HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Ավագյան

Լռությունը ոսկի է

Ամուլսարի շուրջ օգոստոսի 4-ից տեղի ունեցող իրադարձություններից հետո վարչապետն արագ պիտի արձագանքեր՝ լարվածության գեներացում թույլ չտալու, իրավիճակը լիցքաթափելու համար: Նա չի խոսում, որովհետև ասելու բան չկա: Ինչպես դեռևս 2 տարի առաջ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանն էր ասում, Ամուլսարի շահագործման որոշումը վարչապետը վաղուց էր ընդունել: Վարչապետն ինքն էլ գիտի, որ Ամուլսարի հանքի շահագործումը չարիք է երկրի համար, սակայն ձայն չի հանում:

Մինչ օրս Կառավարությունը հստակ չի ներկայացրել՝ ինչպե՞ս է հաշվարկել Ամուլսարի ոսկու հանքի շահագործման անհրաժեշտությունը, ի՞նչ օգուտներ ունի դրանից մեր պետությունը: Ըստ աշխատանքային զրո փորձ ունեցող «Լիդիան Արմենիա» ընկերության՝ Ամուլսարի ոսկու հանքից հնարավոր է կորզել 73,3 տոննա ոսկի, որը գնահատված է 3 միլիարդ դոլար: Ի՞նչ հիմքով է ՀՀ կառավարությունը համաձայնում այդ 73,3 տոննա ոսկին Հայաստանից դուրս տանելուն, երբ, ըստ Սահմանադրության, ՀՀ ընդերքը և ջրային ռեսուրսները բոլորինս են, նաև ապագա սերունդներինը: Կառավարությունը համաձայն է ոսկու այս ահռելի պաշարը կորզելուն ու Հայաստանից դուրս հանելուն՝ հանուն «Լիդիան Արմենիա»-ի կողմից` 1300 աշխատատեղ (խոսքը շինարարական աշխատանքների մասին է), իսկ հանքավայրի շահագործման ամբողջ ընթացքում 650-700 աշխատատեղ ստեղծելու և 498 միլիոն դոլար հարկ մուծելու խոստմա՞ն:

Ինչպե՞ս են հաշվարկված բնությանը, մարդկանց առողջությանը հասցվելիք անվերականգնելի վնասները:

Ի՞նչ է դրված նժարին. մի կողմում համաժողովրդական դժգոհությունն է, իսկ ի՞նչ կա մյուսին, որը, ստացվում է, ավելի ծանր է:

Այն, ինչ դրված է մյուս նժարին ու ավելի ծանր է, թույլ չի տալիս խոսել նաև ԱԺ պատգամավորներին, որոնք ամեն պահի սիրում են աջուձախ ճոճել իրենց լեգիտիմությունը. «Մեզ ժողովուրդն է ընտրել, մենք ներկայացնում ենք ժողովրդին»: 

7-րդ գումարման Ազգային ժողովը լեգիտիմ է, չենք վիճարկում: 884.864  ընտրող քվերակել է «Իմ քայլը» դաշինքի օգտին:

Սակայն իրական լեգիտիմության առումով այս Ազգային ժողովը այնպիսին է, ինչպիսն նախորդներն էին: Իշխանական պատգամավորները որևէ ձևով կաշկանդված չեն հաշվետու լինել ընտրողների առաջ: Խորհրդարանում հայտնվելու համար պարտական են ոչ թե ընտրողներին, այլ Նիկոլ Փաշինյանին:

Նիկոլ Փաշինյանը լուռ է, նրանք ևս լուռ են: Ակտիվանում է Փաշինյանը, ակտիվանում են պատգամավորները: Կառավարության, ԱԺ թե´ իշխանական, թե´ ընդդիմադիր համարվող պատգամավորների համերաշխ լռությունը քաղաքացիների համար վիրավորական ու զայրացնող էր:

-Դուք ստոր սրիկա եք:

-Իսկ Դուք՝ սենատոր:

Դեզդեմոնայի հոր՝ սենատոր Բրաբանցիոյի ու Յագոյի քաղաքական այս երկխոսությամբ լռության պատճառը, կարծես, բացատրվում է:

Այս Ազգային ժողովը, նախորդների պես, չի ներկայացնում ՀՀ քաղաքացիների շահերը խորհրդարանում:

Քաղաքացու կամքը հաշվի է առնվում ընտրողաբար, եթե քաղաքացին ուզում է, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետ լինի, օգտվի այդ պաշտոնի համար դեռևս նախորդ իշխանություններից մնացած հարմարավետություններից, ուրեմն քաղաքացու կամքը պետք է կատարվի:

Մյուս դեպքերում, երբ քաղաքացին դեմ է Ամուլսարի ոսկու հանքի շահագործմանը, քաղաքացին չի հասկանում խնդրի լրջությունը, սպասվող հետևանքները: Հետևաբար՝ քաղաքացուն այդ մասին կհասկացնի ոստիկանը՝ ձեռքերը ոլորելով ու բաժին տանելով:

Իբրև թե՝ քաղաքացիները չեն գիտակցում, որ Հայաստանը կպարտվի, եթե «Լիդիան ինթերնեյշնլ լիմիթեդ»-ը դիմի միջազգային արբիտրաժ: Թեև բնապահպան, իրավաբան Նազենի Վարդանյանը պնդում է, որ Լիդիանը միջազգային արբիտրաժ չի դիմի, քանի որ նրանց գործունեությունը Հայաստանում անօրինական է. խախտվել են օրենքներ ու կոնվենցիաներ:

Իրենք 2009 թվականից հանքավայրը շահագործելու թույլտվություն են ունեցել, այդ ինչու 10 տարվա մեջ չեն շահագործել։ Իսկ իրականում իրենք 10 տարի շարունակ մեր պետական գույքը, մեր տարածքները զավթել են ու ոչ պետությունն է դրանից օգուտ ստանում, ոչ իրենք։ Իսկ ինչո՞ւ, ո՞րն է խնդիրը։

«Հայկական պետությունը հայ ժողովրդի գոյության եւ զարգացման միակ երաշխավորն է, հետեւաբար հայկական պետությունը պետք է գոյություն ունենա հավիտյան, որովհետեւ հայ ժողովուրդը պետք է գոյություն ունենա հավիտյան»,- սա Ազգային անվտանգության նոր ռազմավարության առանցքային միտքն է։

Կառավարության ո՞ր քայլերն են երաշխավորում նման հավակնոտ ցանկությունը: Մասշտաբային ծրագրերն իրականացնում են մասշտաբային մտածողություն ունեցող գործիչները, ոչ թե ճարպկությամբ, կենցաղային խորամանկությամբ օրը մթնեցնողները:

Հավերժ Երկիր մոլորակի վրա ներկա լինելու ցանկություն ունեցող իշխանություններին քաղաքացին, դեռևս՝ անարդյունք, փորձում է բացատրել՝  ծառը կտրել չի կարելի, որ հանքի շահագործումը վտանգավոր է, որ պետք է խմել այծի կաթ ու չուտել մարդու միս: Որ քաղաքացու դեմ ոստիկան հանել քաղաքացու օրինական պահանջը լռեցնելու համար, լուրջ ցնցումների է տանում երկիրը: Որ մեր կենսական ուժերը վատնվում են ոչ այն հարցերի եւ խնդիրների լուծման վրա, որոնք հիմնարար են պետության զարգացման համար:

Թե ինչու է Կառավարությունն ուզում անպայման շահագործել Ամուլսարի ոսկու հանքը՝ դեմ գնալով իր քաղաքացիների` ջերմուկցիների տրամադրություններին, շահերին, հասկանալի բացատրություն չի տրվում: Պատասխանը, կարծես, կա Մարկեսի «Նահապետի աշունը» վեպում. «Կառավարության նոր անդամներն ավելի փառասեր են, վախկոտ, ստորաքարշ, անօգտակար, անպետք՝ արտաքին աներեւակայելի պարտքերի առկայության դեպքում. պարտքերի գումարը գերազանցում էր այն ամենի արժեքը, ինչը դեռեւս կարելի էր վաճառել»:

«Ինչպե՞ս վերականգնել որեւէ արտադրություն, եթե չունենք այլեւս հինայի ծառ, չունենք կակաո, ինդիգո, եթե չի մնացել ոչինչ…Ոչ մի բան, ձերդ գերազանցություն, չի ստացվի, այս ողջ երկիրը մի գրոշ էլ չարժե` բացառությամբ իհարկե ծովի, որն այնքան թափանցիկ է ու ախորժալի...

Այնպես որ, մտածեք, ձերդ գերազանցություն, մենք պատրաստ ենք ծովն ընդունել այն պարտքերի դիմաց, որ չեն մարի ձերդ գերազանցության նման գործարար հերոսների նույնիսկ հարյուրավոր սերունդները»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter