HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Լարիսա Ալավերդյանի «քաղաքական մեսիջը»

«Քննարկում է եղել, եւ ես արտահայտել եմ իմ կարծիքը: Ճիշտն ասած' ես զարմացած եմ, որ մեր քննարկումն անմիջապես տարածվեց լրատվամիջոցներով: Ես միշտ ազատ իմ կարծիքն արտահայտել եմ, բայց որոշում կայացնելը մի բան է, քննարկումը' այլ բան: Ես պիտի ինձ կաշկանդված չզգամ, որ քննարկման ժամանակ արտահայտածս խոսքը հրապարակայնացվելու է որպես վերջնական որոշում: Ես քանի տարի է հրապարակային գործի մեջ եմ, ամեն անգամ չեմ հոգնում, չեմ զլանում զարմանալ»,-«Հետքի» հետ զրույցում ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը:

Պատգամավորի ասելով՝ կուսակցության խորհրդի նիստի քննարկման ժամանակ արտահայտած իր մտքերը հրապարակման ենթակա չեն, եւ, ըստ Լ. Ալավերդյանի, ներքին ժողովրդավարությունը ցավագին արձագանք է գտնում հանրության կողմից: «Հիմա մենք ասում ենք' ազատ խոսք, ազատ կարծիք, բայց պիտի չբռնանանք իրար: Կա աշխատանքային քննարկում եւ կա քննարկումից հետո ինչ-որ մոտեցում: Ես իմ բոլոր մոտեցումներն ու կասկածները հո չպիտի՞ հրապարակեմ»,-ավելացրեց Լարիսա Ալավերդյանը:

«Ժառանգության» պատգամավորն ասաց, թե չգիտի' վերջնական համամասնական ցուցակում ինքը որ տեղում կլինի: Այս պահին Լարիսա Ալավերդյանը իր իսկ կամքով ցուցակի 41-րդ տեղում է: Պատգամավորը չի համարում, որ իր այդ քայլով իրեն հետ է մղել: Ըստ նրա՝ դա «քաղաքական մեսիջ» է:
Լարիսա Ալավերդյանից հետաքրքրվեցինք' արդյոք քաղաքականությունից հրաժարվելը չի նշանակում համամասնական ցուցակի ոչ անցողիկ տեղը զբաղեցնել:

«Ես քաղաքականության մեջ մտել եմ, որովհետեւ այնպիսի պահ էր, որ ինձ հրավիրեցին ու ես մտա այդ դաշտ: Երբեւիցե չեմ մտածել, որ պետք է դա շարունակական լինի, եւ մեծ տեղ չեմ տալիս իմ քաղաքական դաշտում գտնվելուն: «Ժառանգություն» կուսակցությանը, որպես քաղաքական ուժ, դաշտում գտնվելուն մեծ տեղ եմ տալիս եւ գտնում եմ, որ ընտրողը պետք է հասկանա, որ 41 մարդ պետք է լինի խորհրդարանում, որ ինչ-որ ձեւով հասարակության պահանջը բերեն դարձնեն քաղաքական կամք, եւ կատարվեն փոփոխությունները»,-պատասխանեց Լ. Ալավերդյանը:

Պատգամավորն ասաց, որ եթե նույնիսկ ինքը խորհրդարան չանցնի, ապա շատ ուրախ կլինի, որ նոր մարդիկ անցնեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter