HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Թող ամաչեն նրանք, ովքեր մեզ այստեղ հասցրին»

Էջմիածնում նրանց տեղը գիտեն բոլորը. Չգործող «Վաղարշապատ» հյուրանոցի շրջակայքն է, աշխատանքի բնույթը' ինչ պատահի:

Մի փոր հացի համար աշխատող մարդիկ կամ ֆայլաներ. այսպես են կոչում նրանց, ում կարելի է այդ վայրում հանդիպել ամեն օր' առավոտից երեկո:

«Առողջ ու աշխատունակ տղամարդ եմ: Արդեն յոթ տարի է' լույսը բացվելուն պես այստեղ եմ: Բախտս բերի' գործ կպնի, էդ օրն էլ կուշտ կքնենք... Տարբեր արհեստների եմ տիրապետում, որոնց շնորհիվ ժամանակին լավ վարձատրվել ու մեծ աղջկաս էլ բարձրագույն կրթության եմ տվել: Չնայած' ի՞նչ օգուտ, ավարտել է ու աշխատանք չունի. փող են ուզում կամ լավ ծանոթ' դպրոցում տեղավորելու համար: Է, որտեղի±ց... ֆայլայություն անելով' հարց կլուծե՞ս, կամ' մեր նմաններին ո՞վ ա բանի տեղ դնում, որ...»,- կուտակված զայրույթը թափեց 58-ամյա Վազգենը:

Խոսակցությանը միջամտած Գեւորգ Հակոբյանի կարծիքով' չնայած իրենց աշխատուժի եւ մասնագիտական վարպետության պահանջարկը կա, բայց գործատուները, ովքեր հիմնականում էժան աշխատուժ փնտրող շարքային քաղաքացիներ են, չնչին գումարներով են վարձատրում իրենց:

«Եթե մի շինարարական կազմակերպության աշխատող լինեի ու ձեռի հետ էլ մասնավոր պատվերներ ընդունեի, համոզված եմ' ինչ գումար ուզեի, կտային նույն այն աշխատանքի դիմաց, ինչի համար այստեղից են տանում,- ասում է Հակոբն ու պարզաբանում սեփական օրինակով,-մեկի տան ջրատար խողովակները փոխել էին, ինչից հետո նոր խնդիրների առաջ էին կանգնել' չէին կարողանում ջրի արտահոսքի դեմն առնել: Վարպետը, ում վստահել էին այդ գործն ու լավ էլ վարձատրել, ինքն էլ իր արածից գլուխ չէր հանում: Չնայած ինձ ուրիշ գործի համար էին տարել, բայց առիթը բաց չթողեցի իմացությունս ցուցադրելու: Ճիշտ է' լավ չարչարվեցի, բայց հասկացա սխալն ու կանխեցի արտահոսքը: Պայմանավորված գումարից 1000 դրամ ավել տվեցին: Օգուտս այն եղավ, որ երկու անգամ հաց տվեցին»:

Զրուցակիցներիս ասելով' պատվիրատու կողմից իրենց կերակրելը, թեյ կամ սուրճ տալը պայմանավորված գնի մեջ չի մտնում:
«Դա կախված է մարդկանց խղճից: Դեպքեր են լինում, երբ ամբողջ օրն աշխատում ես, բայց տանտերերը քեզ ըսկի չեն էլ նկատում. հայտնվում են միայն ցուցումներ տալու ժամանակ: Օրվա վերջում էլ չոր փողը տալիս են ու ճամփա դնում: Կան նաեւ այնպիսիք, ովքեր մինչեւ չկերցնեն, բաց չեն թողնի: Մարդկային տեսակի հարց է, ի՞նչ կարող ես անել. եթե այստեղ ենք հայտնվել, ուրեմն արհամարհանքի՞ ենք արժանի»,- դժգոհում է Վազգենը:

Ֆայլաբազարում գոյություն ունի չգրված գնացուցակ: Յուրաքանչյուր աշխատանքի արժեք սահմանել են իրենք' ֆայլաները: Օրինակ' մեկ պարկ ալյուր բեռնաթափելը 30 դրամ է, ջրհոր փորելը' 1 մետրը 10.000 դրամ, 1քմ հող փխրեցնելը' 1500 դրամ եւ այլն: ՙՀաստատագրված՚ գնից ցածր վարձատրվող պատվերներ չեն ընդունում: Մեր զրույցի պահին հանկարծ աշխուժության ալիք բարձրացավ շարքերում: Պատվիրատու էր հայտնվել: Վերջինս, առանց ավտոմեքենայից իջնելու, «բանակցություններ» սկսեց գնի շուրջ, բայց ընդհանուր հայտարարի չգալով' ձեռնունայն հեռացավ:
«4 մետր կոյուղագիծ պտի փորվեր: 4 մետրի համար 3000 դրամ էր տալիս: Գոնե մետրի դիմաց 1000 է՞լ չտա: Ավելի լավ ա ամբողջ օրն անգործ մնանք, քան աշխատենք էժանով»,- վրդովված բողոքեց ամենատարեց ֆայլան' Գրիգոր Սահակյանը:

Իրենց անտեսված ու արհամարհված են զգում: Դժգոհում են իշխանությունների վերաբերմունքից, ավելի ճիշտ' վերաբերմունք չունենալուց: Պոլիտեխնիկն ավարտած ու ժամանակին պետական մի քանի հիմնարկություններում աշխատած Հովհաննես Հարությունյանը չի ամաչում ֆայլաբազարում կանգնելու համար:
«Թող ամաչեն նրանք, ովքեր մեզ այս օրին հասցրին... Երկու աղջիկ ունեմ, երկուսն էլ բարձրագույնում են սովորում' անվճար համակարգով: Լավ է' այդքանով հոգսս թեթեւացրել են, միայն ճանապարհածախսն է ինձ վրա: Հագուկապի հարցով էլ նեղություն չեն տալիս' ունեցածները ձեւափոխում, հագնում են: Բայց, ի՞նչ թաքցնեմ, ամաչում են իմ համար... Ամեն բան փորձել եմ. փայտե փորագրություններս եմ հանել վաճառքի' առնող չկա: Առեւտրի մեջ եմ ուժերս փորձել, տակ եմ տվել: Մեկ-երկու անգամ եկա այստեղ, կողքից նայեցի, տեսա' գործ լինում է, ու դարձա հիմնական»:

Ֆայլաներից քչերի հետ էր հնարավոր խոսք ու զրույցի բռնվել. «Կուշտն ի՞նչ գիտի' սովածն ինչ ա...»,- ասում էին ու ձեռքի հուսահատ շարժումով խույս տալիս հարցերից:
«Լավ է' տաքսի ծառայություններն էլ կան, տղերքից մեկ-երկուսն ընդունվել, տաքսի են քշում: Չնայած' դրանից էլ գոհ չեն: Իրենց ասելով' մեքենայի որոշ ծախսեր իրանց վրա ա մնում: Բայց, դե, բոմժի նման փողոցում կանգնելուց լավ ա...Ոչ ոք աշխատատեղ բացելու մասին չի մտածում»,-բողոքում էր 40-45 տարեկան մի տղամարդ, ով, թեպետ աշխատում էր ողջ ընթացքում «չբացահայտվել», բայց չդիմացավ ու խառնվեց խոսակցությանը:

«Աշխատանք չունենալուց դժգոհում են, բայց եղած հնարավորությունից էլ հրաժարվում,- ասում է Էջմիածնի Աշխատանքի տեղավորման եւ զբաղվածության ծառայության կենտրոնի ՙԱշխատանքի տեղավորման՚ բաժնի պետ Արմինե Փոլադյանը,-պահակի, աղբահանող բանվորի աշխատանքի առաջարկ արել ենք' 17-20.000 դրամ աշխատավարձով, բայց մերժել են երկու հիմնավորմամբ: Առաջին' որ աշխատելով կզրկվեն «Փարոսի» օգնությունից, երկրորդ' լավ է անգործ կանգնել ֆայլաբազարում, քան աղբ թափել այդքան չնչին աշխատավարձով»:

«Բա իմ տղեն չի ամաչի՞ հորը զիբիլի մեքենայի մեջ տեսնելով: Ըստեղ գոնե չի երեւում' ինչ ենք անում: Իսկ եթե ծանոթ մեկի էլ տեսնում ենք, փախնում-պախկվում ենք պատի հետեւը: Բացի էդ, ինչի՞ պտի 17.000 դրամով աշխատեմ, եթե դրա կրկնակին, դեռ մի բան էլ ավել ստանում եմ ֆայլայությամբ»,-ասաց տղամարդկանցից մեկը:

Ֆայլայությամբ վարակվել են նաեւ կանայք: 62-ամյա Մարիետա Մաթեւոսյանն էլ էր այստեղ վաճառում իր միակ ապրանքը' աշխատուժը. «Տարիքիս ու սպիտակ մազերիս մի նայեք. ուժս տեղն է: Համ էլ, եթե տանը նստեմ, մահացած տղայիս երեխաներին ո՞վ կպահի: Ես այստեղից եմ «գործի» գնում, հարսս' գյուղից-գյուղ. սրա-նրա համար հաց ա թխում: Ես էլ եմ հաց թխում, քաղհան եմ անում... Ավելի ճիշտ' ամեն ինչ էլ անում եմ, բայց ինձ հիմնականում հացի համար են տանում»:

Էջմիածնի ֆայլաբազարն ամենատարբեր տարիքի ու մասնագիտությունների տեր մարդկանց հավաքատեղի է: Ամենաերիտասարդն այստեղ 23, տարեցը' 70 տարեկան է: Երկարամյա աշխատանքային փորձ ունեցողից մինչեւ բանակից նոր զորացրվածն ու վարորդից մինչեւ բարձրագույն կրթություն ունեցողը հավասար են, որովհետեւ այստեղ գործում են ֆայլաբազարի օրենքները:

Հայկուշ Ասլանյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter