HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«Արմենիան» Հայաստանի հումանիտար օգնությունը տեղափոխում է Բեյրութ

Մոտ 40 րոպե առաջ «Ավիակոմպանիա Արմենիա» ընկերության «Boeing 737-700» ինքնաթիռը (EK-73786) «Զվարթնոց» օդանավակայանից մեկնեց Լիբանանի մայրաքաղաք Բեյրութ՝ իր հետ տանելով ՀՀ հումանիտար օգնությունը Լիբանանին։ 

ՀՀ կառավարության վերջին նիստում՝ օգոստոսի 6–ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, հայտարարել էր․ «Լիբանանը Հայաստանի ամենամոտ բարեկամների շարքում է: Մեր երկու երկրներն ու ժողովուրդները կապված են պատմական եւ մշակութային բազմաթիվ թելերով: Բեյրութը հանդիսացել է 20-րդ դարի հայկական սփյուռքի մայրաքաղաքը: Տասնամյակներ շարունակ Բեյրութն է եղել սփյուռքի կրոնական, քաղաքական եւ մշակութային կյանքի էպիկենտրոնը: Այն առ այսօր պահպանում է իր եզակի նշանակությունը եւ հսկայական դերակատարումը՝ որպես Մերձավոր Արեւելքում հայկական ներկայության կարեւորագույն կենտրոն: Այս դժվարին պահին մենք չենք կարող անտարբեր մնալ Լիբանանի եղբայրական ժողովրդի եւ Բեյրութի հայկական համայնքի կարիքների նկատմամբ: Հայաստանի Հանրապետությունն օգնություն ցուցաբերելու իր պատրաստակամությունն է հայտնել՝ այդ քաղաքին պատուհասած ողբերգության հետեւանքները հաղթահարելու գործում: Մենք ուժերի ներածի չափով աջակցություն ենք ցուցաբերելու Լիբանանի կառավարությանը եւ տեղի հայ համայնքին:

ՀՀ կառավարությունը արտաքին գործերի նախարարության եւ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի միջոցով մշտական կապի մեջ է Լիբանանի կառավարության եւ համայնքային կառույցների հետ: Հստակեցվում են հիմնական կարիքները, որոնց շրջանակներում էլ ՀՀ կառավարությունը թիրախային օգնություն կհասցնի Բեյրութ՝ ինչպես կառավարական, այնպես էլ համայնքային մակարդակով»: 

Այնուհետ վարչապետը նշել էր, որ Բեյրութ է մեկնելու սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ տեղում հայ համայնքի խնդիրներին ծանոթանալու եւ դրանք այնուհետ ՀՀ կառավարությանը ներկայացնելու համար։ Գործադիրի նիստում նաեւ նախանշվել էր թռիչքի օրը՝ օգոստոսի 8։ 

Այսօր Զ․ Սինանյանը «Առաջին ալիքին» հայտնել է, որ դեպի Բեյրութ կազմակերպվելու է 3 չվերթ՝ այսօր, վաղը եւ ամսի 11–ին։ Առաջին չվերթով տեղափոխվում է դեղորայք եւ առողջապահական գույք։ «Ամեն ինչ արվում է ըստ Լիբանանի կառավարության ցանկության ցուցակի»,– նշել է Սինանյանը՝ հավելելով, որ մեր կառավարությունը որոշել է առաջին օգնությունն ուղարկել Լիբանանի կառավարությանը եւ ժողովրդին, իսկ երկրորդ թռիչքով, որի ծախսերը հոգալու է Արցախի կառավարությունը, հիմնականում պարենի տեսքով օգնություն է հատկացվելու տեղի հայ համայնքին։

«Ավիակոմպանիա Արմենիայի» ընտրությունը կարելի է անակնկալ չհամարել, քանի որ այս ավիաընկերությունը մինչեւ կորոնավիրուսի համավարակն ու թռիչքների կրճատումները, ի թիվս այլ ուղղությունների, կանոնավոր թռիչքներ էր իրականացնում Երեւան–Բեյրութ–Երեւան ուղղությամբ։ 

Երեւանից Բեյրութ թռիչքը տեւում է մոտ 2 ժամ, «Արմենիայի» ինքնաթիռը «Զվարթնոցից» մեկնել է 23։09–ին, այնպես որ այն Բեյրութ կհասնի Երեւանի ժամանակով օգոստոսի 9–ի ժամը 1–ի սահմաններում, իսկ Բեյրութի ժամանակով՝ կեսգիշերին։ 

Հիշեցնենք, որ օգոստոսի 4–ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած հուժկու պայթյունների հետեւանքով, ըստ այս պահի տվյալների, զոհվել է ավելի քան 150 մարդ, վիրավորվել է մոտ 5000–ը, կան անհետ կորածներ։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter