HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեղամասար համայնքի ճանապարհներն ասֆալտապատելու և նորոգելու համար 1.9 մլրդ դրամ է անհրաժեշտ

Գեղարքունիքի մարզի Գեղամասար խոշորացված համայնքն ընդգրկում է 18 բնակավայր՝ Փամբակ, Դարանակ, Արեգունի, Գեղամասար, Ավազան, Արփունք, Փոքր Մասրիկ, Կախակնը, Կուտական, Տրետուք, Սոթք, Ազատ, Կութ, Շատվան, Նորաբակ, Գեղամաբակ, Ջաղացաձոր և Շատջրեք։

Գեղամասարի համայնքային ենթակայության ճանապարհների ընդհանուր երկարությունը 150 կմ է։ Համայնքի տարածքով անցնող միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ընդհանուր երկարությունը՝ 45 կմ։

Համայնքային ճանապարհները հիմնականում անբարեկարգ են։ «Մայրուղուց գյուղ տանող ճանապարհներն անհրաժեշտ է ասֆալտապատել, իսկ գյուղամիջյան ճանապարհները հարթեցնել տեխնիկայի օգնությամբ, կատարել նաև փոսալցման աշխատանքներ»,-այս մասին նշված է նաև համայնքի անձնագրում։

Փոքր Մասրիկ

Փոքր Մասրիկից Արփունք 4 կմ է, ճանապարհն՝ ամբողջովին գրունտային և փոսաշատ:

«Շատ վատ է ճանապարհների վիճակը, չենք կարողանում մեքենայով անցնել։ Մեքենաները ջարդում ենք»,-ասում է համայնքի բնակիչ Սերգեյ Հարությունյանը։

Նա շաբաթը մեկ այցելում է Փոքր Մասրիկում բնակվող հարազատներին: Ցույց տալով իր «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան՝ Սերգեյ Հարությունյանն ասում է՝ անգամ իր ավտոմեքենայով վարորդները դժվար թե կարողանան հասնել հարևան Արփունք, հատկապես ձմեռային ամիսներին։

1988 թվականից Փոքր Մասրիկում բնակվող Հարություն Մարտիրոսյանը սոցիալական առկա պայմաններում ճանապարհների պատճառով անընդհատ մեքենա վերանորոգելը «ճոխություն» է համարում։

«Մեքենա վարելու հնարավորություն չկա։ Թեև ճանապարհը տարվա ընթացքում հարթեցվում է, սակայն, օրեր անց այն նորից անանցանելի է դառնում։ Բացի այդ, համայնքում սելավատար չկա։ Գարնանն ու աշնանը անձրևը  ճամփի կողքերով գալիս, լցվում է տներն ու այգիները»,-ասում է Հարությունը։

Փոքր Մասրիկի վարչական ղեկավար Լևոն Մանասյանը համայնքում է բնակվում 1989 թվականից։ «1989 թվականից մինչ այսօր նույն վիճակն է։ Ճանապարհը գրեյդերով տարեկան երկու անգամ՝ ձնհալի ժամանակ, աշնանը կամ գարնանը մաքրվում է, փոսերն են հարթեցվում համայնքի հաշվին։ Ասֆալտապատման համար ծրագիր պետք է ներկայացվի։ Այսինքն՝ պետական աջակցություն պետք է լինի, որ ասֆալտապատվեն»,-ասում է Մանասյանը:

Փամբակ

Փամբակ գյուղում մինչև 1988 թվականը բնակվել են ադրբեջանցիներ: Նրանց հեռանալուց հետո գյուղը բնակեցվել է Ադրբեջանից բռնագաղթած փախստականներով:

Փամբակում ևս գյուղամիջյան ճանապարհները գրունտային են, խորը փոսերով։

Արմեն Մարտիրոսյանը Փամբակում է բնակվում 1989 թվականից: Ասում է՝ նախկինում միջպետական ճանապարհների վիճակը շատ վատ էր, մեծ դժվարությամբ էին գյուղ հասնում։ Տարիներ առաջ միջպետական ճանապարհը նորոգելու համար մի քանի անգամ որպես բողոքի նշան ճանապարհը փակել են։ Այժմ նա գոհ է գյուղ տանող միջպետական ճանապարհից, որը վերանորոգվել է, հիմա էլ սպասում է գյուղամիջյան ճանապարհների վերանորոգմանը։

«Ճանապարհները ոչ բարվոք վիճակում են։ Ասֆալտի մասին խոսք լինել չի կարող, չեմ ասում՝ ճանապարհներն ասֆալտ անեն, գոնե հողային աշխատանքներ անելով դզեն»,-ասում է Արմեն Մարտիրոսյանը։

Արմենի խոսքով՝ համայնքում չկան ջրահեռացման խողովակներ, և երբ անձրև է գալիս, փոսերում ջուր է լցվում, չեն կարողանում գյուղամիջյան ճանապարհներով երթևեկել։

Նախորդ տարի, երբ վերանորոգվում էր միջպետական ճանապարհը, Փամբակի բնակիչների խնդրանքով նորոգողները հարթեցրել են գյուղամիջյան գլխավոր ճանապարհը, փոսերում հող լցրել։ Բայց որոշ ժամանակ անց այն կրկին նույն վիճակում է հայտնվել։

Արմեն Մարտիրոսյանի խոսքով՝ գյուղամիջյան ճանապարհը նորոգելու խոստումներ չկան, հույսը բարերաներն են։

Նորաբակ

«1988 թվականից այս գյուղում ենք: Արցախյան ազատամարտի ժամանակ զինտեխնիկան համայնքի ճանապարհով է անցել: Գյուղ մտնող գլխավոր այս ճանապարհը պատերազմ տեսած ճանապարհ է, բայց աննորոգ»,-ասում է Նորաբակի վարչական ղեկավար Վազգեն Ասատուրյանը։

Նորաբակի ճանապարհը 1990-ականներից մինչև այժմ չի նորոգվել։

Նորաբակի ճանապարհի ողջ երկայնքով անանցանելի փոսեր են:  Ճանապարհի տարբեր հատվածներում վարորդները շրջանցել, դաշտերով նոր ճանապարհ են բացել: 

Վազգեն Ասատուրյանն ասում է, որ համագյուղացիները լքում են գյուղը ապրելու պայմանների բացակայության պատճառով։ «Այս համայնքում ոչ թե պիտի հարկ հավաքեն, այլ պետք է մեզ սուբսիդավորեն, որ ապրենք»,-ասում է նա։

«Հետքը» շրջել է Գեղամասար համայնքի այլ բնակավայրերով էլ: Անբարեկարգ են նաեւ դեպի Կախակն, Ազատ, Ավազան համայնքներ տանող, Ջաղացաձորի, Գեղամաբակի գյուղամիջյան ճանապարհները: 

Գեղամասարում այս տարի ճանապարհներ չեն նորոգվի

Գեղամասարի համայնքապետարանի փոխանցմամբ՝  միջհամայնքային ճանապարհներից գրունտային են միջպետական ճանապարհներից դեպի Փամբակ (1.3կմ), Դարանակ (1,2 կմ), Ավազան (1,3 կմ), Արփունք (3 կմ), Կախակն (7 կմ), Կութ (3,6կմ), Ազատ  (2,9 կմ),  Շատվան-Նորաբակ (7,5 կմ) տանող ճանապարհները։

Համայնքապետարանի հաշվարկներով՝ առաջնային այս ճանապարհներն ասֆալտապատելու և նորոգելու համար անհրաժեշտ է 1 մլրդ 947 մլն դրամ։

Ըստ համայնքապետարանի՝ համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի ճանապարհներից նորոգման կարիք ունի 29,5 կմ-ը:

Այս տարի Գեղամասար համայնքի բնակավայրերում ճանապարհների նորոգում չի կատարվի։ Արդեն իսկ հարթեցվել և խճապատվել են Սոթք բնակավայրի ներհամայնքային 12կմ ճանապարհները։ Ծախսը կազմել է 914 000 դրամ։ Բացի այդ, հարթեցվել եւ խճապատվել է Դարանակ բնակավայրի ներհամայնքային ճանապարհների գյուղամիջյան և դաշտամիջյան 5 կմ ճանապարհ. ծախսը կազմել է 417 000  դրամ։

Գեղամասարի համայնքապետարանից հետաքրքրվել ենք, թե վերջին անգամ երբ են հիմնանորոգվել համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի ճանապարհները։ 

Թեեւ համայնքում կարեւորում են ճանապարհների բարեկարգումը, սակայն այս պահին առաջնահերթ են համարում խմելու ջրի հարցը։

«Բոլոր ծրագրերն ուղղում ենք խմելու ջրին՝ առաջնային այս հարցն ենք ուզում լուծել, ոչ մի գյուղում լիարժեք ջուր չեն ունեցել մինչ օրս: Եթե ջուր լինի, մարդը կմնա և սոցիալական մյուս հարցերը կլուծի»,-«Հետքին» ասել է Գեղամասար համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Մարգարյանը:

Լուսանկարները՝ Անի Սարգսյանի, Նարեկ Ալեքսանյանի

Տեսանյութը՝ Անի Սարգսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter