HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Միքայել Ադամյանն ընտրվեց ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ

«Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում օգոստոսի 13-ին անցկացվեց հոգաբարձուների խորհրդի նոր կազմով նիստ: Այս մասին տեղեկացնում է ԵՊԲՀ պաշտոնական կայքը։

Խորհուրդը նախ հաստատեց օրակարգը, որտեղ ընդգրկված էր երկու հարց: Առաջին հարցը վերաբերում էր բուհի կառավարման մարմնի՝ հոգաբարձուների խորհրդի նախագահի, ինչպես նաև քարտուղարի ընտրությանը:

Հոգաբարձուների խորհրդի անդամների կողմից առաջարկվեց մեկ թեկնածու՝ «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի տնօրեն, ինվազիվ-սրտաբան Միքայել Ադամյանը: ԵՊԲՀ կառավարման մարմնի 31 անդամները բաց քվեարկության արդյունքում Միքայել Ադամյանին միաձայն ընտրեցին ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ: Քվեարկության արդյունքում հոգաբարձուների խորհրդի քարտուղարի աշխատանքը կշարունակի իրականացնել ԵՊԲՀ ներքին հիվանդությունների պրոպեդևտիկայի ամբիոնի ասիստենտ և ուսումնական մասի պատասխանատու, սրտաբանության ամբիոնի ասպիրանտ Անի Ռափյանը: Հոգաբարձուների խորհրդի նորընտիր նախագահը ներկաներին շնորհակալություն հայտնեց վստահության համար՝ նշելով, որ աշխատանքները միտված են լինելու մեր երկրում բժշկական ոլորտում բարձրագույն կրթություն մատուցող միակ պետական բուհի՝ ԵՊԲՀ-ի զարգացմանը:

Միքայել Ադամյանը ներկայացնելով բուհի զարգացման տեսլականը՝ ընդգծեց, որ որդեգրելու է կառուցողական աշխատանքի գաղափարախոսությունը, ստանձնելու է պատասխանատվություն և պարտավորվելու է աշխատանքները կազմակերպել արդյունավետ: «Մեր աշխատանքներն ուղղված են լինելու կրթական, գիտական, կլինիկական մասերի զարգացմանն ու միջազգայնացմանը»,-ասաց հոգաբարձուների խորհրդի նախագահը՝ շեշտելով, որ բուհն ունի լուրջ ձեռքբերումներ, նվաճումներ, այդ թվում՝ խնդիրներ: Խորհուրդը պետք է նպաստի ստեղծելու ավելի գրավիչ պայմաններ նրանց համար, որոնք ցանկանում են բժշկական կրթություն ստանալ Հայաստանում: Անդրադառնալով կլինիկական հատվածին՝ նշեց, որ «համալսարանական հիվանդանոց» բրենդը պետք է զարգացնել համատեղ: Եթե հիվանդանոցը համալսարանական է, ապա հասարակությունն ավելի մեծ վստահություն պետք է ունենա մատուցվող ծառայությունների նկատմամբ, քանի որ ամբողջ աշխարհում գիտական ու կլինիկական հզոր պոտենցիալը կենտրոնացված է համալսարանական հիվանդանոցներում, իսկ Հայաստանն այդ առումով բացառություն չէ: Բժշկության զարգացումը շատ երկրներում բերել է կոշտ մրցակցության և տարբեր երկրներ իրենց ճանաչված համալսարաններով հստակ դիրքորոշում ունեն այս հարցում»,- ընդգծեց նա՝ ավելացնելով, որ համալսարանի ղեկավարությանը ներկայացնելու համար խորհրդի անդամներին առաջարկելու է մշակել ծրագրերի փաթեթ՝ աջակցելով համալսարանական երեք հիվանդանոցների հզորացմանը: Ափոփելով իր ելույթը՝ հոգաբարձուների խորհրդի նորընտիր նախագահը իրականացվող աշխատանքներում կարևորեց միասնականությունը, ազնվությունը և թիմային աշխատանքը, որը կարող է հանգեցնել մեծ արդյունքի:

Հետբուհական և շարունակական կրթության գծով պրոռեկտոր Գառնիկ Ավետիսյանը զեկուցեց օրակարգի երկրորդ հարցը՝ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի բյուջեում վերաբաշխում կատարելու մասին:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը շնորհակալություն հայտնեց հոգաբարձուների խորհրդի նախորդ կազմին՝ նախկին նախագահ Վահան Արծրունու գլխավորությամբ, երկու տարիների ընթացքում իրականացրած արդյունավետ աշխատանքի համար, որը լի էր մարտահրավերներով, կլինիկական և գիտական հաջողություններով, վարչական և շինարարական նորամուծություններով: «Բուհում ամեն հաջորդ սերունդ պետք է գերազանցի նախորդներին: 100 տարիների ընթացքում այս պատերի ներքո կերտվել են բժշկական սերունդներ, որոնք կարողացել են ապահովել մեր երկրի առողջապահության ճակատը»,-ասաց ռեկտորը՝ հիշեցնելով, որ ԵՊԲՀ-ն ունի շուրջ 8000 շրջանավարտ, որոնք հաջողված մասնագիտական գործունեություն են ծավալում աշխարհի 40 երկրում: Բժշկական համալսարանում կրթություն է ստանում 1820 օտարերկրացի սովորող: Առաջիկայում ծրագրվում է այս թիվը հասցնել 2000-ի: Անդրադառնալով օտարերկրացի ուսանողներին՝ ռեկտորը նշեց, որ գալիք ուսումնական տարվա մեկնարկին զուգահեռ՝ բուհը կանգնած է արտերկրից ժամանող ապագա բժիշկների մուտքը Հայաստան ապահովելու խնդրի առաջ: Օտարերկրացի սովորողների մուտքը մեր երկիր, ինչպես նաև ուսումնառությունը ԵՊԲՀ-ում հնարավորինս անխոչընդոտ կազմակերպելու ուղղությամբ համապատասխան գերատեսչությունների հետ իրականացվում են համատեղ աշխատանքներ: Արմեն Մուրադյանը ներկայացրեց նաև համավարակի դեմ պայքարի օրերին կատարված աշխատանքները, խոսեց կլինիկական և գիտական ոլորտներում համալսարանի կողմից արձանագրված հաջողությունների մասին:

Եզրափակելով հոգաբարձուների խորհրդի նիստը՝ ռեկտորը հոգաբարձուների խորհրդի նորընտիր նախագահին և անդամներին մաղթեց արդյունավետ աշխատանք:

Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ին, ՀՀ վարչապետի կողմից հաստատվել էր բուհերի հոգաբարձուների խորհրդի նոր կազմերը, այդ թվում՝ ԵՊԲՀ-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter