HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թաթուլ Հակոբյան

Հրանտ Բագրատյան. «Հայաստանը տնտեսական ցուցանիշներով հետ է ընկել Ադրբեջանից եւ Վրաստանից»

Նախկին վարչապետը կարծում է, որ 2008թ. Հայաստանում իշխանափոխություն է լինելու

Հայաստանի նախկին վարչապետ (1993-1996թթ.) Հրանտ Բագրատյանը դեկտեմբերի 8-ին լրագրողների «Ուրբաթ» ակումբում, վկայակոչելով մեր երկրի Կենտրոնական բանկի կայքէջի տվյալները, հայտարարեց, որ Հայաստանը տնտեսական ցուցանիշներով հետ է մնացել մեր հարեւաններ Ադրբեջանից եւ Վրաստանից:

«Անշուշտ, շատ ուրախալի է, որ երկիրը զարգանում է, բայց գնացեք բացեք Կենտրոնական բանկի կայքէջը, որտեղ կա Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի տնտեսությունների համեմատական վերլուծությունը վերջին 10 տարիներին: Գրված է, որ 1995թ. բոլոր ցուցանիշներով Հայաստանն առաջին տեղում էր: Այսօր Ադրբեջանում միջին աշխատավարձը 78 դոլար է, մեզ մոտ' 57: Վրաստանն էլ է անցել մեզանից: Մենք տարածաշրջանում սկսում ենք հետ մնալ»,-ասաց Բագրատյանը:

Նախկին վարչապետը նկատում է, որ այսօր Հայաստանը, մեծ հաշվով, տնտեսական հարաբերություններ չունի իր անմիջական հարեւանների հետ. «Այդպիսի բան աշխարհում համարյա թե չի լինում: Մենք պետք է հասկանանք, որ այս խնդրին պետք է լուծում տալ: Եթե չհաշվենք Իրանը եւ Վրաստանը, այն էլ փոքր չափով, մենք տնտեսական հարաբերություններ չունենք մեր հարեւանների հետ, մենք հարաբերություններ ունենք մեր հարեւանների հարեւանների հետ»:

Քանի որ մեր երկրի սահմանները, ըստ էության, փակ են, տնտեսության մենաշնորհացումն առավել ակնհայտ է: Ըստ Բագրատյանի' Հայաստանում իրադարձությունները ոչ թե իրադարձություններ են հանուն զարգացման, այլ իրադարձություններ' ուղղված առկա քաղաքական, տնտեսական եւ մշակութային ազդեցությունը վերաբաշխելու համար: «Քաղաքական դաշտը իշխանության եւ ընդդիմության համար արդեն չի բավարարում, այն միայն բավարարում է իշխանության ներսում պայքարի համար»,-ասում է նախկին վարչապետը:

Բացի այդ, Բագրատյանը կարեւորում է եւս մեկ՝ ոչ պակաս կարեւոր իրողություն. «Մենք պետք է հասկանանք, որ խնդիրը միայն տնտեսական քաղաքականությունը չէ կամ իշխանության տեսակն ու մարդը չէ: Անհնար է ունենալ լուրջ վերամշակող տնտեսություն' առանց մտածելու հարեւանների հետ կոոպերացված լինելու մասին: Մենք սա պետք է գիտակցենք: Մենք գիտենք, որ դրա գինը կապված է Ղարաբաղի խնդրի հետ: Տնտեսական զարգացումները, որոնք ցույց են տրվում, վերաբերում է սննդի արդյունաբերությանը, եւ դրա լիմիտը լավագույն դեպքում 2-3 միլիոն մարդ կերակրելն է: Դրանից հետո զարգացում չկա: Մենք հայերով, այստեղ' մեկ-երկու միլիոնով, մեր երշիկի արտադրամասերով, մեր մի քանի փոքրիկ պանրի ցեխերով, էդ երշիկն ու պանիրը արտադրում ենք ու մի ձեւի բաժանում ենք իրար մեջ»:

Նախկին վարչապետի հաշվարկներով՝ Հայաստանում շուրջ 45 ընտանիք վերահսկում է երկրի համախառն ներքին արդյունքի 50 տոկոսից ավելին:

«Մեր քաղաքական, աշխարհաքաղաքական համակարգը բախվել է իր լիմիտի հետ, իր զարգացման լիմիտի հետ»,-ասաց նա: Բագրատյանը կարծում է, որ 2007թ. խորհրդարանական ընտրություններում պայքարը գնալու է իշխանական ուժերի միջեւ, իսկ 2008թ. նախագահական ընտրություններում իշխանափոխություն է լինելու:

Նախկին վարչապետը քննադատում է գործող իշխանությունների հատկապես արտաքին քաղաքականությունը՝ որոշ քայլեր համարելով արկածախնդրություն: Հրանտ Բագրատյանի կարծիքով՝ իշխանությունները սխալ քաղաքականություն են վարում եւ՛ Ադրբեջանի, եւ՛ Թուրքիայի դեպքում:

«Չի՛ կարելի խանգարել Թուրքիային Եվրամիություն մտնելու հարցում, այլ պետք է օժանդակել, չի՛ կարելի կրակի վրա յուղ լցնել: Ինչո՞ւ ենք Թուրքիային ասում' մի՛ գնա Արեւմուտք: Այլ գա Արեւելք' մեզ վրա՞: Ինչու՞ ենք սրում առանց այն էլ բարդ հարաբերությունները: Չունենք Թուրքիայի, Արեւմտյան Հայաստանի հարց, դրանք արկածախնդրություններ են: Մենք ունենք մի հարց' Ղարաբաղը»,- ասաց նա:

Բագրատյանի կարծիքով' Բաքվի հետ հարցերը արագ կարգավորելու համար պետք էր բնակեցնել ազատագրված տարածքները, այդ դեպքում Իլհամ Ալիեւը ստիպված կլիներ մի լուծում գտնել. «Իսկ հիմա մենք նման ենք մեկին, ով մի բնակարան է գնել, բայց ո՛չ ապրում է, ո՛չ էլ վարձով տալիս, հակառակ կողմն էլ ասում է, թե ինքն այդ բնակարանի կարիքն ունի: Հունգարացին, ֆրանսիացին լսում է եւ ասում' երկրորդն (Ադրբեջան) է ճիշտ»:

Նախկին վարչապետը հիշեցրեց, որ իր վարչապետության օրոք մեկ տարվա ընթացքում Լաչին է տեղափոխվել 10 000 մարդ, բացվել է բանկի մասնաճյուղ, փոքրիկ արտադրամասեր, մինչդեռ այսօր այնտեղի բնակիչների քանակը նվազում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter