HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Սասնալանջը» միավորեց մեզ

Մհեր Ենոքյան, «Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից

Աննախադեպ իրադարձություն տեղի ունեցավ` այցելեցի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, որտեղ հանդիպեցի տնօրեն Աշոտ Բլեյանին, հանրահայտ քանդակագործ Վիգեն Ավետիսին, կրթահամալիրի և քանդակի դպրոցի դասախոսներին և սաներին` Մարդկանց, ովքեր ասես իմ վաղեմի բարեկամներն էին: Հուզված էի, բայց ամեն ինչի մասին հերթով:

Արդեն գիտեք, որ պարոն Բլեյանի և Վիգեն Ավետիսի շնորհիվ կարողանում եմ զբաղվել կավագործությամբ`քանդակի դպրոցում են անշահախնդիր թրծվում աշխատանքներս: Տեղեկանալով, որ կազմակերպել են  «Մհերի դուռը կամ Սասնալանջ»  միջազգային քանդակագործական փառատոն, որոշեցի մասնակցել: Ընտանիքիցս մեծ քանակաությամբ կավանյութ ստացա, և ես արդեն մոտավոր պատկերացնելով, թե ինչ տեսք պիտի ունենա քանդակը` սկսեցի ստեղծագործությունս: Երբ այն արդեն պատրաստ էր, Վիգեն Ավետիսն էլ, ես էլ դիմեցինք «Նուբարաշենի» պետ պարոն Գևորգյանին` տեսակապի միջոցով հանդիպում թույլատրելու և փառատոնին մասնակցելու խնդրանքով:

Հուլիսի 30-ին աշխատանքս պետք է իջեցնեի 1-ին հարկ: Երեկոյան փորձեցի սեղանից վերցնել ու բարձրացնել: Պարզվեց, որ այդքան էլ հեշտ չի լինելու դեռ ամբողջովին չչորացած վիճակում տեղաշարժելը` մոտավորապես 20 կիլոգրամի սահմաններում էր և կես մետրից ավելին: Վախենալով, որ կարող է ճաքեր տալ կամ նույնիսկ ջարդվել` ցելոֆոններից պարան պատրաստեցի, որ քանդակի տակը տեղադրված տախտակի տակով անցկացնեմ, ուսերով նույնպես կարողանամ պահել: Այսպես` ձեռքերիս վրա ուղղահայաց պահելով իջեցրեցի վարչակազմի մասնաշենքում տեսակապի համար նախատեսված սենյակ, որտեղ աշխատակիցների օգնությամբ տեղադրեցի մոնիտորի ձախ կողմում: Րոպեներ անց սկսվելու էր հանդիպումը: Երբ կապը հաստատվեց, է՛լ ավելի հուզվեցի` քանդակի դպրոցի մեծ սրահում ինձ դիմավորեցին` նույնիսկ դպրոցի ամենակրտսեր սանն էր ներկա: Մի պահ մտածեցի` կարո՞ղ է այսպիսի մեծ հանձնաժողովի կազմ է, ինչպիսին չի եղել նույնիսկ դիպլոմային աշխատանքիս պաշտպանության ժամանակ: Առաջին խոսքն ասաց պարոն Բլեյանը և սիրտս տեղն ընկավ` հասկացա, որ հարազատ շրջապատում եմ` արվեստագետ-մտավորական ծանոթ ու անծանոթ ընկերներս են: Վիգեն Ավետիսն առաջին շարքում էր նստած, հենց դիմացս. անմիջապես ճանաչեցի ու է՛լ ավելի ուրախացա:

Տեսնես աշխարհում նման բան տեղի ունեցե՞լ է, չեմ կարծում. ցմահ բանտարկյալիս հնարավորություն է տրվել  մասնակցել քանդակագործական փառատոնին: Մարդկանց շնորհիվ է, որ նույնիսկ բանտում նստած կարողանում ես ինքդ քեզ բացահայտել, կատարելագործվել: Ես ասացի, որ հիմնականում հենց արվեսագետների, մտավորականների շնորհիվ հնարավոր դարձավ գրքերիս լույս աշխարհ գալը, «Հետք»-ում աշխատանք ունենալը, ուսումը ԲՈՒՀ-ում, հիմա էլ կավագործությամբ զբաղվելը: Պարոն Բլեյանը պատմեց, թե ինչպես էր ինքը հենց «Նուբարաշեն» բանտում եղած ժամանակ հոդվածներ գրում, նաև ոգևվորում այլ բանտարկյալներին ստեղծագործ աշխատանքով զբաղվել: Ես էլ պատմեցի, թե ինչպիսի հետաքրքիր զուգադիպություն եղավ` անսպասելի ցանկություն առաջացավ կավից ինչ-որ բան պատրաստել, ու օրեր անց հայագետ, գրականագետ Արծվի Բախչինյանի հետ ինձ այցելության եկավ նրա կինը` Աշխեն Բախչինյանը` մանկագիր Յուրի Սահակյանի դուստրը և հետը բաց կապույտ կավ էր բերել: Բացի թարգմանչական աշխատանքից, նա նաև հետաքրքիր ստեղծագործություններ է պատրաստում կավից և ինձ սովորեցնում էր կավագործության յուրահատկությունների մասին:

Հետո խոսք ասաց Վիգեն Ավետիսը: Վաղուց արդեն հարազատ եմ ընկալում իրեն. մոտ 2 տարի առաջ ընդունեց հարցազրույցիս հրավերը`շատ հետաքրքիր ստացվեց, իսկ անցած տարվա հունվարին, երբ վարչապետ  պարոն Փաշինյանին ստիպեցին հետ կանգնել մարդասիրական քայլից, Վիգեն Ավետիսը համարձակ մտավորականների, արվեստագետների և հոգևորականների հետ միասին իր կարծիքը և դիրքորոշումը բարձրաձայնեց, ինչը շատ կարևոր էր և ազդեցիկ, երբ փորձում էին ոտքերի տակ գցել Սերն ու Արդարությունը:

Աստծո կամքով պատիվ կունենամ սեղմելու թե՛ Աշոտ Բլեյանի, թե՛ Վիգեն Ավետիս, թե՛ իմ նոր ընկերների`փառատոնը կազմապերպողների, դասախոսների և տեսակապի ժամանակ բոլոր ներկաների ձեռքերը: Շնորհակալ եմ:

Հայաստանի ազատազրկման վայրերում գրեթե ոչ մի աշխատանք չկա` ազատազրկված հասուն տղամարդիկ տարիներով անգործության են մատնված: Երբ «Նուբարաշեն» բանտ պաշտոնյաներ են այցելում կամ իրավապաշտպան կազմակերպություններից և զրուցելու հնարավորություն է լինում, միշտ ասում եմ` նայեք դիտանցքերից կամ դուռը բացեք- ներս մտեք, հարյուրավոր տղամարդիկ քառակուսի «արկղերի» մեջ փակված են: Ի՞նչ նպատակ է հետապնդում պետությունը՝ այս կերպ վարվելով ազատազրկվածների հետ…

Խնդիրն այն է, որ խորհրդային ժամանակաշրջանում ազատազրկվածները պարտադիր պետք է աշխատեին և իրենց աշխատանքի դիմաց շատ ցածր էին վարձատրվում: Դա ընկալվում էր որպես ստրկություն: Սրան գումարվում էր նաև քրեական ենթամշակույթի այն մոտեցումը, որ չի կարելի պետության համար աշխատել: Այս իներցիոն մտածելակերպն առկա է նաև ներկայիս իրողությունում: Իմ տեղեկություններով, շատ ազատազրկման վայրերում դեռ պահպանվել են շենք-շինություններ, որտեղ կան տարատեսակ աշխատանքների համար սարքեր, գործիքներ, սակայն հիմնականում հրաժարվում են աշխատելուց: Պատճառը ոչ միայն քրեական ենթամշակույթն է, այլ, օրինակ, անձամբ ես 25-րդ տարին շարունակ ականատեսն եմ, որ իրականում աշխատանքը չի խրախուսվում հենց քրեակատարողական համակարգի կողմից: Բազմիցս եմ դիմել պատկան մարմիններին, որ խրախուսանքների վերաբերյալ քրեակատարողական օրենսգրքի 93 հոդվածը խմբագրվի և հանեն «կարող է» բառը, այլապես  վարչակազմը քմահաճորեն հազվադեպ է խրախուսում սովորող, աշխատող, ստեղծագործող դատապարտյալներին, իսկ վերահսկող դատախազը իր գործողություններով վախի մթնոլորտ ստեղծեց «Նուբարաշեն» ՔԿՀ-ում և այլևս չեն կազմակերպվում միջոցառումներ և չեն խրախուսվում դրան արժանի դատապարտյալները:

Ինչ վերաբերում է աշխատանքին, ապա պետությունը ուղղակի պետք է պարտավոր լինի ազատազրկվածներին ապահովել աշխատանքով ու աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով վարձատրել: Դատապարտյալի աշխատանքը անհրաժեշտ է ոչ միայն նրա համար, որ ինքը կարողանա հոգալ սեփական կարիքները և քաղաքացիները հանցանք կատարած անձին տարիներով չկերակրեն, չմուծեն նրա լույսի, ջրի գումարը, այլև աշխատելով դատապարտյալը փոխհատուցում է տուժողին պատճառված դրամական վնասը: Եվս մեկ և շատ կարևոր խնդիր է լուծվում աշխատանքի ապահովումը` ազատազրկվածները վերադառնալով ազատություն, արդեն ունենում են աշխատանքային հմտություններ և զերծ կմանան հանցվոր ճանապարհով գումար վաստակելուց: Միջազգային փորձը ապացուցում է, որ ազատազրկման տարիներին մասնագիտություն ձեռք բերած մարդիկ, որպես կանոն, այլևս հանցագործություն չեն կատարում և պետության մեջ կտրուկ նվազում են կրկնահանցագործությունները: Պատկերացնում եք` այս համաճարակի ժամանակ ազատազրկված հազարավոր մարդիկ անգործության մատնված լինելու փոխարեն` դիմակներ պատրաստեին, ձեռնոցներ և ալկոգել արտադրեին, իսկ առհասարակ` կահույք պատրաստեն, շինարարության մեջ ներգրավվեն, կենցաղային տարատեսակ ապրանքներ…

Այցելությունս «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր մոտենում էր ավարտին: Մարդիկ էկրանի այն կողմում գավաթները լցրեցին գինով ու բարձրացրեցին: Ես բանտում չէի …

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter