HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թաթուլ Հակոբյան

«Թբիլիսին պետք է ուշադիր լինի փոքրամասնությունների իրավունքների հարցում»

Միջազգային ճգնաժամային խումբը Ջավախքի մասին զեկույցում քննադատում է Վրաստանի քաղաքականությունը

Միջազգային ճգնաժամային խումբը (ՄՃԽ), որը Բրյուսելում գործող հեղինակավոր կազմակերպություն է եւ անցյալ տարվա աշնանը երկու զեկույց էր պատրաստել Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին, նոյեմբերի 22-ին հրապարակել է նոր զեկույց՝ այս անգամ Ջավախքի, ավելի ճիշտ' հայահոծ Սամցխե-Ջավախք երկրամասի եւ գերազանցապես ադրբեջանաբնակ Քվեմո-Քարթլիի մասին:
Մեզ առաջին հերթին հետաքրքրում է զեկույցի այն հատվածը, որը վերաբերում է մեր հայրենակիցներին' ջավախահայությանը, ուստի ավելի շատ կանդրադառնանք զեկույցի այդ հատվածին:

Ջավախքի եւ կովկասյան հարցերով փորձագետ Սերգեյ Մինասյանը պնդում է, որ առաջին անգամ է միջազային կազմակերպությունը անդրադառնում Ջավախքի խնդրին, ընդ որում' Թբիլիսիին հորդորում կատարել այնպիսի քայլեր, որոնք Հայաստանը եւ հայկական կողմը անգամ չէր արել:

Ի՞նչ է գրված մոտ 30 էջանոց զեկույցում: Նախապես ասենք, որ ուսումնասիրության ընթացքում ՄՃԽ-ն կենտրոնացել է Վրաստանում ապրող հայերի ու ադրբեջանցիների քաղաքական իրավունքների վրա:
Սա չափազանց կարեւոր է, որովհետեւ Վրաստանի իշխանություններն ամեն առիթով հայերի եւ ադրբեջանցիների, ինչպես նաեւ մյուս փոքրամասնությունների պահանջները ներկայացնում են սոցիալ-տնտեսական կտրվածքով՝ պնդելով, որ, օրինակ, Ջավախքում առկա խնդիրները բնորոշ են նաեւ երկրի մյուս' վրացաբնակ շրջաններին:

Ներկայացնենք զեկույցի ամենաուշագրավ կետերը: Վրաստանի կառավարությունը պետք է «լուրջ քայլեր ձեռնարկի երկրի էթնիկ հայկական եւ ադրբեջանական տարածքներում հակամարտություններից խուսափելու համար»:
«Վրաստանը ժողովրդավարական հաստատություններ եւ քաղաքացիական ինքնություն կառուցող երկիր է, սակայն բնակչության 12 տոկոս կազմող հայ եւ ադրբեջանական փոքրամասնությունների ներգրավման գործում Վրաստանը լուրջ առաջընթաց չի արձանագրել: Սամցխե- Ջավախքում եւ Քվեմո-Քարթլիում, որտեղ նրանք են հիմնականում ապրում, լարվածությունն ակնհայտ է: Վերջին երկու տարիներին անցկացվել են ցույցեր, կան տեղեկություններ ոստիկանական բռնությունների մասին, տեղի են ունեցել սպանություններ: Թեեւ վտանգ չկա, որ իրավիճակը կարող է Աբխազիայի եւ Հարավային Օսիայի պես սպառնալ Վրաստանի տարածքային ամբողջականությանը, հետագա հակամարտությունից խուսափելու համար Թբիլիսին պետք է ուշադիր լինի փոքրամասնությունների իրավունքների նկատմամբ, այդ թվում նրանց լեզվի օգտագործման հարցում»,-ասվում է զեկույցում:

ՄՃԽ-ի հայաստանյան վերլուծաբան Լեւոն Զուրաբյանը, ով զեկույցը պատրաստելու ընթացքում աշխատել է æավախքում, ասում է. «Սամցխե-Ջավախք շրջանում, որտեղ հայերը կազմում են մոտավորապես 55 տոկոս, հիմնականում իշխանության պաշտոններում գտնվում են վրացիներ եւ ոչ թե հայեր: Պատճառները շատ են, որոնցից մեկը նաեւ փոքրամասնությունների նկատմամբ Վրաստանում պատշաճ հանդուրժողականության մշակույթի բացակայությունն է: Վրաստանը ազգային փոքրամասնությունների հետ երկխոսության մեխանիզմ չունի: Ազգային փոքրամասնությունները' համայնքները, օտարված են երկրի կյանքից: Ջավախքի հարցում Վրաստանը դիմում է Հայաստանի օգնությանը: Հարցը լուծվում է կարճաժամկետ, իսկ խնդիրը խորության մեջ պահպանվում է: ՄՃԽ-ն միտումնավոր չի անդրադարձել սոցիալ-տնտեսական հարցերին, քանի որ առաջնային է քաղաքական եւ քաղաքացիական իրավունքների հարցում հավասարությունը երկրի բոլոր բնակիչների միջեւ: Ցանկալի է, որ այս հարցերը լուծվեն Թբիլիսի-Ջավախք հարթությունում»:

Զուրաբյանը հարցի լուծման խոչընդոտները երեք հիմնական խմբերի է բաժանում. պետական կառավարման համակարգի եւ համապետական, ինչպես նաեւ տեղական մակարդակներում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների բացակայությունը (այսինքն' հայերին պաշտոններ չտալը), կամ խիստ սակավ ներկայացվածությունը, ապակենտրոնացման ոչ բավարար մակարդակը' տեղերին գոնե մշակութային եւ կրթական ինքնավարություն չտալը եւ ազգային փոքրամասնությունների՝ վրացերենին չտիրապետելը:

«Հայերն ու ադրբեջանցիները լավ ներկայացված չեն հանրային կյանքի որեւէ բնագավառում, հատկապես' կառավարությունում: Խնդիրը հատկապես սուր է Քվեմո-Քարթլիի ադրբեջանցիների համար, որտեղ վրացիները զբաղեցնում են բոլոր կարեւոր պաշտոնները: Ազգային փոքրամասնությունների քաղաքական մասնակցությունը եւ ներկայացվածությունը, որը բանալի է առավել արդյունավետ ներգրավման համար, անհանգստացնող չափի փոքր է: Թբիլիսիի եւ փոքրամասնությունների միջեւ երկխոսության պակասը է՛լ ավելի է ուժեղացնում խտրականության եւ օտարացման ընկալումները»,-ասվում է ՄՃԽ-ի զեկույցում:

Զուրաբյանը նշում է, որ Վրաստանում ապրող հայերի եւ ադրբեջանցիների ինտեգրման համար լուրջ խոչընդոտ է նաեւ լեզվի չիմացությունը: Ե՛վ Ջավախքում, եւ՛ Քվեմո-Քարթլիում հայերն ու ադրբեջանցիները չեն տիրապետում վրացերենին, մինչդեռ, Վրաստանի օրենսդրության համաձայն, վրացերենի իմացությունը պետական պաշտոն զբաղեցնելու համար պարտադիր պայման է:

«Բնական է, որ նման քաղաքականության հետեւանքով փոքրամասնությունները ավելի շատ են զրկվում պաշտոններից եւ դուրս մնում քաղաքական կյանքից: Սա շատ լուրջ դժգոհություն է առաջացրել»,-ասում է Զուրաբյանը:

Հայաստանի վարչապետի խորհրդական Ստեփան Մարգարյանը, ով արմատներով Ջավախքից է եւ զբաղվում է հենց Ջավախքի խնդիրներով, ասում է, որ «ոչ ոք վրացերեն չի սովորի մի միջավայրում, ուր վրացերեն չկա: Վրացերենի ուսուցիչները գալիս են 95 տոկոս հայերով բնակեցված Ջավախք, արագ սովորում հայերեն եւ հեռանում: Վրաստանը չի վստահում Հայաստանին, Ջավախքը չի վստահում Վրաստանին: Ռուս-վրացական հարաբերություններից նաեւ Ջավախքն է տուժում: Տարեկան 30 000 մարդ գնում էր «խոպան», իսկ հիմա Ռուսաստանն այդ մարդկանց վիզա չի տալիս»:

ՄՃԽ-ի զեկույցում խստորեն քննադատվում է Միխայիլ Սաակաշվիլու «լեզվական քաղաքականությունը». «Փոքրամասնությունների ամենամեծ խնդիրը վրացերենին չտիրապետելն է: Սկսած վարդերի հեղափոխությունից՝ կառավարությունն իրագործում է օրենքներ, որոնք փոքրամասնություններին պարտադրում են հաղորդակցվել տեղական պաշտոնյաների հետ, անգամ ստանալ պաշտոնական փաստաթղթեր, ներկայացնել բողոքներ եւ օգտվել հանրային ծառայություններից վրացերենով»:

ՄՃԽ-ն Վրաստանի իշխանություններին առաջարկում է փոքրամասնությունների համար վրացերենի ուսուցման ծրագիր մշակել: Բայց մինչեւ նոր սերունդը կրթվի, փոքրամասնությունների նկատմամբ խտրականություն չպետք է լինի, ուստի խումբը կոչ է անում Վրաստանի կառավարությանը ընդունել այնպիսի օրենքներ, որոնք փոքրամասնություններին հնարավորություն կտան պաշտոնական գործավարության մեջ օգտագործել նաեւ մայրենի լեզուն:

Փորձագետ Սերգեյ Մինասյանը եվրաինտեգրման հարթությունում է դիտարկում Ջավախքում առկա խնդիրների լուծումը: Նա ասում է, որ Եվրոպա ձգտող Վրաստանը պարտավոր է ազգային փոքրամասնությունների իրավունքները հարգող եվրոպական չափանիշներ ընդունել:
«Հարցը պետք է լուծեն Ջավախքը եւ Վրաստանը: Հայաստանը եւ Եվրոպան շահագրգիռ-հետաքրքրված կողմեր կարող են լինել»,- նկատում է նա:

Մինասյանի կարծիքով, ի տարբերություն Արցախի հարցի, Ջավախքի հարցում փոխզիջման լայն տեղ կա' պարզապես հարկ է հաղթահարել վախը եւ կարծրատիպերը ու հարցը քննարկել առանց վախի. «ՄՃԽ զեկույցը կարող է օգտագործվել որպես փաստարկ Վրաստանի հետ բանակցություններում»:

ՄՃԽ-ն իր զեկույցում առաջարկում է շրջանի բնակչության 20 տոկոսից ավելին ազգային փոքրամասնություն լինելու պարագայում պետական գործավարությունը վարել, դատական գործերը լսել ազգային լեզվով, Վրաստանի պետական համալսարանի Ախալքալաքի մասնաճյուղում վերականգնել քվոտաները' տեղերի նվազագույնը 50 տոկոսը ազգային փոքրամասնություններին տրամադրելով:

Հայաստանում վստահ են, որ այս կերպ նաեւ երիտասարդների վրացերեն սովորելու հարցը կլուծվի: Այսօր ավելի ու ավելի քիչ երիտասարդներ են դիմում այս բուհ' լեզվական խնդրի պատճառով: Ինչպես նշում է Հայաստանի վարչապետի խորհրդականը, Հայաստանի կառավարությունը պատրաստ է օժանդակել Վրաստանի պետական համալսարանի Ախալքալաքի մասնաճյուղի հզորացմանը:

ՄՃԽ զեկույցում ասվում է. «Փոքրամասնությունները շարունակում են գաղթել Հայաստան եւ Ադրբեջան: Սակայն ո՛չ Երեւանը, եւ ո՛չ Բաքուն հրապարակայնորեն չեն պաշտպանում նրանց իրավունքները: Թբլիսիի հետ լավ հարաբերությունները եւ գոնե կարճատեւ կայունությունը նրանց համար առաջնային են: Հայերը քաղաքականապես ավելի կազմակերպված են, քան ադրբեջանցիները, բայց երկու համայնքն էլ բողոքի ցույցեր են կազմակերպել, որոնք որոշ դեպքերում վերածվել են բռնության: Թբլիլիսին պետք է շատ ավելին անի, որ խրախուսի փոքրամասնություններին' լուծելու նրանց խնդիրները պետական կառույցների, եւ ոչ թե փողոցի միջոցով»:

Լեւոն Զուրաբյանի ասելով՝ չնայած Վրաստանում մտավախություն կա, որ հայերի եւ ադրբեջանցիների պահանջները կարող են անջատողական քայլերի հանգեցնել, այնուամենայնիվ, Ջավախք կատարած իր այցելության ընթացքում ինքը չի հանդիպել մարդկանց, ովքեր Վրաստանից առանձնանալու ցանկություն ունենան:
Հայերի պահանջներն այլ են. «Պահանջում են ինքնավարություն: Իհարկե, տարբեր մարդիկ տարբեր բաներ են հասկանում այդ բառի տակ»: Կան մարդիկ, ովքեր դա ընկալում են որպես լիակատար քաղաքական ինքնավարություն, եւ կան այնպիսիք, ովքեր նկատի ունեն «լեզվամշակութային ինքնավարությունը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter