HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Մանկատան շրջանավարտների զբաղեցրած 163 բնակարանները կնվիրաբերվեն իրենց

2003-2015թթ. ընթացքում «Պետական աջակցություն Հայաստանի Հանրապետության մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրի շրջանակներում շահառու ճանաչված 163 ընտանիքների հատկացված բնակելի տարածությունը կամ բնակարանը կնվիրաբերվի դրանք զբաղեցրած մանկատան շրջանավարտներին, իսկ 3 շրջանավարտներին կտրամադրվի բնակարանի գնման վկայագրեր։ Որոշումն ընդունվեց կառավարության օգոստոսի 13-ի նիստում։

Որոշման նախագծով՝ առաջարկվում է ամբողջացնել 1991-2019թթ. մանկատան շրջանավարտների բնակարանային խնդիրների լուծումը՝ իրենց զբաղեցրած բնակելի տարածքի կամ բնակարանի մասնավորեցմամբ:

Կառավարության 2003 թվականին ընդունված որոշմամբ` (ուժը կորցրած է ճանաչվել կառավարության 2014 թվականի որոշմամբ) սահմանված կարգով 2003-2015թթ. ընթացքում «Պետական աջակցություն Հայաստանի Հանրապետության մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրի շրջանակներում շահառու ճանաչված 166 անձանց տրամադրվել են բնակարաններ: Ըստ կառավարության որոշման` բնակարանները տրամադրվում էին անհատույց օգտագործման իրավունքով` 10 տարի ժամկետով, որի համաձայն տվյալ բնակարանը հետագայում կարող էր մասնավորեցվել օրենքով սահմանված կարգով կամ տրվել վարձակալության: Այս տարիների ընթացքում այդ բնակարաններում բնակվող մանկատան նախկին շրջանավարտների կողմից ներկայացվել են բազմաթիվ դիմումներ դրանք մասնավորեցնելու խնդրանքով՝ հղում կատարելով պայմանագրի այն կետին, որով նախատեսվում էր նաև բնակարանի մասնավորեցման հնարավորություն: 

Մնացյալ շահառուների համար, որոնք ներառված էին հերթացուցակում և բնակարաններ չէին հատկացվել, կառավարության 2019 թվականի որոշմամբ սահմանվեց նրանց բնակարանային խնդիրները լուծել բնակարանի գնման վկայագրեր տրամադրելու միջոցով: Ընդ որում այդ նորմը տարածվում է նաև մանկատների 2014-2019թթ. շրջանավարտների վրա: Բնակարանի գնման վկայագրով հերթացուցակում ընդգրկված մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներն հնարավորություն է տրվում ձեռք բերել բնակարան՝ սեփականության իրավունքով: 

Այսպիսով, նույն կարգավիճակով անձինք՝ մակատան շրջանավարտներ, ներկայումս հայտնվել են անհավասար պայմաններում: 2003-2015թթ. մանկատան 166 շրջանավարտների բնակարանային խնդիրը լուծվել է 10 տարվա անհատույց վարձակալության պայմանագրի միջոցով, իսկ ներկայումս մանկատան շրջանավարտներին բնակարանները տրամադրվում են անհատույց՝ սեփականության իրավունքով: Միանման մոտեցման անհրաժեշտությամբ պայմանավորված նախագծով առաջարկվում է 2003-2015թթ. ընթացքում ծրագրի շրջանակներում շահառու ճանաչված 163 ընտանիքների հատկացված բնակելի տարածությունը կամ բնակարանը նվիրաբերել դրանք զբաղեցրած մանկատան շրջանավարտներին, իսկ 3 շրջանավարտներին առաջարկվում է տրամադրել բնակարանի գնման վկայագրեր, քանի որ նրանց զբաղեցրած շենքերի տեխնիկական վիճակը դեռևս 2003-2004թթ, այսինքն մինչ պայմանագրերի կնքումը, գնահատվել են 3-րդ աստիճանի վնասվածության և այդ շենքերն անհատույց օգտագործման պայմանագրով զբաղեցրած անձինք իրենց դերակատարումը չունեն շենքերի այդ վիճակում հայտնվելու հարցում:

Որոշումների համաձայն՝ հաշվառված բնակելի տարածության իրավունք ունեցող մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներից և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին դասված անձանցից՝ 2003-2010 թվականների ընթացքում որպես սոցիալական բնակարանային ֆոնդ ձեռք բերված բնակարաններում, անհատույց օգտագործման պայմանագրի հիման վրա բնակվող անձինք իրենց զբաղեցրած բնակելի տարածքի կամ բնակարանների նկատմամբ նվիրաբերության պայմանագրի հիման վրա կարող են ձեռք բերել սեփականության իրավունք, եթե նվիրառության նպատակով դիմել են անձամբ, իսկ այն դեպքերում՝ երբ շահառուն բացակայում է Հայաստանից ուսման նպատակով կամ ծառայում է Հայաստանի զինված ուժերում կամ գտնվում է քրեակատարողական հիմնարկում՝ լիազորագրի հիման վրա:

Նվիրաբերված բնակարանները չեն կարող օտարվել պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսվան հաջորդող 24 ամիսների ընթացքում՝ բացառությամբ այն դեպքերի, երբ շահառուն բնակարանային պայմանների բարելավման նպատակով բնակարան ձեռք բերելու նպատակով ներգրավում է հիփոթեքային վարկի միջոցներ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter