Սեպտեմբերի 1-ից հնարավոր է վերականգնվի Ռուսաստանի և Հայաստանի միջև օդային հաղորդակցությունը
Սեպտեմբերի 1-ից հնարավոր է վերականգնվի Ռուսաստանի և Հայաստանի միջև օդային հաղորդակցությունը։ Այդ մասին հայտնում է «РИА Новости»-ն՝ հղում կատարելով Ռուսաստանի զբոսաշրջային գործակալների «Вестник АТОР» առցանց պարբերականի վրա։
Պարբերականի աղբյուրների տվյալներով՝ ավիաընկերությունները Ռուսաստանից կանոնավոր չվերթներ կսկսեն ԱՊՀ երկրներ, այդ թվում նաև Հայաստան, Ղազախստան, Տաջիկստան և Ղրղզստան։
Ինչպես նշում են մասնագետները, այդպիսի որոշման համար կան մի քանի հիմնավորումներ։ Առաջին հերթին Ռուսաստանում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը կայունացել է։ Բացի այդ, սեպտեմբերին երկրում նախատեսում են արտադրել COVID-19-ի պատվաստանյութը։ Համաճարակաբանական իրավիճակը կայունացել է նաև ԱՊՀ երկրներում։ Այս երկրները պատրաստվում են ձեռք բերել նաև ռուսական արտադրության պատվաստանյութը, որը նաև կօգնի Ռուսաստանի հետ հումանիտար և գործնական կապերի վերականգնմանը։
Միևնույն ժամանակ անհայտ է, թե երբ զբոսաշրջիկների համար կբացվի ռուս-բելառուսական սահմանը։ Նշվում է, որ «Belavia»-ն, մինչև օգոստոսի 21-ը, երկարաձգել է դեպի Ռուսաստան չվերթների չեղարկումը։
Կորոնավիրուսի համավարակի պատճառով Ռուսաստանը մարտի 27-ից դադարեցրել էր կանոնավոր և չարթերային ավիաթռիչքները դեպի այլ երկրներ։ Բացառություն էին կազմում միայն տարհանման նպատակով իրականացվող չվերթները, ինչպես նաև բեռնափոխադրման, փոստային, սանիտարական թռիչքները։ Այս պահի դրությամբ, Ռուսաստանը բացել է սահմանները Թուրքիայի, Մեծ Բրիտանիայի, Տանզանիայի և Շվեյցարիայի հետ։
Լուսանկարը՝ Maxim Shemetov/Reuters
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել