Մեծ Բրիտանիայից փոստային առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչություն վերջին օրերին տեղեկություններ էին ստացվել, որ Մեծ Բրիտանիայից Հայաստան ներմուծվել է առաքանի, որը հնարավոր է պարունակի առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ: Տեղեկություններն իրացվել են Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության աշխատակիցների հետ համատեղ:
Ինչպես հաղորդում է ՊԵԿ լրատվական ծառայությունը, առաքանին ստանալուց հետո, Երևանի Հրաչյա Քոչար փողոցից մաքսանենգության դեմ պայքարի վարչություն բերման է ենթարկվել ՀՀ քաղաքացի: Վերջինիս նկատմամբ իրականացված անձնական խուզարկության արդյունքում հայտնաբերվել են գանգի պատկերով «ՄԴՄԱ» տեսակի թմրամիջոցի 1 մասնատված և 46 ամբողջական հաբեր:
Նույնանման 19 հաբ հայտնաբերվել է Մեծ Բրիտանիայից ներմուծված մեկ այլ առաքանուց:
Երկու դեպքերով՝ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածի հատկանիշներով կազմված նյութերը փոխանցվել են ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչություն: Կատարվում է քննություն:
Ծանուցում. ենթադրյալ հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել