HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Տիխանովսկայան կոչ է արել Բելառուսի քաղաքապետներին կազմակերպել բողոքի ցույցեր

Բելառուսի նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան իր նոր տեսաուղերձում կոչ է արել Բելառուսի քաղաքների քաղաքապետներին օգոստոսի 15-ին և 16-ին կազմակերպել խաղաղ բողոքի ցույցեր և պահանջել դադարեցնել բռնության գործադրումը ուժային մարմինների կողմից։ Տեսաուղերձը հրապարակվել է Youtube-ի Стана для жизни ալիքում։

«Մենք պետք է կանգնեցնենք Բելառուսի քաղաքների փողոցներում բռնության դրսևորումները։ Ես կոչ եմ անում իշխանությանը դադարեցնել այդ և երկխոսության գնալ։ Ես բոլոր քաղաքների քաղաքապետներին խնդրում եմ իրենց քաղաքներում հանդես գալ զանգվածային խաղաղ ցույցերի նախաձեռնողի դերում»,-հայտնել է Տիխանովսկայան։

Նա ուշադրությունը կենտրոնացրել է այն հանգամանքի վրա, որ վերջին օրերին Բելառուսում առավել հաճախ են իրականացվում «համերաշխության շղթա» ֆորմատով բողոքի ակցիաները։ «Նրանք ողջ աշխարհին ցույց են տալիս, որ մենք՝ բելառուսներս, բաց և ազնիվ մարդիկ ենք ու մենք դեմ ենք բռնությանը»,- նշել է Տիխանովսկայան։ Նա նաև շնորհակալություն է հայտնել բոլոր այն ձեռնարկությունների աշխատակիցներին, որոնք ի նշան նախագահական ընտրությունների նկատմամբ բողոքի, գործադուլի են դուրս եկել։

Խոսելով ընտրությունների արդյունքների մասին՝ Տիխանովսկայան ընդգծել է, որ Բելառուսում չեն հավատում ԿԸՀ հրապարակած տվյալներին։ Ըստ Բելառուսի ԿԸՀ տվյալների՝ Լուկաշենկոն հավաքել էր ձայների շուրջ 80 %-ը, իսկ Տիխանովսկայան՝ մոտ 10 %-ը։ «Մեր՝ բարեփոխումների կողմնակիցների թիվը մեծ է։ Դրանք ունեն փաստաթղթային հիմք՝ քաղվածքների պատճենները։ Այնտեղ, որտեղ ընտրական հանձնաժողովը արդար հաշվարկ է իրականացրել, ինձ վստահված աջակցությունը կազմել է 60-70 %։ Բելառուսները այլևս երբեք չեն ցանկանա ապրել նախորդ իշխանության օրոք։ Նրա  [Լուկաշենկոյի] հաղթանակին ոչ մեկ չի հավատում»,- ԿԸՀ տվյալները մեկնաբանել է Տիխանովսկայան։ 

Սա վերջին մի քանի օրերին բելառուսներին ուղղված Տիխանովսկայայի երրորդ տեսաուղերձն է։ Առաջինն արվել էր օգոստոսի 11-ին, որից հետո պարզ դարձավ, որ նա լքել է Բելառուսը և գտնվում է Լիտվայում։ «Ես կարծում էի, որ այս արշավն ինձ ավելի ամուր է դարձրել և ես ամեն ինչ կկարողանամ տանել։ Բայց ես մնացել եմ այն նույն թույլ կինը, որն ի սկզբանե կայի։ Ես ինձ համար շատ ծանր որոշում եմ ընդունել և այն բացարձակապես ինքնուրույն եմ կայացրել։ Աստված չտա, որ Դուք կանգնեք այնպիսի ընտրության առաջ, որի առաջ կանգնել եմ ես։ Այդ իսկ պատճառով մարդիկ, պինդ պահեք ձեզ, խնդրում եմ։ Որևէ կյանք չարժե այն ամենին, ինչ կատարվում է։ Երեխաները մեր կյանքում ամենակարևորն են»,- տեսաուղերձում նշել էր Տիխանովսկայան։

Նրա վստահված անձ Օլգա Կովալկովան հայտնել է, որ Տիխանովսկայային Լիտվա են տեղափոխել Բելառուսի իշխանությունները։ «Նրա մեկնումը հնարավորություն է տվել ազատել շտաբի ղեկավար Մարիա Մորոզին»,- նշել է նա։

Շուտով հրապարակվել է երկրորդ տեսաուղերձը, որտեղ գլխիկոր Տիխանովսկայան, թղթից կարդում է տեքստը։ Տեսաուղերձում նա շնորհակալություն է հայտնում Բելառուսի քաղաքացիներին՝ նախագահական ընտրություններին մասնակցելու համար, ինչպես նաև կոչ անում հայրենակիցներին դիմադրություն չցուցաբերել ոստիկանությանը, որպեսզի վտանգի չենթարկվեն։ Տիխանովսկայայի հայրենակից Մարիա Կոլեսնիկովան РБК-ին հայտնել է, որ այդ տեսանյութը նկարահանվել է Բելառուսի ԿԸՀ շենքում՝ Լիտվա մեկնելուց անմիջապես առաջ, որտեղ նախագահի թեկնածուին պահել էին մի քանի ժամ։

Ի սկզբանե ընտրություններին ցանկանում էր մասնակցել Սվետլանա Տիխանովսկայայի ամուսինը՝ Սերգեյը, որը Բելառուսում հայտնի բլոգեր է։ Սակայն մայիսի վերջին նա ձերբակալվել է, իսկ ավելի ուշ հարուցվել է քրեական գործ։ Սերգեյ Տիխանովսկու փոխարեն նախագահի թեկնածու առաջադրվեց կինը։ Նա խոստացել էր, որ ընտրվելու պարագայում կկազմակերպի նախագահական նոր արդար ընտրություններ, որին կկարողանան մասնակցել բոլոր այն թեկնածուները, որոնց թեկնածությունը չեն գրանցել գործող իշխանությունները։

Լուսանկարը՝ Страна для жизни ալիքում հրապարակված տեսանյութի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter