
Առցանց քննարկվեցին համավարակի պայմաններում քվեարկության կազմակերպման հարցերը
Ընտրական օրենսգրքի վերաբերյալ հանրային քննարկումները վերսկսվել են: Քննարկումները նախաձեռնում է ընտրական բարեփոխումների խորհրդարանական աշխատանքային խումբը, սակայն թեմատիկ մի քանի հատվածներ տարբեր կազմակերպությունների միջոցով են մշակվում: Օգոստոսի 14-ին առցանց քննարկմամբ անդրադարձ եղավ համավարակի պայմաններում քվեարկության կազմակերպման հատուկ միջոցառումներին: Քննարկման բանախոսն էր Ընտրական համակարգերի միջազգային հաստատության հայաստանյան մասնաճյուղի (IFES) ներկայացուցիչ Աղասի Եսայանը:
Համավարակի պատճառով աշխարհի 70 երկրներում չեղարկվել կամ հետաձգվել են ընտրություններ: Դրանք կայացել են շուրջ երկու տասնյակ երկրներում, սակայն որևէ տեղ ընտրատեղամասերում ֆիզիկապես քվեարկելու հնարավորությունը չի վերացվել:
Ընտրատեղամասերում հերթերի կարգավորման համար նպատակահարմար է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընդունի լրացուցիչ կարգավորումներ, քանի որ Ընտրական օրենսգրքով պարտադիր նախապայման է, որ քվեասենյակում լինի առնվազն 15 անձ: Որպես լուծում է առաջարկվում այն, որ համավարակի հետևանքով արտակարգ դրության պայմաններում ԿԸՀ-ն կարողանա սահմանել տեղամասային կենտրոնների ձևավորման, քվեարկության սենյակի կահավորման, քվեարկության ընթացակարգերի և այլ հարցերի վերաբերյալ լրացուցիչ կարգավորումներ:
Առաջարկվում է նախատեսել ճկուն ընտրություններ` մայիսից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում, որպեսզի եղանակային պայմանները նպաստավոր չլինեն վիրուսի տարածման տեսանկյունից: Քանի որ քաղաքական գործիչները հիվանդության տարածման տեսանկյունից ռիսկի գոտում են (շփման շրջանակը մեծ է), վիրուսի տարածման, կանխարգելման նպատակով առաջարկվում է թեկնածուների կամ ընտրական ցուցակների գրանցման թվայնացնում, ընդ որում` հնարավորության ընձեռում, որ թեկնածուները անհրաժեշտ փաստաթղթերը համապատասխան մարմիններից էլեկտրոնային եղանակով ստանան:
Ընտրական հանձնաժողովի անդամի նշանակման համար առաջարկվում է պարտադիր նախապայման դիտարկել Covid-19-ի բացասական թեստի առկայությունը կամ բուժման մասին հավաստող փաստաթուղթ, ինչպես նաև բացառել հանձնաժողովում 60+ և քրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց ներգրավումը: Հանձնաժողովի անդամներին պետք է հատկացվեն ավելի բարձր պաշտպանության որակի դիմակներ, ձեռնոցներ, դիմավահան, ախտահանող նյութերի և այլ պաշտպանիչ նյութեր:
Կուտակումներից խուսափելու համար առաջարկվում է ավելացնել տեղամասային կենտրոնների թիվը: Քվեարկության առաջին երկու ժամերը պետք է նախատեսել բարձր ռիսկային տարիքում գտնվող անձանց համար, իսկ քվեարկության վերջին ժամն այն ընտրողների համար, ովքեր ունեցել են ջերմություն: Մյուս առաջարկն այն է, որ ընտրողն ինքը գրանցվի նույականացման քարտը տեղադրելով սարքում:
Աշխատանքային խմբի ղեկավար, պատգամավոր Համազասպ Դանիելյանը հիշեցրեց, որ 2021-ին ՏԻՄ ընտրություններ են սպասվում, հետևաբար մինչ այդ պետք է հասկանալ ինչ կանխարգելիչ միջոցառումեր կարելի է ամրագրել օրենսդրության մեջ: Պատգամավորի համար խնդրահարույց էր ընտրողների` նույնականացման քարտերով գրանցման կարգի առաջարկը, քանի որ բնակչության միայն մի մասն է, որ ունի նույնականացման քարտ:
Աղասի Եսայանն արձագանքեց, որ ենթադրվում է նույնականացման քարտերը միջնաժամկետ լուծվելիք հարցեր են, և որոշակի ջանքեր ներդնելու դեպքում մինչ 2023 թվականը` հաջորդ համապետական ընտրություններ, հնարավոր է ամբողջությամբ անցնել նույնականացման քարտերի: Բանախոսը նաև ընդգծեց, որ սա լավ առիթ է ընտրողների ցուցակը վերանայելու և ճշգրտելու համար:
ԿԸՀ ներկայացուցիչ Արմեն Սմբատյանն ասաց, որ ներկայացված առաջարկներից շատերն իրագործելու համար անհրաժեշտ են օրենսդրական կարգավորումներ: Սմբատյանն անդրադարձավ այն առաջարկին, որ ջերմություն ունեցող անձինք պետք է գան քվեարկության վերջին ժամին` հետաքրքրվելով, եթե վերջիններս մերժեն, ինչ է անելու ընտրական հանձնաժողովը: Սմբատյանն ընդգծեց` գործող օրենսդրությամբ այն համարվում է քվեարկության խոչընդոտում, որը քրեական պատասխանատվություն է ենթադրում:
Սմբատյանը կարևորեց նման քննարկումները` հուսալով, որ այն հնարավորինս կբարելավի հակահամաճարակային իրավիճակը ընտրությունների ժամանակ:
Մյուս առցանց քննարկումը կլինի օգոստոսի 18-ին:
Մեկնաբանել