HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Նախագահական լարված ընտրություններ Բելառուսում. լրագրողների արտաքսում և ռազմական տեխնիկա Մինսկի կենտրոնում

Օգոստոսի 9-ին Բելառուսում նախագահական ընտրությունների վերջին օրն էր, որն սկսվել էր օգոստոսի 4-ից։ Երկրի ողջ տարածքում, տեղի ժամանակով 20:00-ին, պաշտոնապես փակվել են ընտրատեղամասերը։ Արդեն 26 տարի իշխող Ալեքսանդր Լուկաշենկոյի հիմնական մրցակիցը Սվետլանա Տիխանովսկայան է։

Վերջին տվյալներով՝ ընտրություններին մասնակցած քաղաքացիների թիվը մոտենում է 80 %-ի։ Ընտրությունները համարվում են կայացած, եթե դրան մասնակցած ընտրողների թիվը գերազանցում 50 %-ը։

Ներկայիս ընտրությունները ժամանակակից Բելառուսի պատմության թերևս ամենալարված ընտրություններն են, որտեղ 65-ամյա Լուկաշենկոյին, որն արդեն իսկ կառավարում է քառորդ դար, մարտահրավեր է նետել 37-ամյա ուսուցչուհի Սվետլանա Տիխանովսկայան։ Վերջինս ունի բավականին լուրջ աջակցություն հանրության կողմից։

«BBC»-ի լրագրողները հայտնում են, որ Մինսկի կենտրոնական բոլոր փողոցներում ու հրապարակներում կուտակվել են ներքին զորքերի զինծառայողներն ու ռազմական տեխնիկան։ Որոշ զինծառայողների մոտ կան նաև ծառայողական շներ։

ԶԼՄ-ները չեն հայտնում որևէ անկարգությունների մասին, սակայն Մինսկի բազմաթիվ բնակիչներ սոցիալական ցանցերում գրում են, որ քաղաքի փողոցներում տեսել են ռազմական հատուկ տեխնիկա, որը, հնարավոր է, բերվել է ցանկացած տիպի բողոքի ցույց ցրելու համար։ Փողոցներում կան նաև ջրցան մեքենաներ։ Վերջիններս Բելառուսում երբեք չեն կիրառվել։ Ընտրություններին Բելառուսի իշխանությունները թույլ չեն տվել ներկա գտնվել անկախ դիտորդներին։ Արգելքը չի տարածվել արտասահմանցի լրագրողների վրա։ Այդուհանդերձ, արտասահմանցի բազմաթիվ լրագրողներ չեն կարողացել հավատարմագրվել։ Ոմանց էլ արտաքսել են ընտրություններից մի քանի օր առաջ։ Այսպես, Բելառուսի իշխանությունների կողմից արտաքսվել է «Настоящее время» հեռուստաընկերության նկարահանող խումբը։

Հայտնի է, որ ձերբակալվել են ռուսական «Дождь» հեռուստաընկերության լրագրողները։ «ТАСС» գործակալությունը, հղում կատարելով Բելառուսի ԱԳՆ մամլո քարտուղար Անատոլի Գլազին, նշում է, որ պատճառը հավատարմագրման բացակայությունն է։ Հիմա նրանք գտնվում են Մինսկի ոստիկանության բաժանմունքներից մեկում։ Նրանց Բելառուսը կխնդրի լքել երկիրը՝ «հաշվի առնելով, որ արտասահմանցիներ են»։ Ռուսական լրատվամիջոցները նաև հայտնում են, որ խուզարկվել է «Дождь» հեռուստաընկերության լրագրողների վարձակալած տունը։

Զուգահեռաբար Բելառուսի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Լիդիա Երմոշինան «СТВ» հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ որոշ ընտրատեղամասերի մոտ գրանցվել են հերթեր։ 

Քվեարկությունից հետո գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն լրագրողների առաջ հանդես է եկել ճեպազրույցով՝ քննադատելով հիմնական մրցակցին, ինչպես նաև անկախ լրատվամիջոցներին։ «Ես չեմ համարում, որ նա իմ գլխավոր մրցակիցն է։ Այդ դուք եք նրան գլխավորը դարձրել։ Նա անկեղծ խոստովանում է, որ չի հասկանում, թե ուր է ընկել և ինչ պետք է անել»,- Լուկաշենկոյին խոսքերը մեջբերել է «РИА Новости»-ն։

Լուկաշենկոյի խոսքերով՝ առանձին լրատվամիջոցներ, որոնք գործում են Բելառուսում, «կռիվ են ուզում տեսնել, ուզում են ջարդել, տապալել իշխանությանը, վիրավորել։ Եվ ձեր առաջ ես թե մեկ ուրիշը պետք է ծնկի իջնի՞...և պաչի այն հողը, որի վրայով քայլո՞ւմ եք դուք։ Դա չի լինի, դուք դա պետք է հստակ պատկերացնեք։ Շարժվեք օրենքով»,-նշել է Լուկաշենկոն՝ սպառնալով, որ բոլոր այն ԶԼՄ-ները, որոնք կփորձեն երկրում քաոս հաստատել, իր կողմից կտրուկ պատասխանի կարժանանան։ Սվետլանա Տիխանովսկայան էլ քվեարկել է Մինսկի արևելյան թաղամասերից մեկի դպրոցներից մեկում։ 

Ընտրությունների վերջին օրը Բելառուսում խնդիրներ են առաջացել համացանցային կապի հետ։ Նախօրեին որոշ լրատվամիջոցներ հայտնել էին, որ իշխանությունները միտված են ամբողջությամբ արգելափակել բջջային կապն ու համացանցը։ Բելառուսի իշխանություններն էլ հայտնել են «արտաքին ալիքներով» պետական գերատեսչությունների կայքերի ուղղությամբ DDoS հարձակումների մասին։ Օգտատերերը բողոքում են, որ չեն կարողանում մտնել «Youtube» և տարբեր մեսենջերներ։ Որոշ լրատվամիջոցներ հայտնում են, որ Մինսկի բնակիչներն ավելի վաղ էին պատրաստվել նմանատիպ սցենարի՝ ներբեռնելով VPN ծառայություն։

Նախորդող ողջ շաբաթվա ընթացքում երկրում ընթանում են արտահերթ ընտրությունները։ Այսպիսի նորմ սահմանված է բելառուսական օրենսդրությամբ, սակայն քննադատվում է իրավապաշտպանների և միջազգային դիտորդների կողմից։ Նրանց կարծիքով՝ սա հնարք է ընտրությունների արդյունքները մանիպուլացնելու համար։ Բելառուսի ԿԸՀ տվյալներով՝ արտահերթ քվեարկել է ընտրողների 41,7 %-ը։ Համեմատության համար նախագահական նախորդ ընտրություններին արտահերթ քվեարկել էր ընտրողների 36,05 %-ը, իսկ 2010 թվականին՝ 23,1 %-ը։

Արդեն իսկ հրապարակվել են պետական էքզիթ փոլերի արդյունքները, համաձայն որի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստացել է ձայների 79,3 %-ը, իսկ հիմնական մրցակից Սվետլանա Տիխանովսկայան՝ 6,8 %-ը։ Այս հարցման արժանահավատությունը գնահատելն առայժմ դժվար է։

Լուսանկարը՝ AP Photo/Sergei Grits

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter