
Լարված իրավիճակ Ախալքալաքում. հնչել են կրակոցներ, կան վիրավորներ և զոհ, հրդեհվել են տներ
Այսօր Ախալքալաքի կենտրոնական հատվածում կրակոցներ են հնչել, Մյասնիկյան և Նալբանդյան փողոցներում վառվել են տներ: Նախնական տեղեկություններով` հնչած կրակոցների հետևանքով կա մեկ զոհ և մի քանի վիրավոր:
Ախալքալաքի բնակիչները «Հետք»-ին պատմեցին, որ բախումը տեղի է ունեցել ծնունդով Դիլիսկա և Կուլիկամ գյուղի բնակիչների միջև, ովքեր դեռևս տարիներ առաջ ծագած վիճաբանություն են ունեցել:
Կուլիկամցի երեք եղբայրների և ծնունդով Դիլիսկա գյուղից Սամվել Գաբրիելյանի որդիների միջև այսօր կրկին բախում է տեղի ունեցել Ախալքալաքում: Հնչած կրակոցների հետևանքով մահացել է Կուլիկամի բնակիչ Վ.Մ.-ն, ինչից բորբոքված և վրդովված կուլիկամցիները հրդեհել են Ախալքալաքի կենտրոնական հատվածում գտնվող Սամվել Գաբրիելյանի հյուրանոցը, այնուհետև նրա և որդու տները, ինչպես նաև Կլիմենտ Քոսյանի և Գենա Զարմարյանի տները: Վերջիններս, ըստ մեր ստացած նախնական տեղեկությունների, նույնպես գտնվել են դեպքի վայրում:
Հրշեջ ծառայությունն արդեն հանգցրել է հրդեհները, սակայն ոստիկանությունը շրջափակել է դեպքի վայրերը: Առայժմ Ախալքալաքում քաոսային իրավիճակ է:
Վերակենդանացման բաժանմունքում է Սամվել Գաբրիելյանը, ով, ըստ մեր զրուցակիցների հայտնած տեղեկությունների, ծեծի է ենթարկվել: Այլ վիրավորներ ևս կան, նրանց մասին տեղեկությունները դեռևս ճշտվում են:
Ախալքալաքում են հատուկ ջոկատայինները: Սակայն Վրաստանի իրավապահ մարմիններն առայժմ տեղի ունեցածի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություն կամ հայտարարություն չեն տարածել:
Լուսանկարը` jnews.ge-ի
Մեկնաբանել