HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հետընտրական կրքերը չեն հանդարտվում Բելառուսում. ոստիկանությունը հայտնում է մեկ զոհի մասին

Բելառուսում նախագահական ընտրություններից երկու օր անց երկրի բնակիչները դարձյալ դուրս են եկել բողոքի ցույցերի՝ պահանջելով վերահաշվել ընտրությունների արդյունքները, որի արդյունքում, ըստ պաշտոնական տվյալների, հերթական անգամ հաղթել է Ալեքսանդր Լուկաշենկոն։ Վերջինս իշխանության ղեկին է արդեն 26 տարի շարունակ։

Չնայած որ երկրորդ օրը ցուցարարների թիվն ավելի քիչ էր, քան նախօրեին, այդուհանդերձ բողոքի ցույցերին մասնակցում էր մի քանի հազար մարդ։ Դեռ օգոստոսի 10-ի երեկոյան ոստիկանության ուժերը կուտակվել էին Մինսկի կենտրոնում, որտեղ նախօրեին տեղի էին ունեցել բախումները։ Բողոքի ցույցերը ցրելու նպատակով՝ քաղաքի կենտրոն է բերվել նաև ՊՆ հատուկ նշանակության ուժերը։ 

Առաջին ձերբակալություններն սկսվել են դեռ բողոքի ցույցից առաջ։ Բելառուսի ներքին գործերի նախարար Յուրի Կարաևը հայտարարել է, որ իր գերատեսչությունը թույլ չի տա երկրում իրավիճակի ապակայունացում։ «Զգուշացնում ենք, որ օրենսդրության ցանկացած խախտում կկասեցվի, իսկ մեղավորները՝ օրենքով սահմանված կարգով պատասխանատվության կենթարկվեն»,- հայտարարել է նա։

Օգոստոսի 10-ի երեկոյան Մինսկի բնակիչները սկսել են խմբեր ձևավորել մետրոյի տարբեր կայարանների մոտ և քայլերթով ուղղվել քաղաքի կենտրոն։ Առաջին լուրջ բախումներից մեկը տեղի է ունեցել Կալվարիսկայա փողոցում, որտեղ ցուցարարները փակել են տրանսպորտի երթևեկությունը։ Հատուկ ջոկատայինները նրանց ուղղությամբ կիրառել են լուսաձայնային նռնակներ և ռետինե փամփուշտներ։ Բախումների ընթացքում ոտքից վիրավորվել է «Наша нива» պարբերականի լրագրող Նատալյա Լուբնևսկայան։ Վերջինս հոսպիտալացվել է։

Ոստիկանության հետ մեկ այլ բախում էլ տեղի է ունեցել «Յուբիլեյնայա» հյուրանոցի մոտ։ «Tut.by»-ի տվյալներով՝ այնտեղից բերման է ենթարկվել 10-15 մարդ։ Ցուցարարներին լուսաձայնային նռնակների միջոցով փորձել են ցրել նաև մետրոյի «Պուշկինսկայա» կայարանի մոտ, այնուհետ նաև «Ռիգա» առևտրի կենտրոնի հարակից տարածքում, որտեղ ցուցարարները բարիկադներ էին կառուցել։

Նշվում էր մի քանի ծանր վիրավորների մասին։ Ավելի ուշ, ՆԳՆ-ն հայտնել է Պրիտիցկու փողոցում մահացած ցուցարարներից մեկի մասին։ Գերատեսչության վարկածով՝ նա իբր փորձել է ոստիկանության ծառայակիցների ուղղությամբ նետել «անհայտ ծագման պայթուցիկ սարք», սակայն վերջինս պայթել է ցուցարարի ձեռքում։ Ցուցարարներն էլ պնդում են, որ վերջինս զոհվել է հատուկ նշանակության ուժերի արձակած կրակից։

Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ ներքին զորքերի հատուկ նշանակության ջոկատները անհիմն դաժանությամբ են բերմալ ենթարկել ցուցարարներին, որոնք, ի տարբերություն նախորդ գիշերվա, դրսևորել են առավել խաղաղ վարքագիծ և դիմադրություն ցույց չեն տվել։ Սակայն ավելի ուշ, ցուցարարները սկսել են բարիկադներ կառուցել և անվադողեր այրել, իսկ, որոշ տվյալների համաձայն, «Պուշկինսկայա» մետրոյի կայարանի մոտ հատուկ ջոկատների ուղղությամբ նետել են Մոլոտովի կոկտեյլներ։ 

Ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ օրը ցուցարարներին միացել են նաև մեքենաների վարորդները։ Նրանք ոչ միայն ազդանշաններ են տվել, այլև միտումնավոր փակել դեպի կենտրոն տանող փողոցների երթևեկությունը, որպեսզի թույլ չտան ռազմական տեխնիկան հասնի այնտեղ։ «Медиазона»-ն հայտնում է, որ դրանից հետո ներքին զորքերի հատուկ նշանակության ջոկատները երթևեկության համար սկսել են օգտագործել շտապ օգնության մեքենաները և փորձել ցուցարարներին մոտենալ բժշկական համազգեստով։

Բողոքի ցույցերը շարունակվել են նաև երկրի մյուս քաղաքներում, որոնք սակայն ցրվել են ներքին զորքերի հատուկ նշանակության ջոկատների կողմից։ «Nexta» տելեգրամի ալիքը հայտնում է, որ ցուցարարներ են ձերբակալվել Մոգիլյովում, Վիտեբսկում, Գրոդնոյում, Բոբրույսկում, Լիդում, Գորկիում, Մոլոդեչնոյում և այլ քաղաքներում։ Հատուկ նշանակության ուժերն առավել դաժան են գործել Բրեստում՝ ռետինե փամփուշտներից կրակ բացելով ցուցարարների ուղղությամբ։ Տելեգրամի բելառուսական հատվածի մի քանի ալիքներ էլ նշում են, որ Բրեստում ցուցարարները վիրավորվել են նաև լուսաձայնային նռնակներից։ Պայթյունից առաջացած բեկորներից վիրավորվել է «Tut.by»-ի թղթակիցը։ Դեռևս վերջնական հայտնի չէ, թե քանի մարդ է մասնակցել և վիրավորվել ցույցերի ժամանակ։

Մինչ բողոքի նոր ցույցերի մեկնարկը Բելառուսի քննչական կոմիտեն հայտարարել էր 21 քրեական գործերի հարուցման մասին։ Հիմնականում մեղադրանք է առաջադրվել անկարգությունների, խուլիգանության, ոստիկանության աշխատակիցների նկատմամբ դիմադրության և բռնության հոդվածներով։ Քննչական գործողությունների արդյունքում ձերբակալվել է ավելի քան 80 մարդ։ Կոմիտեն նաև հայտարարել է, որ հիմնական կասկածյալները 20-25 տարեկան երիտասարդներ են, որոնք, իբր, ձերբակալության ժամանակ եղել են գինովցած կամ թմրանյութերի ազդեցության տակ։ Նույն ժամանակահատվածում Բելառուսի հանրային հեռուստաընկերությունը ցուցադրել է լրատվական սյուժե, որտեղ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խոսել է ցուցարարների մասին՝ նրանց անվանելով «ծխած»։

Զուգահեռաբար, Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյավիչյուսը «Twitter»-ի իր միկրոբլոգում գրել է, որ Բելառուսի նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան Լիտվայում է։ Նրա խոսքերով՝ Տիխանովսկայան գտնվում է անվտանգ միջավայրում։

Ավելի ուշ Լինկյավիչյուսը «LRT» ռադիոկայանին պատմել է, որ Տիխանովսական Բելառուսում 7 ժամով ձերբակալված է եղել։ «Գիշերն իրավամբ լարված է եղել»,- հայտնել է նաև՝ հավելելով, որ որևէ նոր տեղեկատվություն չի կարող տրամադրել։ Օգոստոսի 10-ի երեկոյան «Страна для жизни» տելեգրամի ալիքը հայտնել էր, որ մի քանի ժամ է տեղեկություն չունեն Սվետլանա Տիխանովսկայայից։ Նա իր փաստաբան Մաքսիմ Զնակի հետ միասին մտել է Բելառուսի ԿԸՀ, սակայն գտնվել են տարբեր սենյակներում, այդ իսկ պատճառով փաստաբանը չգիտի, թե ինչ են քննարկել ԿԸՀ ներկայացուցիչները նախագահի թեկնածուի հետ։

Դրանից հետո Տիխանովսկայան դուրս է եկել Բելառուսի ԿԸՀ-ից և հայտարարել. «Ես որոշում եմ կայացրել», որից հետո մեկնել է անհայտ ուղղությամբ։ Մոտ 23:30-ին նույն ալիքը հայտարարել է, որ թեկնածուի հետ ամեն բան կարգին է։

Ավելի վաղ էլ Բելառուսի պետական անվտանգության կոմիտեի ղեկավար Վալերի Վակուլյաչիկը հայտարարել է, որ նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի նկատմամբ պատրաստվում էր մահափորձ, որը կանխվել է ՊԱԿ ծառայողների կողմից։ Նա հայտնել է, որ, այսպես կոչված, ընդդիմության շտաբից ստացվել է տեղեկատվություն, որ վերջիններս զգուշանում են սադրանքներից և Տիխանովսկայայի նկատմամբ մահափորձից։ Վակուլչիկը պատմել է, որ ՆԳՆ աշխատակիցները, որոնք զբաղվում են ծայրահեղականության դեմ պայքարով, կարողացել են հայտնաբերել կասկածյալին։

Հիշեցնենք, որ նախօրեին Բելառուսի ԿԸՀ-ն հայտարարել էր, որ հաղթել է գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ հավաքելով ձայների 80,08 %-ը։ Սվետլանա Տիխանովսկայան էլ ստացել էր ձայների 10,09 %-ը։ Ընդդիմությունը չի ընդունում ընտրությունների արդյունքները և պնդում, որ ընտրություններում հաղթել է Տիխանովսկայան։

Լուսանկարը՝ «AFP»-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter