HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Բեյրութում հակակառավարական ցույցերը վերածվել են ոստիկանության հետ բախումների

Բեյրութում հակակառավարական ցույցերը վեր են ածվել ոստիկանության հետ բախումների։ Այդ մասին հայտնում է «Reuters» գործակալությունը։ Վերջինիս տվյալներով՝ Լիբանանի մայրաքաղաքի կենտրոնում հավաքվել է մոտ 7 հազար մարդ, որոնք, նավահանգստում տեղի ունեցած պայթյունից հետո, պահանջում են կառավարության հրաժարականը։

Ցուցարարները կարծում են, որ օգոստոսի 4-ին տեղի ունեցած պայթյունի ուսումնասիրման և մեղավորների բացահայտման գործընթացում բացակայում է թափանցիկությունը։

Անկարգությունների մասնակիցներից ոմանք փորձել են ճեղքել արգելապատնեշը և մտնել Լիբանանի խորհրդարանի շենք։ Ցուցարարները իրավապահ մարմինների աշխատակիցների ուղղությամբ նետել են քարեր։ Բացի այդ, գրանցվել են միտումնավոր հրկիզման մի քանի դեպքեր։ Արդյունքում, ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների նկատմամբ։ Բախման վայր են ժամանել շտապ օգնության մեքենաները։

Լիբանանի Կարմիր խաչի տվյալներով՝ անկարգությունների ժամանակ տուժել է ավելի քան 100 մարդ։ Նրանցից 22-ը տեղափոխվել են Բեյրութի հիվանդանոցներ, ևս 87-ը տեղում ստացել է բուժօգնություն։ Ավելի ուշ «Reuters» գործակալությունը հայտնել է, որ տասնյակ ցուցարարներ ներխուժել են երկրի արտաքին գործերի նախարարության շենք։

Բեյրութի նավահանգստում պայթյունը տեղի է ունեցել օգոստոսի 4-ին։ Պայթել էր 2750 տոննա ամոնիումի նիտրատ, որը վեց տարի առաջ առգրավվել էր նավից և պահվում էր նավահանգստի պահեստներից մեկում։ Պայթյունի արդյունքում քաղաքի մի մասը ամբողջությամբ կամ մասնակիորեն ավերվել է։ Տեղական իշխանությունները հայտնել են վարչական շենքերի կեսի փլուզման մասին։ Մահացել է ավելի քան 150 մարդ, տուժել ևս 5000-ը։ Մի քանի տասնյակ մարդ շարունակում է մնալ անհետ կորած։

Լիբանանում հասցված վնասը գնահատում են առնվազն 15 միլիարդ դոլար։ Իշխանությունները նաև հայտարարել են հումանիտար աղետի և պարենի հետ կապված խնդիրների վերաբերյալ։ Պայթյունի արդյունքում վնասվել են հացահատկի հիմնական պահուստները, որոնք այլևս կիրառելի չեն։

Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը խոստացել է պատժել աղետի բոլոր մեղավորներին։ Հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացվող հետաքննության արդյունքում ձերբակալվել է 16 մարդ։

Լուսանկարը՝ Hassan Ammar/Associated Press

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter