HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սևանա լճի ափամերձ հատվածներում ապօրինի հողազավթումների և ինքնակամ կառուցապատումների զուգակցությամբ շուրջ 130 տնտեսվարման դեպք է արձանագրվել

Շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 8-ին նախարար Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում էր։

Նախարար Պետրոսյանը նախ հանդիպում-քննարկում է ունեցել «Սևան» ազգային պարկի աշխատակազմի հետ, որին ներկա են գտնվել ազգային պարկի բոլոր ստորաբաժանումների ղեկավարները։ Նախարարը ներկայացրել է Սևանի հիմնախնդիրների լուծման իր տեսլականն ու շուտափույթ լուծման առաջնային խնդիրներ դրել։

«Սևան» ազգային պարկում տեղի ունեցած մեկ այլ աշխատանքային խորհրդակցությանը, որը մեծամասամբ վերաբերում էր Սևանում ապօրինի ձկնորսության դեմ պայքարին և գործող օրենքի ամբողջական կիրարկմանը, մասնակցում էր նաև Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։
Հանդիպման ընթացքում Շրջակա միջավայրի նախարարը կարևորել է համառ ու հետևողական պայքարը լճում ձկնագողությամբ զբաղվող մարդկանց ու խմբերի դեմ, որոնց գործունեության արդյունքում Սևանա լիճը կրում է զգալի էկոլոգիական վնասներ։
Հանդիպումից հետո Ռոմանոս Պետրոսյանը շրջայց  է կատարել Սևանա լճի թերակղզում գտնվող հանրային լողափում, ստուգայցով եղել լճի այլ ափերում, որտեղ այժմ ընթանում են առափնյա անտառածածկ հատվածների մաքրման աշխատանքներ՝ տեղում դիտարկելու առկա իրավիճակը:

  • Արձանագրվել է, որ «Սևան» ազգային պարկի տարածքում՝ Սևանա լճի ափամերձ բազմաթիվ հատվածներում, առկա են ապօրինի հողազավթումների և ինքնակամ կառուցապատումների զուգակցությամբ շուրջ 130 տնտեսվարման դեպք։
    Արձանագրվել է նաև առանց պետական գրանցման պայմանագրային վարձակալությամբ գործունեության 150 դեպք։
  • Վեր է հանվել տասնամյակներով վարձակալության և կառուցապատման իրավունքով գործող շուրջ 1000 տնտեսվարող, որոնց գործունեության բնույթը, իրավաչափությունն ու սահմանված կարգին համապատասխանությունը դեռ պետք է ուսումնասիրվի միջնաժամկետ կտրվածքով:
  • Ազգային պարկի ափամերձ հատվածներում՝ կառուցապատման թույլատրելի նիշից ցածր գոտում կառուցված ապօրինի շենք-շինությունների ընդհանուր քանակն այս պահին շուրջ 3.800 է։ Բոլորը ենթակա են ապամոնտաժման և քանդման։

Կարճաժամկետ հեռանկարում առաջնային խնդիր է պետական բացառիկ սեփականություն հանդիսացող տարածքներն ազատել ապօրինի տաղավարներից, ինքնակամ շենք-շինություններից, պարիսպներից ու կենսական կարևորության այս ոլորտում հաստատել օրենքի գերակայություն:

Նախարարը շրջայցը եզրափակել է Սևանա լճի հարավ-արևելյան ափեզրին ջրածածկ անտառապատ տարածքների մաքրման աշխատանքների դիտարկմամբ։

  • Ծառերի և թփուտների մնացորդների դուրս բերումն առափնյա ջրածածկ գոտիներից ուղղված է Սևանի ջրերում կապտականաչ ջրիմուռների առաջացման պատճառների վերացմանը։
  • Այս տարի նախատեսվում է մաքրել շուրջ 270 հեկտար ափամերձ անտառաշերտ։ Այս պահին ամբողջությամբ մաքրված է շուրջ 50 հեկտար։

Գեղարքունիքի մարզ կատարած այցի ավարտին նախարար Պետրոսյանը «Սևան» ազգային պարկի տնօրինությանը տվել է հստակ հանձնարարականներ, որոնց կատարումը գտնվելու է նախարարության անմիջական ուշադրության կենտրոնում։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter