
Առաջարկվում է հաշվեքննության առարկա դարձնել նաև հարկային մուտքերը. Հաշվեքննիչ պալատը կողմ է
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորներ առաջարկում են փոփոխություններ Հաշվեքննիչ պալատի մասին օրենքում` հաշվեքննության առարկա դարձնելով նաև պետական գործառույթների իրականացման համար միջոցների հավաքագրումը` հարկային մուտքերը:
Ըստ հեղինակների` գործող օրենքով հստակ կարգավորված չէ եկամուտների հավաքագրման մասով հաշվեքննություն իրականացնելու ուղղակի պահանջ: Ուստի անորոշությունից խուսափելու համար անհրաժեշտ է հստակ սահմանել, որ հաշվեքննության առարկա է նաև պետական գործառույթների իրականացման համար միջոցների հավաքագրումը` հարկային մուտքերը:
Հարկային մուտքերի հաշվեքննությունը հանդիսանում է Լիմայի հռչակագրի հիմնադրույթներից և ներառված է բյուջետային մուտքերի աուդիտի բաժնում: Ըստ այդ հռչակագրի` աուդիտի բարձրագույն ինստիտուտները պետք է լիազորված լինեն լայնորեն աուդիտի ենթարկել հարկերի հավաքագրման գործընթացը, ուսումնասիրել հարկային փաստաթղթեր, ինչպես նաև հարկերի հավաքագրման համակարգը և արդյունավետությունը:
Հաշվեքննիչ պալատից մեզ հայտնեցին, որ պալատը համակարծիք է նախագծում բերված փաստերի և հիմնավորումների հետ, հատկապես հաշվի առնելով միջազգային կառույցների կողմից հաշվեքննության արդյունավետության բարձրացման նպատակով ներկայացված առաջարկությունների շրջանակն ու բնույթը:
Առաջարկվում է նաև հստակեցնել հաշվեքննիչ պալատի անդամի, ներառյալ նախագահին ներկայացվող պահանջները: Թեկնածուն պետք է համապատասխանի Ազգային ժողովի պատգամավորին ներկայացվող պահանջներին, բարձրագույն կրթությամբ, աուդիտորի որակավորմամբ, (աուդիտորի նվազագույնը հինգ տարվա աշխատանքային ստաժ):
Նախագիծը շրջանառության մեջ է դրվել օգոստոսի 3-ին:
Հաշվեքննիչ պալատն արտաքին պետական հաշվեքննություն իրականացնող անկախ պետական մարմին է, որի գործունեության նպատակը հանրային ֆինանսների և սեփականության ոլորտում պետական և համայնքային բյուջետային միջոցների, ստացած փոխառությունների և վարկերի, պետական և համայնքային սեփականության օգտագործման օրինականության և արդյունավետության վերաբերյալ Ազգային ժողովին և հանրությանը ժամանակին, մասնագիտական և անկողմնակալ տեղեկատվություն ներկայացնելն է:
Հաշվեքննիչ պալատը հաշվեքննություն է իրականացնում պետական բյուջեի և համայնքային բյուջեների միջոցներից ֆինանսավորվող պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում և հիմնարկներում:
Ընդգծենք, որ այն դեռևս նախագիծ է և խորհրդարանի նիստերի օրակարգ ներառվելու համար նախ պետք է ստանա ԱԺ գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը:
Լուսանկարը՝ Pixabay-ից
Մեկնաբանել