HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

«Twitter»-ը սկսել է պիտակել պետական մարմինների հետ կապ ունեցող լրատվամիջոցներին և լրագրողներին

«Twitter»-ը սկսել է պիտակել բոլոր այն լրատվամիջոցներն ու օգտահաշիվները, որոնք կառավարվում են այս կամ այն երկրի կառավարությունների կամ պաշտոնատար անձանց կողմից։ Այդ մասին գրում է «BBC»-ն։ Ընկերությունը հայտարարել է, որ մարդիկ իրավունք ունեն իմանալու, թե այս կամ այն ԶԼՄ-ն ուղղակիորեն կամ անուղղակիորեն արդյոք կապ ունի այս կամ այն պետության հետ։

Բացի այդ, «Twitter» ընկերությունը հայտարարել է, որ այլևս խորհուրդ չի տա ընթերցել այն գրառումները կամ մեկնաբանությունները, որոնք իրականացվել են պետական ԶԼՄ-ների կամ պետության կողմից վերահսկվող լրատվամիջոցների կողմից։ Սա նշանակում է, որ այս լրատվամիջոցների կատարած գրառումներն ավելի քիչ կհայտնվեն որոնման արդյունքում։ «Երբ մարդիկ տեսնեն ինչ-որ օգտահաշիվ, որտեղ քննարկվում են աշխարհաքաղաքական հարցեր, նրանք կհասկանան օգտահաշվի կամ ԶԼՄ-ի ազգային պատկանելիությունը և առավել լավ կտեղեկացվեն այն մասին, թե ում շահերն է ներկայացնում տվյալ ԶԼՄ-ն»,- հավելել է ընկերությունը։

Դեռևս նոր պիտակները հայտնվել են ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամների՝ Չինաստանի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի օգտահաշիվների  վրա։ Ինչպես հաղորդել է սոցիալական կայքի ղեկավարությունը, ավելի ուշ նման պիտակ կստանան նաև մյուս երկրների համանման լրատվամիջոցները։

Ռուսաստանում այդ պիտակը ստացել են «Russia Today» հեռուստաընկերության և նրա գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի օգտահաշիվները, «РИА Новости», «ТАСС» և «Sputnik» լրատվական գործակալությունները։

Հատուկ պիտակը հայտնվում է օգտահաշվի վերին հատվածում՝ անվան ներքևը, ինչպես նաև բոլոր այն գրառումներում, որոնք իրականացվում են տվյալ օգտատիրոջ կամ օգտահաշվի կողմից։ Պիտակը պարունակում է տեղեկատվություն այն երկրի մասին, որի հետ կապված է օգտահաշիվը, արդյոք այն օգտագործվում է կառավարության ներկայացուցչի կամ պետական լրատվամիջոցի կողմից։

Հետաքրքրականն այն է, որ պետական բոլոր այն լրատվամիջոցները, որոնք ունեն անկախ խմբագրական քաղաքականություն, ինչպես օրինակ բրիտանական «BBC»-ն կամ ամերիկյան «National Public Radio»-ն, չեն պիտակվի։ Բացի այդ, «Twitter»-ը հայտարարել է, որ չեն պիտակվի նաև քաղաքական գործիչների անձնական միկրոբլոգները։ Այսպես, Թրամփի պաշտոնական @Potus հաշիվը կպիտակվի, իսկ նախագահի ոչ պաշտոնական @realDonaldTrump օգտահաշիվը չի պիտակվի։

Մի շարք երկրների պետական ԶԼՄ-ների համանման պիտակում դեռ 2018 թվականին էլ իրականացրել էր «YouTube»-ը։

Լուսանկարը՝ «Twitter»-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter