HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԲԵԼԱԶ-ի աշխատակիցները երթով անցել են գործարանի տարածքում՝ պահանջելով Լուկաշենկոյի հրաժարականը

Ժոդինո քաղաքում Բելառուսի խոշորագույն ավտոարտադրող գործարանի՝ ԲԵԼԱԶ-ի աշխատակիցները երթով անցել են գործարանի տարածքում՝ վանկարկելով «հեռացի՜ր»։ Բողոքող աշխատակիցների տեսագրությունները հրապարակվել են Տելեգրամի «Nexta Live» ընդդիմադիր ալիքում։

«Tut.by»-ը հայտնել է, որ ժամը 12:00-ին ձեռնարկության աշխատակիցները դուրս են եկել գլխավոր մուտքի մոտ, որպեսզի հանդիպեն ձեռնարկության ղեկավարության հետ։ Նրանք պահանջել են արդար ընտրություններ։ «Մարդիկ շատ են, դժվար է հստակ թիվ ասել։ Ղեկավարությունը դուրս է եկել հանդիպման, հիմա կխոսենք նրանց հետ»,- պարբերականին հայտնել է աշխատակիցներից մեկը։

«Nexta»-ն և Տելեգրամի մյուս ալիքները հայտնում են, որ ԲԵԼԱԶ-ի աշխատակիցները կազմակերպել են գործադուլ, սակայն ձեռնարկության ներկայացուցիչները պնդում են, որ վերջինս գործադուլ չէ, այլ հանդիպում աշխատանքային կոլեկտիվի հետ։ Գործարանի աշխատակիցները կոչ են արել սկսել համազգային գործադուլ։ Բացի այդ նրանք նաև պահանջել են, որ գործող իշխանությունները հրաժարական տան, իսկ քաղբանտարկյալները՝ ազատ արձակվեն։

Աշխատակիցներից մեկը «МБХ медиа»-ին հայտնել է, որ գործարանում դադարեցվել է աշխատանքը և աշխատակիցները դուրս են եկել փողոց։ Ընդ որում, ինչպես նշել է զրուցակիցը, գործարանի բաժիններից մեկի բանվորներին փակել են արտադրամասում, որպեսզի նրանք չմիանան ցուցարարներին։ 

Բելառուսի տարբեր ձեռնարկությունների աշխատակիցները բողոքում են նախագահական ընտրությունների դեմ, որի արդյունքում, հաղթել է գործող նախագահ, Բելառուսը 26 տարի կառավարող Ալեքսանդր Լուկաշենկոն։ Վերջին օրերին բողոքի ցույցերի են դուրս եկել Մինսկի էլեկտրոմեխանիկական և Բելառուսի մետալուրգիական գործարանների աշխատակիցները։ Գործադուլի են դուրս եկել նաև «Керамин», «Терразит», «Белмедпрепараты» ձեռնարկությունների, Բելառուսի պետական ֆիլհարմոնիայի աշխատակիցները և Գրոդնոյի մի քանի ձեռնարկություններ։

Լուսանկարը՝ yor2010 / VKontakte

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter