HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանն անտառների դեգրադացման գործընթացի հակադարձմանն ուղղված իրավական բարեփոխումներ է մեկնարկում

Օգոստոսի 13, 2020 թ., Երևան, Հայաստան – Այսօր ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունում  կայացած խորհրդակցական հանդիպման ժամանակ փորձագետները, ՀՀ կառավարության ներկայացուցիչները և այլ շահագրգիռ կողմեր քննարկեցին և վերանայեցին Հայաստանի՝ Անտառի ազգային նոր ծրագրի առաջին նախագիծը: Այս մասին տեղեկացնում է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն հաղորդակցության բաժինը։

ՀՀ կառավարության պահանջով ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության /ՊԳԿ/ կողմից իրականացվող ծրագրերից մեկն իր աջակցությունն է ցուցաբերել փաստաթղթի մշակմանը, որը նպատակ ունի մինչև 2050 թվականը Հայաստանի անտառածածկը ավելացնել առնվազն 20,1%-ով և, միևնույն ժամանակ, քաղաքականությունների բարենպաստ դաշտի ձևավորմամբ բարելավել ներկա անտառների վիճակը։  

«Անտառի ազգային նոր ծրագիրը կդառնա Հայաստանի՝ անտառների դեգրադացման գործընթացի հակադարձմանն ուղղված ջանքերի հիմնաքարը և կօգնի ապահովել անտառածածկի ավելացմանն առնչվող երկրի ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումը», - նշեց ՊԳԿ-ի անտառտնտեսության պատասխատու՝ Նորբերտ Ռինքլեր-Ռաթոնյին։

Վերջին տասնամյակում միջազգային կազմակերպությունների աջակցությամբ մշակվել են մի շարք քաղաքականությունների փաստաթղթեր, որոնք վերաբերում են անտառներին և դրանց կառավարմանը և նպատակ ունեին հետ շրջելու Հայաստանում անտառների դեգրադացման և գերօգտագործման միտումների անիվը։ Այս փաստաթղթերը ներառում են Անտառի ազգային քաղաքականությունը և ռազմավարությունը (2004 թ.), Անտառի ազգային ծրագիրը (2005 թ.), ինչպես նաև մի շարք ենթաօրենսդրական ակտեր և առնչվող փաստաթղթեր։

Այս նպատակին առաջնորդող աշխատանքները շարունակելու մտայնությամբ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը դիմել էր ՊԳԿ-ին՝ տրամադրելու տեխնիկական օժանդակություն և հասցեագրելու անտառի ազգային վերանայված քաղաքականություն ու ռազմավարություն ունենալու հրատապ անհրաժեշտությունը, ինչպես նաև վերանայելու Անտառի ազգային ծրագիրը։  

Ծրագիրը նպաստում է Հայաստանում անտառների կայուն կառավարմանն ուղղված միջոցառումների ձևավորմանը, որը համահունչ է կառավարության առաջնահերթություններին, ՊԳԿ-ի տարածաշրջանային և համաշխարհային նպատակներին, ինչպես նաև Կայուն զարգացման նպատակներին։ Հիմնական գործընկերը Հայաստանի Հանրապետության կառավարությունն է, մասնավորապես՝ շրջակա միջավայրի նախարարությունը և անտառտնտեսության ու համապատասխան ոլորտների պատասխանատու պետական մարմինները, ինչպես նաև բնապահպանության և բնական պաշարների կառավարման բնագավառում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունները։ 

Լուսանկարը՝ արխիվային

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter