
23-րդ միջոցառմամբ կառավարությունը կաջակցի զբոսաշրջության ոլորտին
Կառավարությունն այսօրվա՝ օգոստոսի 13-ի նիստում հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառումը, որի նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով զբոսաշրջությանն ուղղակիորեն առնչվող առանձին ոլորտներում տնտեսավարողների համար առաջացած դժվարությունների հետևանքով ստեղծված իրավիճակում գործունեության շարունակականությանը և աշխատատեղերի պահպանմանը:
Միջոցառման շահառու հանդիսանում են Հայաստանի տարածքում պետական գրանցում ստացած՝ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ չհանդիսացող այն իրավաբանական անձինք կամ հաշվառված անհատ ձեռնարկատերերը, որոնք ստեղծվել են մինչև 2020 թվականի մարտի 31-ը և համապատասխանում են ստորև թվարկված բոլոր չափանիշներին:
2020 թվականի առաջին եռամսյակի կամ այդ եռամսյակում ընդգրկված որևէ ամսվա համար ներկայացված ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի և/կամ շրջանառության հարկի հարկային հաշվարկով տնտեսավարողի գործունեության առնվազն 50 տոկոսը վերաբերել է ստորև թվարկված ոլորտներին՝
- Կացության կազմակերպում,
- Հանրային սննդի կազմակերպում,
- Զբոսաշրջային գործակալությունների և օպերատորների գործունեություն, տեղերի ամրագրում և զբոսաշրջային ոլորտի այլ ծառայություններ,
- Առողջության վերականգնման կարիք ունեցող անձանց սոցիալական սպասարկում կացության ապահովմամբ,
- Ընդ որում, վերը նշված ոլորտների դասակարգիչները չհայտարարագրած, սակայն 2020 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում փաստացի նշված ոլորտներում գործունեություն իրականացրած տնտեսավարող սուբյեկտները կարող են ընդգրկվել միջոցառման շահառուների ցանկում՝ հարկային մարմնի տեղեկատվական բազայում արտացոլված տվյալների ուսումնասիրության արդյունքում։ Տվյալ դեպքում՝ տնտեսավարող սուբյեկտը գրավոր դիմում է ներկայացնում հարկային մարմին և ուսումնասիրության արդյունքներով շահառու համարվելու դեպքում՝ ընդգրկվում է շահառուների ցանկում դիմելու օրվա ամսվանից սկսած։
Ըստ էկոնոմիկայի նախարարին՝ աջակցությունից կօգտվեն այն կազմակերպությունները, որոնք ունեն առնվազն 3 աշխատակից, և ստեղծվել են ոչ ուշ, քան 2020 թվականի մարտի 31-ը։
Միջոցառման շրջանակում շահառու հանդիսանալու ժամանակահատվածը ներառում է 2020 թվականի հուլիսից մինչև 2021 թվականի մարտ ամիսը ներառյալ։ Դրամաշնորհները տրվում են յուրաքանչյուր ամսվա համար։
Աջակցության եղանակը յուրաքանչյուր երրորդ կամ չորրորդ աշխատակցի աշխատավարձի սուբսիդավորումն է միջոցառման շրջանակներում, որը նշանակում է ամբողջ աշխատավարձի ֆոնդի 33 կամ 25 % հատուցում։ Ավելի մեծ չափով աջակցություն կստանան այն կազմակերպությունները, որոնք, չնայած եկամուտների կրճատմամբ պայմանավորված դժվարություններին, աջակցության ամսվա ընթացքում նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ պահպանած են եղել իրենց աշխատակիցների և աշխատատեղերի ոչ պակաս, քան 70 %-ը։
Աջակցություն չի տրամադրվի այն կազմակերպություններին, որոնք 2019 թվականին կառավարության որոշման արդյունքում ավելացված արժեքի հարկի 50 մլն դրամը գերազանցող գերավճարների վերադարձ են ունեցել և հակառակ դրան՝ կրճատել են աշխատակազմի կեսից ավելին։
«Եթե կազմակերպությունը կատարել է հսկիչ դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների խախտում և արձանագրող ակտը դարձել է անբողոքարկելի, ապա այդ ամսվանից և հետագա ամիսմերի համար կազմակերպությունը կդադարի օգտվել աջակցությունից»,- նշեց էկոնոմիկայի նախարարը։
Վարչապետը հետաքրքրվեց՝ արդյոք ՀԴՄ-ների վերաբերյալ ակտի անբողոքարկելի լինելը նշանակու՞մ է դատական ատյաններով անցած։ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն էլ հայտնեց, որ պետական եկամուտների կոմիտեի հետ քննարկման ժամանակ եկել են այն եզրակացության, որ ակտը պետք է վերջնականապես ուժի մեջ մտնի, որպեսզի համարվի արձանագրված խախտման վերջնական եզրակացություն։ Վարչապետին անհանգստացրեց այն փաստը, որ հնարավոր է՝ այդ դատական պրոցեսը տևի երկու տարի։
Ի վերջո կառավարությունը որոշեց, որ կշարունակի աջակցել նույնիսկ այն դեպքում, երբ խախտումն արձանագրվում է, բայց այն պահին, երբ ՀԴՄ-ի խախտումը դառնում է անբողոքարկելի, կառավարությունը հետ կբռնագանձի աջակցությամբ տրամադրված ամբողջ գումարը։
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել