
Խորհրդարանը մերժեց արտակարգ դրության չեղարկման նախագիծը
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը խորհրդարանի հատուկ նիստում ներկայացրեց նախագիծ, որով առաջարկվում էր չեղարկել արտակարգ դրությունը:
Պատգամավորի համոզմամբ` մեղմացումների համատեքսում անիմաստ է արտակարգ դրության ռեժիմի պահպանումը, այդ ռեժիմում բազմաթիվ սահմանափակումների են ենթարկվելու Հայաստանից մեկնող և Հայաստան եկող քաղաքացիները: Մարուքյանի խոսքով` մի քանի սահմանափակումներ են անհրաժեշտ, ինչպես, օրինակ, հանրային փակ վայրերում դիմակ դնելը:
Նախագիծը դրվեց քվեարկության և մերժվեց 22 կողմ, 68 դեմ ձայներով: Այդպիսով, հատուկ նիստն ավարտվեց:
Հիշեցնենք, որ արտակարգ դրության ժամկետը երկարաձգվել է մինչ սեպտեմբերի 11-ը, սակայն որոշակի մեղմացումներ են եղել: Վերացվել է ՀՀ քաղաքացինություն չունեցող անձանց՝ Հայաստան մուտքի արգելքը: Հայաստան մուտք գործող անձի նկատմամբ, եթե չի կիրառվում հոսպիտալացում, ապա նա պետք է ենթարկվի 14-օրյա ինքնամեկուսացման ռեժիմի, իսկ եթե այդ ընթացքում թեստի բացասական արդյունք լինի, ապա ինքնամեկուսացման ռեժիմը կփոխվի:
Հայաստանի տարածքում վերացվում է հավաքների և գործադուլների արգելքը, որը փոխարինվում է թույլտվությամբ, սակայն որոշակի կանոնների պահպանման պահանջով, մասնավորապես՝ դիմակի կրում և 1,5 մ սոցիալական հեռավորության պահպանում:
Վերացվում է ընտանեկան արարողություններ և ժամանցային բնույթի միջոցառումներ կազմակերպելու, անցկացնելու կամ մասնակցելու սահմանափակումները: Այդպիսի միջոցառումներն այսուհետ կարող են անցկացվել առավելագույնը 40 մասնակցով, բացօթյա տարածքում:
Մեկնաբանել