և առաքված էլեկտրական էներգիայի վաճառքի համար 2012-2019 թվականների ընթացքում սահմանվելիք սակագների փոխարեն նույն ժամանակահատվածների համար սահմանվել են կրկնակին գերազանցող սակագներ, որի հետևանքով «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերության կողմից ՀՀ-ում էլեկտրաէներգիա սպառող ֆիզիկական և իրավաբանական անձանցից հավելյալ ստացվել է առանձնապես խոշոր չափերի՝ 7,052,065,099 ՀՀ դրամ գումար:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter