HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հույն-թուրքական լարում Միջերկրական ծովում. ինչ է կատարվում Կիպրոսի արևմուտքում

Միջերկրական ծովում հույն-թուրքական լարվածության ֆոնին Եվրամիության արտաքին գործերի նախարարները անցկացնում են արտահերթ խորհրդակցություն։ Այդ մասին գրում է «BBC»-ն։ Օգոստոսի 14-ին Թուրքիան մի քանի անգամ Ֆրանսիային մեղադրել է ռազմական ուժի միջոցով իր վրա ճնշում գործադրելու փորձերի մեջ։ «Ֆրանսիան ավելի լավ է խուսափի նման քայլերից, որոնք կարող են հանգեցնել իրադրության սրմանը»,- Շվեյցարիա կատարած այցի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն։ Նա հավելել է, որ Ֆրանսիան, խաղալով բազուկների հետ, ոչնչի չի հասնի ո՛չ Լիբիայում, ո՛չ Սիրիայում, ո՛չ Իրաքում, ո՛չ էլ Միջերկրական ծովում։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նույնպես խոսել է Եվրոպայի հնարավոր ճնշումների մասին՝ հայտարարել, ով իր երկիրը կպատասխանի նույնիսկ ամենաաննշան հարձակման պարագայում։ 

Իսկ ինչի՞ց է սկսվել այս լարումը։ Պատասխանը պարզ է. ընդամենը թուրքական մեկ նավից։ Ներկայիս լարվածությունը Միջերկրական ծովում նավթի և գազի պաշարների պատկանելիության հիմնախնդրի նոր սրումն է։ Թուրքիան առաջին անգամը չէ, որ հետախուզություն է իրականացնում մայրցամաքային ծանծաղուտներից մեկում, որը Հունաստանը համարում է իրենը։ 

Վերջին տարիներին Կիպրոսից ոչ շատ հեռու մայրցամաքային ծանծաղուտներում հայտնաբերվել են ածխաջրածնի հարուստ պաշարներ։ Կիպրոսը, Հունաստանը, Իսրայելը և Եգիպտոսը որոշել են համագործակցել նավթի և գազի արդյունահանման հարցում։ Համաձայն այդ համագործակցության՝ նավթն ու գազը Եվրոպա պետք է արտահանվի 2000 կիլոմետր երկարություն ունեցող խողովակաշարի միջոցով, որն անցնում է Միջերկրական ծովի հատակով։ 

Նախորդ տարի Թուրքիան Կիպրոսի ափերի մոտ սկսել է ավելացնել ածխաջրածնի արդյունահանումը։ Բացի այդ, Նախորդ տարվա նոյեմբերին Թուրքիան և Լիբիան կնքել էին ծովային սահմանների դելիմիտացիայի համաձայնագիր։ Հիմնվելով դրա վրա Թուրքիան իր բացարձակ տնտեսական գոտի է համարում Արևելյան Միջերկրականի գրեթե ողջ տարածքը։ Մայիսին Անկարան հայտարարել է, որ նախատեսում է Կիպրոսից արևմուտք ընկած մի քանի շրջաններում սկսել ածխաջրածնի արդյունահանումը, ինչն անընդունելի են համարում Հունաստանը, Միջերկրական ծովում նրա գործընկերները և Կիպրոսը։

Թուրքական կառավարությունը մի շարք ընկերությունների տվել է լիցենզիա Արևելյան Միջերկրականում, ներառյալ Կրետե կղզու և Կիպրոսի մայրցամաքային ծանծաղուտներում, ածխաջրածնի արդյունահանմամբ զբաղվելու համար։ Փոխնախագահ Ֆուաթ Օքթայը հուլիսին հայտարարել է, որ Թուրքիան նախատեսում է պաշտպանել իր շահերը։ Ի պատասպան Հունաստանը և Եգիպտոսը ստեղծել են իրենց բացառիկ տնտեսական գոտին։ Համապատասխան համաձայնագիրը ստորագրվել է օգոստոսի 9-ին։ Հունաստանը հայտարարել է, որ այդ համաձայնագիրը չեղարկում է Թուրքիայի և Լիբիայի գործարքը։

Դրանից հետո թուրքական «Օրուչ Ռեիս» երկրահետախուզական նավը, հինգ ռազմանավերի ուղեկցությամբ, օգոստոսի 10-ին դուրս է եկել վիճելի շրջան։ Հունական նավատորմն անմիջապես սկսել է ուղեկցել խմբին։ 

Օգոստոսի 13-ին գործին խառնվել է Ֆրանսիան։ Նախագահ Էմանուել Մակրոնը սկզբում Թուրքիային կոչ է արել դադարեցնել հետախուզությունը, այնուհետ հայտարարել, որ ֆրանսիական «Ռաֆալ» տեսակի երկու կործանիչները և «Լաֆայետ» տիպի մեկ ռազմանավը, որոնք ավելի վաղ ժամանել էին տարածաշրջան զորավարժությունների մասնակցելու համար, կմնան այնտեղ։

Մակրոնը Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին վստահեցրել է, որ ֆրանսիական զինծառայողները աչալրջությամբ կհետևեն տարածաշրջանում առկա իրավիճակին։ Արդեն օգոստոսի 13-ի առավոտյան ֆրանսիական նավերը, հունական նավատորմի հետ միասին, Կրետե կղզու ոչ շատ հեռու մասնակցել են միացյալ զորավարժություններին։ Հունաստանի վարչապետը թվիթերյան իր միկրոբլոգում գրել է, որ Էմանուել Մակրոնը Հունաստանի իսկական ընկերն է և եվրոպական արժեքների պաշտպան։

Մակրոնը նաև հայտարարել է, որ այս հարցում Ֆրանսիան կհամագործակցի եվրոպական մյուս գործընկերների հետ։ Միևնույն ժամանակ նա կոչ է արել Թուրքիային, որպես ՆԱՏՕ-ի անդամ, նստել երկխոսության։ «Լարվածության աճը պետք է ավարտվի։ ՆԱՏՕ-ի անդամ հարևանները և դաշնակիցները պետք է հանգիստ երկխոսություն վարեն»,- հունարենով գրել է նա։

Թուրքիայի նախագահը սկզբում շատ բուռն է արձագանքել իրավիճակին, սակայն ավելի ուշ փոխել է հռետորաբանությունը։ Անուններ չտալով Էրդողանը նշել է, որ Հունաստանին սխալ քայլերի է դրդում մի պետություն, որը նույնիսկ մուտք չունի Միջերկրական ծով։ Սակայն մի քանի ժամ անց, հեռախոսազրույց ունենալով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, պաշտոնական Անկարան տարածել է ավելի մեղմ հայտարարություն, որտեղ նշվում էր, որ հիմնվելով միջազգային իրավունքի հիմնադրույթների վրա, Թուրքիան պատրաստ է փոխզիջումների և երկխոսության։

Օգոստոսի 13-ին Հունաստանին իր աջակցությունը ևս մեկ անգամ հայտնել է Իսրայելը։ Այդ մասին հայտարարել է Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը՝ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի և ԱԳՆ ղեկավար Գաբի Աշքենազիի հետ հանդիպումից հետո։ «Ես իմ իսրայելցի գործընկերներին հասկացնել տվեցի, որ Թուրքիայի կողմից խախտումները լուրջ վտանգ են հանդիսանում տարածաշրջանի բոլոր պետությունների համար»,- հայտարարել է նա։

Marinetraffic.com կայքի տվյակներով՝ թուրքական երկրահետախուզական նավը նախկինի պես գտնվում է հետախուզման գոտում, որը գտնվում է Կիպրոսից արևմուտք։ Ավելի վաղ թուրքական իշխանությունները հայտարարել էին, որ նրա առաքելությունը կտևի երկու շաբաթ։

Լուսանկարը՝ «AFP»-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter