HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Կորոնավիրուսի նկատմամբ իմունիտետ. արդյո՞ք հնարավոր է կրկին վարակվել կորոնավիրուսով

Երբ այս տարվա սկզբին պարզ դարձավ, որ Չինաստանում խորհրդավոր հիվանդության հարուցիչը նոր կորոնավիրուսն է, գիտնականների ահազանգերը, երկրում համաճարակի տարածման վերաբերյալ, քիչ էր մնում վերածվեր հուսահատության։ Որպես կանոն, այդ ընտանիքի հարուցիչները հիվանդների մոտ չեն ձևավորում ուժեղ իմունիտետ։ Ապաքինումից կես տարի կամ մեկ տարի անց, անձը կրկին կարող է վարակվել։

Այդուհանդերձ, ինչքան նոր բան են գիտնականներն իմանում նոր վիրուսի մասին, այնքան ավելի մեծ է համոզմունքն այն մասին, որ Sars-CoV-2-ը խիստ տարբերվում է մյուս տիպի կորոնավիրուսներից, ինչը նշանակում է, որ հույսը մեծ է, որ ապաքինված պացիենտների իմունային պաշտպանությունը կլինի առավել երկարաժամկետ, նույնիսկ՝ ցմահ։ Սրանք ուղղակի դեռևս ենթադրություններ են։ Հիմնական հարցերը, որոնցից կախված է համավարակի դեմ պայքարի ռազմավարությունը, նախկինի պես մնում են անպատասխան։

«BBC»-ն փորձել է ամփոփել այս 8 ամիսների ընթացքում այն ամենը, ինչ գիտնականներն իմացել են կորոնավիրուսի նկատմամբ իմունիտետի վերաբերյալ և ինչու վիրուսի հետազոտությունների մեծ մասն ու պատվաստանյութեր մշակողները լավատեսորեն են տրամադրված։

Ինչ է ընդհանրապես իմունիտետը

Իմունիտետը մարդու օրգանիզմի դիմադրողականությունն է վարակին, այսինքն օրգանիզմի պաշտպանությունը այս կամ այն հիվանդությունից՝ վնասազերծելով դրա հարուցիչը (վիրուս, բակտերիա կամ սունկ)։ Իմունիտետը կարող է լինել բնածին, այսինքն նախնիներից ժառանգած (այն հնարավորություն է տալիս ամբողջապես պայքարել հիվանդության դեմ) և ձեռքբերովի։ Վերջինս ձևավորվում է ծնվելուց հետո՝ կոնկրետ վարակի հանդիպելիս և պաշտպանում է միայն դրանից։

Առաջին անգամ հանդիպելով այս կամ այն հիվանդության հարուցիչին՝ մեր օրգանիզմը մշակում է դրա դեմ պայքարի ռազմավարություն և արդեն հաջորդ հանդիպման ժամանակ ցուցաբերում արդյունավետ հակազդեցություն։ Փաստացի սա նշանակում է, որ մեր օրգանիզմը կարող է հիշել և որոշակի ժամանակ անց ճանաչել նախկին հիվանդությունները։

Այս երևույթը գիտնականներն անվանում են իմունային հիշողություն։ Վերջինս հաճախ պահում է հիշողություններ այնպիսի իրադարձությունների և երևույթների մասին, որոնք վաղուց ջնջվել են սովորական հիշողությունից։ Դժվար մարդիկ հիշեն, թե ինչպես են վաղ տարիքում վարակվել ջրծաղիկով կամ ԲՑԺ պատվաստման մանրամասները, իսկ մարդու իմունիտետն այդ մասին հիշում և թույլ չի տալիս վարակվել կրկնակի՝ վնասազերծելով, օրինակ, ջրծաղկի վիրուսի մասնիկները, որոնք հայտնվել են մարդու օրգանիզմում։

Ինչքան է ձգվում իմունիտետը

Իմունային հիշողության շարունակականությունը կախված է հիվանդությունից։ Ջրծաղիկը, խոզուկը կամ կարմրուկը հաճախ իրենց հետևից թողնում են ցմահ իմունիտետ։ Սակայն սա ավելի շուտ բացառություն է, քան կանոն։

Հեպատիտ A-ից և դեղին տենդից պաշտպանող պատվաստումները խորհուրդ է տրվում կրկնել 10 տարին մեկ անգամ։ Տարածված այն տեսակետը, որ սեզոնային գրիպը պացիենտի մոտ ձևավորում է կայուն իմունիտետ, ճիշտ է միայն այն տեսակի վիրուսի պարագայում, որով նա վարակվել է։

Գրիպն արագ մուտացիայի է ենթարկվում, այնպես որ մի քանի ամիս անց մարդ կարող է նորից վարակվել։ Սակայն այս դեպքում հիվանդության ընթացքն ավելի թեթև է, քանի որ պացիենտի մասնակի պաշտպանությունն ապահովում են նախորդ հիվանդության արդյունքում ձևավորված հակամարմինները։

Ինչ են հակամարմինները և ինչպես են դրանք աշխատում

Ցանկացած նոր վարակի բացահայտում օրգանիզմն իրականացնում է փորձարկումների և սխալների միջոցով։ Պատկերացրեք, որ վիրուսային յուրաքանչյուր մասնիկ տարօրինակ ձևի շեղբերով դաշույն է, իսկ մարդու մարմինը՝ պատյան արտադրող գործարան։ Այդ գործարանի յուրաքանչյուր կոնվեյեր արտադրում է միևնույն ձևի տուփեր, սակայն միասին դրանք ապահովում են չափսերի և տեսակների անսահման բազմազանություն։ 

Երբ տուփերից մեկը չափսերով հարմար եղավ դաշույներից մեկին և սայրը հնարավոր եղավ թաքցնել, գործարանի բոլոր ազատ կոնվեյերները սկսում են մեծ ծավալներով արտադրել նույն ձևի տուփեր, ինչի արդյունքում վաղ թե ուշ բոլոր դաշույները հնարավոր կլինի փաթեթավորել։

Այս դեպքում յուրաքանչյուր կոնվեյեր արյուն հատուկ բջիջ է (այսպես կոչված B-լիմֆոցիտ), իսկ դաշույները՝ այդ բջջի կողմից արտադրվող սպիտակուցային մոլեկուլներ (հակամարմիններ)։ Երբ մոլեկուլներից մեկը համընկնում է «սայրի» ձևին՝ կորոնավիրուսի մակերևույթի վրա առկա ծակող գոյացություն, այն կարծես թե նստում է այդ գոյացության վրա, փոխելով դրա ձևը, և այդպիսով չի թողնում վիրուսին ընկնել բջջի մեջ։ 

Սակայն բջջից դուրս վիրուսը չի կարող բազմանալ։ Այդ իսկ պատճառով վիրուսային մասնիկների թվի աճի դանդաղում է։ Միևնույն ժամանակ օրգանիզմն ազդակ է ստանում, որ հակամարմիններից մեկը կարողացել է չեզոքացնել հարուցիչը։ Օրգանիզմն սկսում է արտադրել նմանատիպ մոլեկուլներ։ Երբ վիրուսային բոլոր մասնիկների վրա առկա ծակող գոյացությունները հնարավոր է լինում չեզոքացնել, պացիենտն ապաքինվում է։

Արդյոք բոլոր հիվանդների հակամարմինները միանման են

Միանգամայն պարտադիր չէ,  քանի որ միևնույն դաշույնը կարելի է դնել տարբեր պատյանների մեջ։ COVID-19-ով հիվանդ պացիենտների արյան մեջ գիտնականները հայտնաբերել են 250 տեսակի հակամարմին, որոնք արտադրվել են պացիենտների օրգանիզմում՝ հիվանդության կանխարգելման համար։ Դրանցից 28-ն ամենաարդյունավետն են պայքարել վիրուսի դեմ։

Ինչ է տեղի ունենում ապաքինումից հետո

Հակամարմինները մնում են արյան մեջ և շարունակում ակտիվ մնալ օրգանիզմում՝ կրկնակի հնարավոր վարակումից խուսափելու նպատակով։ Հենց այդ պատճառով էլ դրանք կարելի է մի քանի շաբաթ, ամիս կամ նույնիսկ տարի անց հայտնաբերել ապաքինված պացիենտների օրգանիզմում։ B-լիմֆոցիտների մի մասը վեր է ածվում այսպես կոչված հիշողության բջիջների։ Վարակի հետ կրկնակի հանդիպման ժամանակ դրանք ակտիվանում են և ապահովում իմունային արագ պատասխան։

Սակայն սա չի նշանակում, որ մարդ պաշտպանված է երկրորդ անգամ վարակվելուց։ Իմունային պատասխանի ուժը կախված է ինչպես հիվանդության ծանրությունից, այնպես էլ այն ժամանակահատվածից, որն անցել է ապաքինումից հետո։ Ինչքան դժվար է ընթանում հիվանդությունը, այնքան ավելի ուժեղ կլինի պաշտպանությունը երկրորդ անգամ վարակվելուց։ Ինչքան շատ ժամանակ է անցել ապաքինումից, այնքան ավելի թույլ կլինի իմունային պատասխանի արդյունավետությունը։

Հնարավոր է արդյոք, որ վիրուսի նկատմամբ իմունիտետ լինի այն մարդկանց մոտ, որոնք չեն վարակվել COVID-19-ով

Տեսականորեն հնարավոր է։ Ինչպես նշվեց վերևում, կորոնավիրուսի հակամարմինները (ինչպես նաև այլ հիվանդությունների) կարող են տարբեր ձևերի լինել։ Դրանցից որոշները կարող են արդյունավետ լինել ոչ միայն մեկ, այլև մի քանի վիրուսների դեմ պայքարում։ Այսպես, արյան անալիզներում, որոնք հանձնել են առողջ մարդիկ, մինչև համավարակի մեկնարկը, հայտնաբերվել են հակամարմիններ, որոնք ունակ էին արդյունավետորեն չեզոքացնել Sars-CoV-2 նոր կորոնավիրուսը, չնայած ի սկզբանե ձևավորվել էին այլ հիվանդության դեմ պայքարի շրջանակներում։

Այդպիսի հակամարմինների առկայությունը չի նշանակում, որ մարդիկ ունեն արդյունավետ իմունային պաշտպանություն։ Սակայն դա բարձրացնում է հավանականությունը նրա, որ COVID-19-ով վարակումն այդ մարդկանց մոտ կունենա թեթև ընթացք։ Ընդ որում, հնարավոր է նաև հակառակը։ Բանը նրանում է, որ ինքն իրենով նոր վիրուսն այդքան էլ վտանգավոր չէ օրգանիզմի համար։ Պացիենտների առողջության համար հիմնական խնդիրներն ստեղծում է իրենց իմունային համակարգը։

Ծանր հիվանդ պացիենտների մոտ ամենավտանգավոր ախտանիշները սկսում են ի հայտ գալ հենց COVID-19-ի հակամարմինների արտադրվելուց հետո։ Եվ բացառված չէ, որ մարդու արյան մեջ նմանատիպ հակամարմինների առկայությունը կարող է միայն ակտիվացնել հիվանդությունը՝ ուժեղացնելով ագրեսիվ իմունային արձագանքը և ծանրացնելով հիվանդության ընթացքը։

Արդյոք կորոնավիրուսի նկատմամբ իմունիտետը ապահովում են միայն հակամարմինները

Պատասխանը պարզ է. ոչ։ Բացի հակամարմիններից, վարակի դեմ պայքարին մասնակցում են նաև այլ ագենտներ, այդ թվում, այսպես կոչված, T-բջիջները (կամ T-լիմֆոցիտները), որոնք նույնպես մասնակցում են իմունային հիշողության ձևավորմանը։ Բացի այդ, համաձայն վերջին տվյալների, T-բջիջները ունեն ոչ պակաս, եթե ոչ ավելի մեծ դեր COVID-19-ից իմունային պաշտպանության հարցում, քան կորոնավիրուսի հակամարմինները, քանի որ T-լիմֆոցիտների կյանքի տևողությունն ավելի երկար է։

Ինչպես հակամարմինների պարագայում, որոնք կարող են ապահովել նոր վիրուսի դեմ մասնակի պաշտպանություն, T-բջիջները կարող են ունենալ միևնույն հատկությունները և բավականին արդյունավետ կերպով չեզոքացնել COVID-19-ը նույնիսկ այն մարդկանց պարագայում, որոնք երբեք չեն բախվել այդ հիվանդության հետ։

Սա կարող է լինել այն բացատրություններից մեկը, թե ինչու որոշ պացիենտների մոտ հիվանդության ընթացքը ծանր է այն դեպքում, երբ ուրիշների մոտ նոր կորոնավիրուսը կարող է արտահայտվել առանց որևէ ախտանիշների։ Մեզնից ոմանք կարող են մասնակիորեն պաշտպանված լինել իմունիտետի շնորհիվ, որոնք մնացել են նախորդ հիվանդություններից։

Բանը նրանում է, որ սովորական մրսածությունն առաջացնում են չորս տարբեր վիրուսներ, որոնք պատկանում են կորոնավիրուսների միևնույն ընտանիքին։ Այնպես որ բազմաթիվ մարդկանց օրգանիզմներում, որոնք վերջին մի քանի տարիներին ունեցել են մրսածություն, բարձր հավանականությամբ ունեն այս կորոնավիրուսներից մեկի նկատմամբ կամ հակամարմին, կամ T-բջիներ, որոնք մնացել են նախորդ հիվանդություններից։

Այս ֆենոմենը կոչվում է խաչաձև իմունիտետ և, որոշ տվյալներով, այդպիսի ոչ սպեցիֆիկ T-բջիջներն առկա են գրեթե յուրաքանչյուր երրորդ մարդու մոտ, իսկ հակամարմինների հետ միասին կորոնավիրուսի դեմ մասնակի պաշտպանություն կարող է ունենալ երկրագնդի բնակչության մինչև կեսը։ Բացի T-լիմֆոցիտներից և հակամարմիններից, կա ևս մեկ պաշտպանիչ մեխանիզմ, որի մասին վերջին տարիներին առավել հաճախ խոսում են գիտնականները։ Խոսքը, այսպես կոչված, «ամրապնդված բնածին իմունիտետի» մասին է։ Ինչպես նշվել է ավելի վաղ, ժառանգական իմունիտետը սպեցիֆիկ չէ, այսինքն ուղղված չէ կոնկրետ ինչ-որ հիվանդության կամ վարակի դեմ։ Սակայն առավել մեծ թվով հետազոտություններ ցույց են տալիս, որ այն նույնպես ունի ունակություն հիշելու նախկին հիվանդությունները, չնայած որ այն երկարաժամկետ չէ։

Արդյոք հնարավոր է նորից վարակվել COVID-19-ով

Դեռևս հայտնի չէ կորոնավիրուսով կրկնակի վարակման որևէ հաստատված դեպքի կամ գիտական ապացույցի մասին։ Գիտնականները չեն բացառում, որ այն հնարավոր է, սակայն վերը նշվածի ողջ կոնտեքստում այդպիսի վարակման հավանականությունը մեծ չէ։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ կորոնավիրուսով հիվանդությունից ապաքինվելուց հետո, պացիենտների մեծ մասի արյան մեջ հայտնաբերվում են հատուկ հակամարմիններ։ Խոսքը նաև այն պացիենտների մասին է, որոնց մոտ հիվանդությունն արտահայտվել է առանց ախտանիշների։

Ինչպես մյուս վարակիչ հիվանդությունների դեպքում, հակամարմինների կոնցենտրացիան ավելի բարձր է բոլոր նրանց մոտ, որոնց հիվանդության ընթացքը ծանր է եղել։ Այդուհանդերձ, կոնցենտրացիան սկսում է ընկնել ապաքինումից արդեն երեք ամիս անց, իսկ երբեմն էլ մի քանի շաբաթ անց։

Քանի որ նոր տիպի կորոնավիրուսն առաջին անգամ հայտնաբերվել է մոտ ութ ամիս առաջ, գիտնականները դեռևս ձեռնպահ եմ մնում նշել, թե ինչքան կձգվի ձեռքբերված իմունիտետը և հնարավոր է արդյոք կրկնակի վարակումը։ Սակայն որոշ ենթադրություններ կարելի է անել՝ հիմնվելով կորոնավիրուսի առավել ուսումնասիրված նախկին տեսակների վրա (SARS և MERS)։

2002-2003 թվականներին հիվանդացած պացիենտների արյան մեջ վիրուսի նկատմամբ հակամարմինների պահպանվել են միջինում երկու տարվա ընթացքում։ MERS տիպի կորոնավիրուսով հիվանդ պացիենտների մոտ հատուկ հակամարմինը պահպանվել է մինչև 34 ամիս, չնայած այս հիվանդությունից մահացել է յուրաքանչյուր երրորդ պացիենտը։ 

Եվ եթե գիտնականները մինչև հիմա չգիտեն, թե ինչքան երկար կձգվի իմունային պաշտպանությունը COVID-19-ից և ինչքան արդյունավետ կլինի դա, միայն հակամարմինների և իմունային պաշտպանության առկայության փաստը լավատեսություն է ներշնչում։ Ինչքան երկար գիտնականները չիմանան այս հարցերի պատասխանները, այնքան ավելի մեծ է հավանականությունը, որ կրկնակի վարակումն անհնարին է։

Լուսանկարը՝ thailandmedical.news-ից

Մեկնաբանություններ (1)

Սոնա
Շնորհակալություն նյութի համար,շատ գրագետ,պարզ և հասկանալի էր նաև հուսադրող' հատկապես վերջի հատվածում ասվածը:Առողջ եղեք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter